Ուղիղ եթեր
Բնակարան, մեքենաներ, ավանդներ, 142․9 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
copy image url

Բնակարան, մեքենաներ, ավանդներ, 142․9 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը

Հայտարարագիր 1 օր առաջ - 22:00 11-06-2025

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը ուսումնասիրում և իր ընթերցողների դատին է հանձնում Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Նիկոլ Փաշինյանի, նրա քաղաքացիական կնոջ՝ Աննա Հակոբյանի, ինչպես նաև վերջիններիս չափահաս դստեր՝ Մարիամ Փաշինյանի՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։ Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի մյուս չափահաս զավակը՝ Աշոտ Փաշինյանը հայտարարագիր չի ներկայացրել, ավելին՝ ըստ վերջինիս ծնողների հայտարարագրերի՝ նա այլևս ընտանիքի հետ համատեղ չի բնակվում։

2018 թվականի մայիսից Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա նման շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։ Նա հաշվետու տարում 90 օրից ավելի տիրապետում է Երևանում գտնվող մի առաձնատան, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։

Փաշինյանն «Իջեւանատուն» ՓԲԸ-ում ունեցել է 49 մլն 350․000 դրամ փոխառություն, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ Բացի այդ, նա առևտրային բանկերից մեկում տարեսկզբին ունեցել է 3 մլն 426 հազար դրամ ավանդ, տարեվերջին՝ 726․900 դրամ։

Կառավարության ղեկավարի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 831․326,5 դրամ և 1․27 դոլար, տարեվերջին՝ 477․095,4 դրամ և 1․27 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 950 հազար դրամ 800 դոլար, տարվերջին՝ 700 հազար դրամ և 500 դոլար։

2024 թվականի հաշվետու տարում Փաշինյանի եկամուտները կազմել են 80 մլն 235․230,03 դրամ, որից 17 մլն 68․247 դրամը նրա աշխատավարձն է, 6 մլն դրամը՝ Աննա Հակոբյանից ստացած նվիրատվությունը, 354․940 դրամը՝ Հայէկոնոմբանկին տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը, իսկ մնացած 44 մլն 415․000, 11 մլն 667․043,03 և 730 հազար դրամը համապատասխանաբար Ամերիա բանկից, Հայէկոնոմբանկից և Ակբա բանկից վարկերի տեսքով ստացած փոխառությունները։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 48 մլն 540․227,88 դրամ։

Նիկոլ Փաշինյանն իր եկամուտներից 5 մլն 212․643 դրամ հատկացրել է հանգստի համար կատարվող ծախսերին։

Փաշինյանի քաղաքացիական կինը՝ Աննա Հակոբյանը, որպես անշարժ գույք՝ հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ մի բնակարան՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում (3-րդ մասի բնակարանը), որը ձեռք էր բերել դեռ 2005 թվականի փետրվարի 1-ին, ինչպես նաև բաժնային՝ 4/9 սեփականությամբ մի բնակարան՝ Երևանում, որը ժառանգություն է ստացել 2006 թվականի մայիսի 24-ին։

2024 թվականի փետրվարի 29-ին Աննա Հակոբյանը 45 մլն 500 հազար դրամով վաճառել է իրենց 3-րդ մասի բնակարանը՝ ոմն Մարինա Ռուդսի։ Վերջինս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ, համենայնդեպս ընտրողների ռեգիստրում մեզ չհաջողվեց նրա տվյալները գտնել։

Որպես շարժական գույք՝ Աննա Հակոբյանը հայտարարագրել է 3 ավտոմեքենա՝ 2008 թվականի արտադրության NISSAN, 2006 թվականի արտադրության RENAULT և 2004 թվականի արտադրության VAZ։ Երեք ավտոմեքենան էլ տարեվերջին պահպանվել են։

Հակոբյանը 25 հազար դրամի արժեթղթեր է հայտարարագրել, որոնք ձեռք է բերել դեռևս 2009 թվականին, իսկ գործարքի մյուս կողմը Շողեր Հրանտի Մարտիրոսյանն է։

Նա նույնպես «Իջեւանատուն» ՓԲԸ-ում ունեցել է 49 մլն 350․000 դրամ փոխառություն, որը տարեվերջին նույնությամբ պահպանվել է։ Բացի այդ, նա տարեվերջի դրությամբ ունեցել է 10 մլն դրամ և 40 հազար դոլար անվանական արժեքով 2 ավանդ։

Աննա Հակոբյանի բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, իսկ տարվերջին դրանցում եղել է 3 մլն 622․308 դրամ։ Կանխիկ միջոցներ ևս Փաշինյանի քաղաքացիական կինը տարեսկզբին չի հայտարարագրել, իսկ տարեվերջին դրանք կազմել են 650 հազար դրամ և 8500 դոլար։

2024 թվականին Աննա Հակոբյանի եկամուտները կազմել են 105 մլն 876․371 դրամ, որից 44 մլն 415․000 դրամը Ամերիաբանկից վարկի տեսքով ստացած փոխառությունն է, 13 մլն 259․798 դրամը «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամից, 2 մլն 500 հազար դրամը՝ «Դարեսկիզբ» ՓԲԸ-ից՝ Հայկական ժամանակ օրաթերթից ստացած աշխատավարձն է, 45 մլն 500 հազար դրամը՝ 3-րդ մասի բնակարանը վաճառելուց դիմաց ստացած եկամուտը, 201․573 դրամն էլ՝ Ֆինանսների նախարարությունից ստացած այլ եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 44 մլն 415 հազար դրամ։

Մարիամ Փաշինյանը շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել։

Նրա բանկային հաշիվներին տարեսկզբին եղել 0․07 դրամ, տարեվերջին՝ 26․500 դրամ։ Կանխիկ միջոցներ ևս նա չի հայտարարագրել։

Ի տարբերություն նախորդ տարվա, երբ նա ավելի քան 11 մլն եկամուտ էր ունեցել, 2024-ին նրա եկամուտները կազմել են 1 մլն 244․023 դրամ, որից 950 հազար դրամը՝ «Սթեփ Քընսալթինգ» ՍՊԸ-ից ստացած աշխատավարձն է, իսկ մնացած 294․023 դրամը Ամերիա բանկից վարկերի տեսքով ստացած փոխառությունն է։

Փաշինյանների ընտանիքի 2023 թվականի ունեցվածքին կարող եք ծանոթանալ այստեղ․ Միլիոնատեր դուստրն ու չունևոր որդին․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը