Փաշինյանը Վեհափառի հրաժարակա՞նն է պահանջում, «ախրանիկներով» այց ԵՊՀ, Վանեցյանի հայտը․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 2 օր առաջ - 21:15 02-06-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է հունիսի 2-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով, որ եթե պարզվի, որ Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, ապա նա չի կարող լինել Ամենայն Հայոց Կաթողիկոս։ «Սա արձանագրում եմ ամենայն հարգանքով բոլորի անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության իրավունքի նկատմամբ, բայց Ամենայն Հայոց Կաթողիկոսը չի կարող ունենալ այսպիսի անձնական կյանք։ Խնդիրը բարձրացնում եմ որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, որովհետեւ տեսնում եմ հոգեւոր անվտանգության խնդիր, ասում եմ նաեւ որպես ՀՀ վարչապետ, որովհետեւ տեսնում եմ պետական անվտանգության խնդիր։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պիտի դիրքավորվի այս իրավիճակի նկատմամբ, ինչից հետո կիրականացվի հարցի հետագա պարզաբանում»։ Փաշինյանի այս գրառումից հետո հանրային տիրույթում կրկին աժիոտաժ է ստեղծվել, և քաղաքացիների շրջանում հարց է առաջանում՝ փաստացի Նիկոլ Փաշինյանը Վեհափառի հրաժարակա՞նն է պահանջում։

Նիկոլ Փաշինյանն այսօր ժամանել է Երևանի պետական համալսարան։ Մայր բուհում, նա հանդիպում է ունեցել դասախոսների և ուսանողների հետ։ Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Փաշինյանի այցին ընդառաջ ԵՊՀ-ում հսկողությունն ուժեղացվել է։ Ֆակուլտետների բոլոր հարկերում անվտանգության աշխատակիցներ կային, իսկ ԵՊՀ-ի բակում էլ ամեն քայլափոխի ոստիկաններ էին։ Ուշագրավ է նաև, որ Փաշինյանը ԵՊՀ բակ մուտք է գործել ավտոշարասյունով։ Տեղին է հիշել նախքան իշխանափոխություն ԵՊՀ-ում աշխատող, իսկ այժմ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեսակետը այս հարցում։ Նախքան 2018-ը Արայիկ Հարությունյանը անընդհատ դժգոհում էր, որ Սերժ Սարգսյանն այն ժամանակ ԵՊՀ-ի բակ մտնում էր ավտոշարասյունով, լուսանկարում էր, հրապարակում համացանցում, քննադատում։ Դրան բարի աչքով չէր նայում նաև ԵՊՀ ներկայիս ՔՊ-ական ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Առ այս պահը վերջիններս չեն համարձակվել այս կապակցությամբ դժգոհություն հայտնել ու քննադատել իրենց քաղաքական առաջնորդին։

Կառավարության ղեկավարի որոշմամբ՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղեկալ, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից: Նա այս պաշտոնում նշանակվել էր 2023 թվականի հունվարի 9-ին, իսկ նախքան դա Արամ Հովհաննիսյանը 2020-2023 թվականներին զբաղեցրել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը: Մամուլը գրում է, որ Արամ Հովհաննիսյանին կփոխարինի Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը։ Նա այսօր հրաժարական է տվել՝ հայտնելով, որ դադարեցնում է իր քաղաքական և կուսակցական գործունեությունը։ «Այս որոշումը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելու հանգամանքով, որի վերաբերյալ պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում հանդես կգան իրավասու մարմինները»,- ասել է նա։

Գորիսում բացվել է Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակը։ Բացման արարողությանը մասնակցում էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու Ֆրանսիայի պատվո հյուպատոս Կարմեն Ափունցը: Հենց նրանք էլ կտրեցին տոնական ժապավենը։ Հիշեցնենք, որ Երևանում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ֆրանսիան Սյունիքի մարզի Գորիս քաղաքում հյուպատոսական գործակալություն կբացի։

Մանրամասները՝ տեսանյութում: