Ուղիղ եթեր
 Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների և Եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով և սպառնալիք՝ հայոց պետականությանը
copy image url

 Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների և Եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով և սպառնալիք՝ հայոց պետականությանը

Ներքին 1 օր առաջ - 20:43 02-06-2025
Հունիսի 2-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով, որին մասնակցում էին եպիսկոպոսներ և թեմակալ առաջնորդներ Հայաստանից ու սփյուռքից։

Ժողովում քննարկվեցին հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, եկեղեցի-պետություն հարաբերություններին և հասարակությանը հուզող մի շարք հիմնախնդիրներին առնչված հարցեր։

Մասնավոր անդրադարձ կատարվեց վարչապետի կողմից վերջին օրերին հրահրված հակաեկեղեցական ամոթալի արշավին: Այս կապակցությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետը պետական այրին անհարիր բառապաշարով, վիրավորանքներով և մեղադրանքներով հերթական արշավն է սկսել ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ օրենքից վեր դասելով իր անձը։

Հայհոյախառն, անվայել խոսույթներով հախուռն հրապարակումները զուրկ են բարեկրթության տարրական նորմերից, ոտնահարում են մարդու հիմնարար իրավունքները, կոպտորեն վիրավորում հավատացյալների կրոնական զգացմունքները և սքողվում կեղծ սրտացավության հիմնավորումներով։

Եկեղեցամարտ այս կեցվածքը ակնհայտորեն թելադրված է քաղաքական նպատակներով և փորձ է նսեմացնելու ազգային կյանքում և միջազգային շրջանակներում հարգանք վայելող Հայոց Եկեղեցու և եկեղեցականաց հեղինակությունը, լռեցնելու Եկեղեցու ձայնը և նվազեցնելու նրա հանրային ազդեցությունը։

Կառավարության ղեկավարի հակաեկեղեցական պահվածքը, ազգային արժեքների և Եկեղեցու դեմ նախաձեռնած գործընթացները հղի են կործանարար հետևանքներով և սպառնալիք՝ հայոց պետականությանը, մեր ժողովրդի միաբանությանը թե՛ հայրենիքում և թե՛ սփյուռքում։ Այսպիսի գործողությունները պառակտում են հասարակությունը, տկարացնում են ազգի ոգին և հայրենանվիրումի բարձր գիտակցությունը հատկապես առկա մարտահրավերների պայմաններում։ Նման դատապարտելի ձեռնարկումները սպասարկում են արտաքին հայատյաց ուժերի նկրտումները՝ որոշակիորեն կապակցվելով ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից հայ ժողովրդին և Հայ Եկեղեցուն ուղղված զրպարտությունների և կեղծ մեղադրանքների հետ։

Հայոց Եկեղեցին, գիտակից իր հանձնառություններին, անշեղորեն շարունակելու է հոգեփրկչական և ազգապահպան առաքելությունը՝ ընդդիմանալով ազգավնաս ու կործանարար ընթացքներին և մշտապես հետամուտ լինելով պետության ու ազգի գերակա շահերի, մեր սրբազան արժեքների պաշտպանությանը։
Եկեղեցու հարցերը լուծվում են եկեղեցական կարգերի ու կանոնների համաձայն և դուրս են պետական և քաղաքական գործիչների իրավասությունից։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեկ ամբողջություն է իր հավատացյալ զավակներով և զինվորագրյալ հոգևորականներով՝ ի գլուխ ունենալով ազգընտիր Ամենայն Հայոց Հայրապետին։ Կոչ ենք ուղղում իրավասու պետական մարմիններին՝ կասեցնել վարչապետի այս անօրինական և անհեռատես քաղաքականությունը։

Հարկ չկա Եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ և մղելու հակադարձման գործողությունների։
Այս նոր փորձության հանդիման հորդորում ենք մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին լինել միաբան ու միասնական, առ հայրենին և Սուրբ Եկեղեցին հավատարմությամբ ու զորեղ հավատքով հաղթահարել մեր ժողովրդի առջև ծառացած բոլոր մարտահրավերները և երբեք թույլ չտալ մեր ազգային հիմնասյուների սասանումը: Թող այս մերժելի մեքենայությունները պատճառ չդառնան հիասթափության և գայթակղության։

Աղոթում ենք առ Փրկիչ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ վնասաբեր երևույթներով չխաթարվի հայրենական կյանքը, և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը ապրի խաղաղության, բարօրության և առաջընթացի մեջ։ Թող Տերը անսասան պահի հայոց պետականությունը և պայծառ՝ Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հավատավոր իր բոլոր զավակներով։

Ամենից շատ դիտված

17:08 Մայր Աթոռից արձագանքել են Վեհափառի՝ զավակ ունենալու վերաբերյալ Փաշինյանի հարցադրումներին
14:02 Փլուզվել է 17-հարկանի շենքի մի հատված. զոհեր չկան
17:49 Որդու շքեղ ապրելակերպի պատճառով Մոնղոլիայի վարչապետը հրաժարական է տվել
21:26 Արփինե Սարգսյանի հրամանով Քանաքեռ-Զեյթունի ոստիկանապետն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. նոր նշանակումը չի ուշացել
23:50 Հուսանք՝ ՌԴ ղեկավարությունը տեղյակ է, որ մահաբեր դրոններով զինված բեռնատարները ՌԴ տարածք են մտցվել Ադրբեջանից
17:30 Ժպտացեք, ձեզ տուգանում են․ ավտոմեքենայի ներսն այլևս անձնական տարածք չի համարվի
15:30 Սխտոր, ընկույզ, խնձոր. ուժեղ կարկուտը Մարտունիում վնասներ է պատճառել
20:57 Ադրբեջանցինե՞ր, թե՞ իրանցիներ. տարօրինակ համերգ Հյուսիսայինում
22:12 Ակնան մինչև նոյեմբերի 20-ը հայերի վերահսկողության տակ էր, որևէ ադրբեջանցի չէր կարող զոհվել
19:32 Երկրի ղեկավարը չունի որևէ գործառույթ խառնվելու եկեղեցու ներքին գործերին՝ ի տարբերություն եկեղեցու, որն իրավունք ունի խոսել ամեն ինչից