Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչները հաճախ են բարձրաձայնում հարկերի և հարկ վճարելու կարևորության մասին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ «հարկատուն հերոս է», իսկ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 22-ին հայտարարեց, որ «ով հարկ է վճարում՝ երջանիկ մարդ է»։
Oragir.News–ը հարցում է իրականացրել Երևանի տարբեր հատվածներում՝ պարզելու, թե քաղաքացիները համամի՞տ են ՊԵԿ նախագահի այս դիրքորոշմանը։
Հարցվածների մեծամասնությունը բացասաբար արձագանքեցին՝ նշելով, որ հարկ վճարելը պարտավորություն է, ոչ թե երջանկության աղբյուր։ Որոշ քաղաքացիներ նաև բողոքեցին բարձր ու անհիմն հարկերից։
«Բնակարանս վաճառում եմ, որ այս տարածքում հարկ չվճարեմ, շատ բարձր ու անհիմն հարկեր են։ Իսկ երջանկությունը ես կկապեմ անհոգ լինելու, այլ ոչ թե հարկ վճարելու հետ», – ասաց հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկը։
Հարցմանը մասնակցեց նաև Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով ևս քննադատեց գործող հարկային քաղաքականությունը։
«Ես բազմիցս խոսել եմ հարկային համակարգում առկա խնդիրների մասին։ Եթե նրանք կարծում են, որ հարկ վճարելը հերոսություն է կամ երջանկություն, ապա շատ վատ են պատկերացնում, թե ՀՀ քաղաքացիների առաջնահերթություններն իրականում որոնք են։ Յուրաքանչյուր իրավագիտակից քաղաքացի հարկ պետք է վճարի, սակայն հարկ հավաքելը չպետք է դառնա գերակայություն՝ մարդկանց սոցիալական վիճակի հաշվին»,- ընդգծեց պատգամավորը։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց․ «Մենք չենք ապրում միայն հարկ վճարելու համար, մենք ապրում ենք մեզ ու մեր ընտանիքների համար»։
Մանրամասները՝ տեսանյութում։