Կոռուպցիա կա գրեթե ամենուր, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում։ Ինչպես խորհրդային բռնազավթման տարիներին, այնպես էլ անկախ Հայաստանում մարդիկ բանակից ազատվում էին փողով՝ կաշառքով։ Երբեմն կաշառք էին տալիս օրենքով զինծառայությունից ազատվող զինակոչիկի համար, որ զինկոմը, ռազմաբժիշկը սրիկայություն չանեն ու հիվանդին կամ օրենքով ազատվածին հանիրավի չտանեն։
Թավշյա հեղափոխությունից հետո ՔՊ-ն պինդ պայքարում է կոռուպցիայի դեմ, սակայն ուրույն մարտավարությամբ։ Օրեր առաջ ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը ներկայացրել է զինծառայության համակարգի բարեփոխումների վերաբերյալ օրենսդրական նոր նախաձեռնություն, որով առաջարակվում են մի շարք փոփոխություններ իրականացնել՝ առողջական խնդիրներով ազատվողների մի մասին զորակոչել սահմանափակումով պարտադիր զինվորական ծառայության, ժամկետային զինծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37, մինչև 18 տարեկան արական սեռի քաղաքացիների համար ՀՀ քաղաքացիությունը փոխելու բազային տուրքը դարձնել 15 մլն դրամ, ծառայել 6 ամիս և պետբյուջե վճարել 15 միլիոն դրամ, ծառայել 1 ամիս և պետբյուջե վճարել 20 միլիոն դրամ և այլն։
Նախկինում փողով բանակից ազատվելը քրեորեն պատժելի էր, որակվում էր կաշառք, կոռուպցիա։ Հայկ Սարգսյանի առաջարկած օրենքով մարդը փող է տալիս ու բանակից ազատվում, բայց օրենք չի խախտում, քրեորեն պատժելի արարք չի գործում։ Այսինքն՝ եթե բանակից փողով ազատվելը նախկինում հանցանք էր, ապա ներկայումս այն օրինական է, ինչպես ասում են՝ օրինական ապօրինություն։
Սա բացառիկ օրինական ապօրինությունը չէ։ Եթե կարող են կաշառքն օրինականացնել զինծառայության պարագայում, ապա նույնը կանեն մյուս ոլորտներում։ Օրինակ՝ ՔՊ-ն պարծենում էր, թե ընտրակաշառք չի բաժանում։ Գյումրու վերջին ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՔՊ-ն, ունենալով վարչական լծակներ, բավարարել է քաղաքացիների բազմաթիվ դիմումներ ու խնդրանքներ, ենթադրաբար՝ ակնկալելով վերջիններիս քվեն ՔՊ-ի օգտին։ Եթե նույնպիսի բան անեին մրցակիցներն, ապա այն կորակվեր ընտրակաշառք, դրանից բխող իրավական հետևանքով։ Սակայն ՔՊ-ն օրենքով, ի պաշտոնե է լավություն արել գյումրեցիներին ու շահել վերջիններիս վստահությունը։ Արտաքինից՝ ՔՊ-ի արած լավությունները նման են ընտրակաշառքի, սակայն ամենն օրենքով է։ Այս դեպքում ևս ասում են, որ օրինական ապօրինություն է։
Իսկ ինչո՞ւ Հայկ Սարգսյանն այսօր է հանդես գալիս զինծառայության համակարգի վերաբերյալ օրենսդրական նոր նախաձեռնություններով։
Մի քանի օր առաջ ԱԺ նախագահը հայտարարեց, թե 2026-ին Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է սկսվելու։ Ենթադրելի էր, որ իշխանությունները պատերազմին պատրաստվելու կամ սպառնալիքը չեզոքացնելու համարժեք միջոցառումներ պիտի իրականացնեն։ Սակայն շարժ չեղավ։ Հակառակը՝ Փաշինյանը դրանից հետո ուրախ գնաց Մոսկվա։ ԱԺ նախագահի հասցեին Մոսկվայից հնչած քննադատությունը մնաց անպատասխան։ Ոմանք չհասկացան, թե ինչի՞ մասին էր Ալեն Սիմոնյանի կանխատեսումը, գուցե նա այդ պահին սթափ չէ՞ր։
Մի քանի օր սպասումից հետո խավարը ցրվեց։ Հիմա կարելի է հիմնավոր կասկած հայտնել, որ ԱԺ նախագահի՝ հիբրիդային պատերազմի մասին կանխատեսումը պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկի նախերգանքն էր։ Այսինքն՝ մի կողմից մարդկանց վախեցնում են մոտալուտ պատերազմով, մյուս կողմից բարձրացնում են բանակից ազատվելու փրկագինը։ Ենթադրելի է, որ ովքեր փող ունեն, հավատում են Ալեն Սիմոնյանի խոսքին, իրենց կյանքն ավելի թանկ են համարում, քան ժողովրդի ազատության համար կռիվը, կվճարեն 15-20 մլն դրամ փրկագինն ու կազատվեն։ Իսկ ովքեր փող չունեն կամ չեն խուսափում ծառայելուց, կծառայեն և՛ իրենց փոխարեն, և՛ բանակից փողով ազատվողների։
Հաշվի առնելով այն, որ ՔՊ-ն տևական ժամանակ արժեքամերժ, ապապետական քարոզչությամբ է զբաղվում, անորոշ, անհուսալի արտաքին, անվտանգային քաղաքականություն է վարում, ապա բազմաթիվ մարդիկ իրոք կվախենան ու կօգտվեն օրենքով ընձեռնված հնարավորությունից՝ փողով կազատվեն բանակից։ Արդյունքում՝ բյուջե կմտնի շատ փող, որի մի մասն այս կամ այն ծրագրերի տեսքով կուղղվի ՔՊ-ի 2026-ի քարոզարշավին։ Նույնիսկ եթե ինչ-որ բաներ էլ արվեն բանակի համար, ապա դրանք ևս կշահարկվեն ընտրարշավի ժամանակ։
Կարճ ասած՝ ենթադրելի է, որ բանակից փողով ազատվելն օրինականացնելը, փրկագինը բարձրացնելը բյուջեն լցնելու, բանակն արդիացնելու հետ քիչ կապ ունի, ավելի շատ Փաշինյանի վերընտրվելուն է ծառայելու։ Իսկ ցավալին այն, որ խտրական վերաբերմունք է դրսևորվում։ Հավասարության արժեքը ստորադասվում է փողին։ Փող ունեցողը վերևից է նայելու օրենքին։ Իսկ չունևորը թերարժեքությամբ է բարդվելու։ Այսինքն՝ ժողովրդավարության դարավոր նվաճումները ջուրն են լցվելու։
Թաթուլ Մկրտչյան