Ապրիլի 30-ին Նոր Նորքի թաղապատերանի շենքում տեղի ունեցած սկանդալային միջադեպից հետո, երբ թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն ու թաղապետարանի աշխատակիցները ուղիղ եթերում դաժանորեն ծեծի էին ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, այսօր մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Տեր-Մարգարյանը հրաժարական է տվել։
Oragir.News-ը Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հետաքրքրվեց՝ Նոր Նորքի թաղապետը հրաժարական տվե՞լ է, թե՞ ոչ։ Ի պատասխան՝ մեզ տեղեկացրեցին, որ այս պահին հնարավոր հրաժարականի վերաբերյալ բազամաթիվ զանգեր են ստանում՝ հավելելով, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն։
Մամուլն այս կապակցությամբ հայտնել էր, որ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է ներկայացրել և հեռացել պաշտոնից։ Նա այսօր առավոտյան նա եկել է թաղապետարան և աշխատակիցներին հրաժեշտ է տվել։
Հիշեցնենք, որ սկանդալային միջադեպից հետո Արամ Սարգսյանի ղեկավարած «Հանրապետություն» կուսակցությունը արդարացնում էր իր ներկայացուցչի պահվածքը՝ պնդելով, որ «Արթուր Չախոյանը ծեծի է ենթարկվել՝ հանուն ՀՀ ինքնիշխանության»։ Ավելին՝ կուսակցության որոշ ներկայացուցիչներ սպառնում էին, որ եթե Նոր Նորքի թաղապետը պաշտոնանկ արվի, ապա վերջիններս կխզեն ՔՊ-ի հետ ստորագրված կոալիցիոն հուշագիրը և Տիգրան Ավինյանը կզրկվի քաղաքապետի պաշտոնից։