Ոչ մի օր՝ առանց Արցախի. մենք գնում ենք, բայց վերադառնալու ենք
copy image url

Ոչ մի օր՝ առանց Արցախի. մենք գնում ենք, բայց վերադառնալու ենք

Ներքին 3 ժամ առաջ - 22:30 08-05-2025
Ասել, թե Ասկերանի շրջանի Ուլուբաբ գյուղի տարածքը գեղատեսիլ է, կնշանակի ոչինչ չասել։ Այստեղ եկողը տեղանքի գեղեցկությամբ միայն անսահմանորեն հիանալ կարող է։ Հայացքդ միանգամից ընդգրկում է մով հեռուներն, ու մտաբերում ես Չարենցի հրաշք տողերը․
-Բարձրության վրա անհուն է այնպես
Մարդկային հոգին աշխարհը սիրում:


2020-ի սեպտեմբերի 14-ն էր։
Արցախի գյուղատնտեսության նախարարության իմ ընկերներ-ընկերուհիների հետ այցելել էինք Ուլուբաբի մոտ գտնվող սուրբ Գևորգ վանք (կառուցվել է 1263 թվականին)։

Մոտ երկու կիլոմետր, միգուցե ավելի ձգվող դժվարամատչելի ու հոգնատանջ ճանապարհը պիտի անցնեինք ոտքով։

Տարիքս ու ծխող լինելս դժկամություն առաջ բերեցին, ու ես մտածեցի, որ էս արցախցիները, կարծես, սիրում են էքստրիմը (հիշեցի 1982 թվականը, թե ինչպես ստեփանակերտցի իմ ընկեր Արմեն Զախարյանի հետ երկու հեծանիվով, ինքն էլ, կհիշեք՝ ,,Օрленок,, Ստեփանակերտից դուրս եկանք, հասանք 86-րդ կիլոմետր, մտանք Բալուջա, հետո՝ Խնածախով նորից Ստեփանակերտ․ ես՝ առաջին կուրսի ուսանող, ինքը՝ 10-րդ դասարանի աշակերտ․ ինձ համար իսկական փորձություն եղավ՝ վերջում երկու անգամ վայր ընկա՝ վնասելով ծունկս․ Արմենի վեջը չէր՝ ինքը տուրիզմի խմբակ էր գնում, ինչն էն ժամանակ մոդայիկ էր մի տեսակ իրենց մեջ, և հետո, իր տարիքակից շատերի պես նա պարբերաբար իրենց մեջ հարգի ամեն տեսակ ճամբարների էր մասնակցում։
Մաքառում եմ՝ տեղ-տեղ ճանապարհը կարճում եմ անտառով ու տեսնում եմ․․․ փոքրիկ բացատում սիրահարների զույգն անմեղ համբուրվում է։ Մի պահ ուզում եմ․ «Ըհը՛-ըհը՛» անեմ՝ իբր հազում եմ, բայց մեկ էլ մտածում եմ, որ ավելի լավ է ճանապարհս շեղեմ ու չխրտնեցնեմ գեղեցիկ զույգին։

Վայ էն հալին ես էլ եմ հասնում եկեղեցի․․․

Կարծեմ Ժորա Գրիգորյանի մոտ եմ կարդացել, որ Ուլուբաբն Արցախի ամենահին գյուղն էր։ 19-րդ դարի սկզբում գյուղը դարձավ մելիքական՝ Հասան-Ջալալյանների տոհմից սերված Ուլուպապ-Ուլուբաբի անունով ստացավ իր անունը։ Գյուղը Շուշիի խաների աչքի փուշն է եղել՝ միշտ մնալով ոտնձգությունների համար ամնատչելի։ Ընդհանուր առմամբ, Ուլուբաբի բնակիչները մի քանի անգամ ստիպված լքել են գյուղն ու նորից վերադարձել, բայց արդեն մեր այցելության ժամանակ անմարդաբնակ էր։ Վերջին բնակիչը գյուղը լքել էր 1970 թվականին։ Պատմեցին, որ գյուղի քայքայման վերջնական պատճառ է հանդիսացել կոլտնտեսությունների խոշորացման քաղաքականությունը՝ երբ մի քանի գյուղեր միավորվում էին մի կոլտնտեսության մեջ, և պլաններն էլ անհամաչափ էին դառնում հաճախ։ Սակայն վանք այցելում էին մշտապես, ու տարածքն էլ խնամված էր։ Մեզ հետ այստեղ զուգահեռաբար նաև հարսանքավորներ կային։ Չգիտես որտեղից՝ մոմեր էլ գտնվեցին, որ սկսեցին առկայծել կիսախավար վանքում։

Ժորա Գրիգորյանը պատմում էր, որ ամեն տարի մայիսի 2-ին աշխարհի տարբեր ծայրերից մի քանի տասնյակ ուլուբաբցիներ այստեղ ուխտի էին գալիս, հավաքվում Հայրենական մեծ պատերազմում զոհված ուլուբաբցիների պատվին կառուցված հուշարձանի մոտ, որտեղից էլ բարձրանում էին Պտկես Բերք վանքը։ Հետո սեղան էին բացում, բաժակ բարձրացնում զոհվածների համար, գյուղի համար, աշխարհասփյուռ ուլուբաբցիների համար, Արցախի համար ու ասում․ «Մենք գնում ենք, բայց վերադառնալու ենք»:



Հետդարձի ճանապարհն անհամեմատ հեշտ էր՝ իջնում էինք դեպի ներքևում գտնվող մեքենաները՝ շուտ տեղ հասնելու ու վայելելու գառան խաշլաման ու խորովածը, որ պատրաստելու համար ինչ-որ օբյեկտում մնացել էին մեր տղաներից մի քանիսը։

Ես, այնուամենայնիվ, ինձ արդեն ծանոթ ուղին նախընտրեցի։ Եվ ո՜վ զարմանք՝ զույգը նույն տեղում էր՝ նույն դիրքով․ լուռ կանգնած էին՝ իրար գամված հայացքներով․ ու ես անգամ հասցրի որսալ տղայի զմայլված ու երջանիկ ժպիտով ողողուն դեմքը։ Նորից աննկատ շեղում եմ ճանապարհս․․․

Երբ արդեն սեղան նստեցինք, կողքի տաղավարներից մեկում ինչ-որ միջոցառում էր, և կենացներն ընդմիջելով՝ Ալիևի, Էրդողանի ու Պուտինի մասնակցությամբ՝ Արցախի բարբառով իր հայտնի պոեմն էր արտասանում մարտակերտցի թամադան, որում Պուտինը հզոր փրկչի պես մի բան էր, իսկ էն երկուսը՝ թշվառ արարծներ․ արցախցիները լավ կհիշեն՝ «Էն կյալին՝ Ալին, ուրան թշվառ հալին․․․»։
Տասներեք օր անց կսկսվի քառասունչորսօրյա պատերազմը։

Կարեն Միրզոյան

Շարունակելի

Նախորդ ակնարկը՝ այստեղ:



Ամենից շատ դիտված

16:45 Աննա Հակոբյանը դուրս է գալիս միջազգային ասպարեզ․ կրթվելու 30.000 դոլարը չի վճարելու, բայց ծախսեր լինելու են 
14:20 Նման բան չէի տեսել. Բյուրավանի բնակիչները շոկի մեջ են կարկուտի հետևանքներից
00:03 Ձերբակալել են գյումրեցի հետաքննող լրագրող Լիլիթ Աղեկյանին
15:50 Մաշտոցի պողոտայում քաոս է․ առևտրականների ապրանքը խլած քաղաքապետարանի աշխատակիցը փախել է
16:52 Վարորդական վկայականները դարձրեք էլեկտրոնային, ամեն 10 տարին մեկ չփոխեն, լրացուցիչ ծախս չկատարեն
17:35 Անձնակազմի մեծ մասն ազատման դիմում է գրել․ Պուշկինի դպրոցի պատասխանը՝ տնօրենի հեռացմանը
19:58 Գազալցակայանը տուգանվել է 4 միլիոն 726 հազար դրամի չափով
20:15 Կարդինալների կոնկլավն ընտրել է Հռոմի 267-րդ պապին
19:10 Ինձ 5 մլն տուգանել են, բայց 5 մլն երազում էլ տեսած չկամ, ո՞նց պիտի վճարեմ, տուն էլ չունեմ․ առևտրական
12:52 Նոր Նորքի թաղապետը Չախոյանին բարձր վարձատվությամբ աշխատանք է առաջարկել և մերժում ստացել