Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մայիսի 6-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
«Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է խորհրդարանում նախաձեռնել Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Վերջինս հայտնել է, որ իրենց քաղաքական ուժը պատրաստ է աջակցել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությանը: «Կա շատ պարզ տրամաբանություն. Ազգային ժողովի պատգամավորներին հարցրել են՝ նախաձեռնո ՞ւմ եք գործընթաց, թե՝չէ: Մենք դրան պատասխանել ենք, որ մենք պատրաստ ենք այս պահին նախաձեռնել, միակ խնդիրը, որ անհրաժեշտ է լուծել, դա թեկնածուի հարցը միասին քննարկել և մենք նույն վայրկյանին կնախաձեռնենք այդ գործընթացը: Այսինքն, որևէ նախապայման նման դեպքում չկա: Նորից եմ ասում, իրական ընդդիմադիր ցանկացած թեկնածուի հետ մենք սիրով կնախաձեռնենք այդ գործընթացը: Այո, եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք»,-ասել է Մամիջանյանը: Սահմանադրության համաձայն՝ անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ է 36 պատգամավորի ստորագրություն, իսկ որոշումն ընդունելու համար 54 կողմ ձայն։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասին ունեն 34 ձայն։
Ազգային ժողովն այսօր 28 կողմ, 47 դեմ, 1 ձեռնպահ ձայներով մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացրել էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Ըստ նախագծի` ժամանակավոր հանձնաժողովը պետք է ունենար 5 անդամ, գործունեության ժամկետը` մինչև 2 ամիս, նպատակը` Քոչարյանի վարքի վերաբերյալ տալ եզրակացություն և հետագայում բացառել նման վարքագծի կրկնությունը։ «Քաղաքացիական պայմանագիրը հրաժարվում է էթիկայի հարցով քննարկում իրականացնել, ու սա հաստատում է մեր այն մտահոգությունը, որ բռնությունը, ատելությունը և անհանդուրժողականությունը խրախուսվում են բարձրագույն իշխանության կողմից»,- հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքով էլ՝ իրենք դեմ քվեարկեցին, որովհետև այս նախագիծն ընդդիմությունը բերել էր ոչ թե էթիկայի հարցերով շահագրգռված լինելու պատճառով, այլ որ ՔՊ-ի համար վատ լինի։
«Այս իշխանությունն ինքը չէր լինի, եթե չփորձեր Գյումրիում մի կեղտոտ բան անել: Փորձում են գողանալ Մարտուն Գրիգորյանի ղեկավարած դաշինքի մանդատը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը։ «Սրանք դեռ շատ փորձեր են անելու Գյումրու իշխանությունը յուրացնելու համար: Սրանք ժողովրդի քվեին վրա թքած ունեն»,- նշել է Բաբայանը։ Նշենք, որ Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» խմբակցությունից Կարեն Բադալյանը նախապես դիմում էր գրել, որ հրաժարվում է մանդատից: Համայնքի ղեկավարը կազմել է արձանագրություն եւ ուղարկել Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Իր դիմումից երկու օր հետո Կարենը Բադալյան նորից դիմում է գրել, որ խնդրում է անտեսել իմ դիմումը, ցանկանում եմ շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ և ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից: Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը համայնքի ղեկավարից ստանալով հրաժարականի մասին արձանագրությունը սահմանված 7-օրյա ժամկետում արձանագրություն չի կազմել:
Գիշերը հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրամոբիլը։ «Մեքենան իմ անունով է, բայց այն կինս է վարում։ Մեր բակում է կանգնած եղել։ Ուշ գիշերը, ժամը 4-ի սահմաններում, պայթյուն լսվեց, վեր կացանք տեսնենք՝ մեքենան այրվում է, կրակն արդեն դուրս էր եկել մեքենայից։ Մինչև իջել եմ, փորձել եմ մարել, օգնության է հասել նաև հարևանս։ Մինչ ԱԻՆ-ի ժամանելը՝ արդեն գրեթե մարել էինք»,- Oragir.News-ի հետ զրույցում նշել է Ստեփանյանը։ Ավագանու անդամի խոսքով՝ սա եղել է իր քաղաքական հայացքների պատճառով, բայց հստակ կասկածներ նա չհայտնեց, քանի որ, իր խոսքով՝ ինքն ընդգծված թշնամիներ չունի։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրամոբիլը հրկիզելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանրամասները՝ տեսանյութում: