Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 4-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Մարտուն Գրիգորյանը այսօր խախտեց իր հինգօրյա լռությունը և տեղեկացրեց, որ իր առաջնորդած «Մեր քաղաքը» դաշինքը անհրաժեշտ քանակությամբ քվեներ կտա Կոմկուսի թեկնածու Վարդան Ղուկասյանին, որպեսզի վերջինս քաղաքապետ ընտրվի: Ղուկասյանի հետ վաղեմի հակամարտություն ունեցող Գրիգորյանն ընդգծում է, թե դա անում է՝ «առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի ու որևէ պայմանավորվածության», ապա նկատում՝ այս որոշումը իր համար ծանր է եղել ու դժվարությամբ է եկել դրան: «Քարոզարշավի ընթացքում ես բացահայտ ասել եմ և միակն եմ եղել, որ խոսել եմ ինչ է լինելու ընտրություններից հետո, եթե քաղաքապետ ընտրվի Վարդան Ղուկասյանը։ Մնում եմ նույն համոզմունքին, որ նա ամենախոցելի թեկնածուն է՝ քրեական գործերով պայմանավորված։ Թե ի՞նչ կլինի հետո ու ինչպես կվարվեն տվյալ մարդու հետ՝ լավ հիշեք այս օրը։ Գյումրին կտանե՞ն Վանաձորի ճանապարհով, թե ոչ՝ տա Աստված, որ սխալված լինեմ», - ընդգծել է նա՝ քննադատելով ընդդիմադիր մյուս 2 թեկնածուներին՝ Կարեն Սիմոնյանին և Ռուբեն Մխիթարյանին։ Մարտուն Գրիգորյանի խոսքով՝ վերջիններս Ղուկասյանին սատարելու մասին իրենց շտապողականությամբ անհնարին դարձրեցին այլընտրանքային ու ավելի քիչ խոցելի տարբերակ գտնելու ճանապարհը, իրեն էլ ստիպեցին կայացնել մի որոշում, որին սկզբունքորեն դեմ է: Ըստ նրա՝ տարբերակներից մեկն էլ կարող էր լինել ընդդիմադիր մյուս 2 թեկնածուներին քաղաքապետ ընտրելը, որը կդառնար իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։
Մարտուն Գրիգորյանիորոշումը լրջորեն անհանգստացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ Գյումրիում կատարվեց այն, ինչի մասին իրենք զգուշացրել էին։ «Գյումրիում տառացիորեն կատարվեց այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք. Ռուբեն Մխիթարյանը, Կարեն Սիմոնյանը և իհարկե Մարտուն Գրիգորյանը մարդկանց խաբելով ձայներ հավաքեցին և դրանք տվին Վարդան Ղուկասյանին։ Ու սա այն դեպքում, երբ Մարտուն Գրիգորյանը առանց ամաչելու կանգնում ու այս սցենարը նկարագրողներիս ստախոսության մեջ էր մեղադրում, իրեն էլ ներկայացնում որպես քաղաքը «Վարդան Ղուկասյան-ՔՊ տանդեմից» պաշտպանող մի սամուրայ»,- նշել է իշխանական պատգամավորը՝ հերթական անգամ թիրախավորելով ընդդիմությանը։
Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին արգելել են Աստվածաշունչ ունենալ։ Catholic News Agency-ին տված հարցազրույցում այս մասին ասել է ամերիկացի հայտնի իրավապաշտպան, Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը։ Վերջինիս խոսքով՝ այս իրողությունն ամրապնդում է այն համոզմունքը, որ նա և Արցախի մյուս ղեկավարները հետապնդվում են ոչ թե, որ նրանք ենթադրյալ անջատողականներ են, այլ որ քրիստոնյաներ են: Գենսերը շեշտել է, որ Բաքվի բանտում պահվող հայ քրիստոնյա ռազմագերիների ազատ արձակումն առաջնահերթություն է ԱՄՆ նոր վարչակազմի համար։ «Մեզ ասվել է, որ բանտարկյալների ազատ արձակումը պետք է նախապայման լինի, որպեսզի նախագահ Թրամփն անվերապահորեն աջակցի խաղաղության գործընթացին», - նշել է նա՝ չհստակեցնելով, թե ԱՄՆ նոր վարչակազմից կոնկրետ ով է նման հավաստիացումներ տվել։
Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, Պարույր Հովհաննիսյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից։ Հովհաննիսյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2021-ի նոյեմբերի 9-ից։ Ավելի վաղ նա Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր Եվրոպայի խորհրդում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Պարույր Հովհաննիսյանը նշանակել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։
Մանրամասները՝ տեսանյութում: