Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը փնտրում ամենավստահելի սուպերլրագրողին 
copy image url

Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը փնտրում ամենավստահելի սուպերլրագրողին 

Միտք Ներքին 13 ժամ առաջ - 09:05 06-05-2025
Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը մտնում է նոր փուլ։ Հիմա արդեն նրանք փորձում են հավաքագրել լրագրողների։ ««Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում փնտրում ենք այն լրագրողին (ներառյալ հեռուստատեսային և ռադիո լրագրողներ), ով ամենամեծ վստահությունն է վայելում հանրության կողմից»,- մայիսի 5-ին գրել է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը:

Ինչո՞ւ են լրագրողների հավաքագրում։

Տևական ժամանակ ՔՊ-ական համակիրների շրջանում կարծիք է շրջանառվում, թե առանց խոսքի ազատությունը ճնշելու՝ ՔՊ-ն չի կարող հաջողության հասնել ԱԺ առաջիկա ընտրություններում։ Ենթադրվում էր, որ ՔՊ-ն առաջիկայում լայնածավալ հալածանքներ է սկսելու մամուլի, խոսքի ազատության, լրագրողների դեմ։ Հնարավոր հակազդեցությունը մեղմելու համար նրան անհրաժեշտ է պառակտել դաշտը, իր կողմը գրավել լրագրողների մի մասին, որոնք կհամաձայնվեն գովերգել Փաշինյանին։ Այսպիսով՝ իշխանություների սխալները, անպատասխանատվությունն ու ապաշնորհությունը քննադատող լրագրողների դեմ պայքարի կհանեն ՔՊ-ական լրագրողների, որոնք կպաշտպանեն Նիկոլ Փաշինյանին։

Խնդիրը բարդ է, քանի որ ՔՊ-ն տևական ժամանակ անվտահություն ու ատելություն է ներշնչել մամուլի և լրագրողների հանդեպ։ ՔՊ-ականների և նրանց համակիրների մեծ մասը պարզապես ատում է լրագրողներին։ Լրագրողների մեծ մասն էլ համարժեքորեն է վերաբերվում ՔՊ-ին ու նրա առաջնորդներին։ Եվ հիմա ՔՊ-ն փորձելու է կոտրել այս բացասական կարծրատիպերն ու կերտել վստահելի լրագրողի կերպար, քանի որ խնդիր ունեն քարոզարշավին ներգրավելու լրագրողների, որոնց հանրությունը կվստահի։

Երկրի բարձրագույն պաշտոնը զբաղեցնողի կնոջը, հավանաբար, թվում է, թե ամենամեծ վստահությունը վաստակած լրագրողը կարող է իր ապրածը ջուրը լցնել և համագործակցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Սա քիչ հավանական է։ Ավելի դյուրին կլինի, եթե ՔՊ-ն փորձի կերտել ամենավստահելիներին։ Դրա համար նրանք կարող են լրագրողական մրցույթներ, մրցանակաբաշխություններ կազմակերպել։ Մրցակցության ոգին բնական է։ Եվ բազմաթիվ լրագրողները կձգտեն ստանալ այդ մրցանակները։ Ահա այստեղ ՔՊ-ն կարող է գործարք առաջարկել մրցույթներին մասնակցողներին։ Եթե լրագրողը համաձայնվի գործակցել ՔՊ-ի հետ, գովերգել նրա քարոզարշավը, ապա կստանա բարձր մրցանակ, նվաճելով «ամենա» տիտղոս։ Այս մասին արդեն ակնարկ կա Աննա Հակոբյանի հիշյալ առաջարկում։ Եվ արդեն ուրվագրծված են այն անվանակարգերը, որոնցով մրցույթներ են կազմակերպվելու ու որոշվելու սուպերլրագրողները։ «Ճշգրիտ», «արդար» ու «ազնիվ» բազմաթիվ լրագրողներ այսպիսի մրցույթներում կհաղթեն ու հետո կգործակցեն ՔՊ-ի հետ։

Մեկ այլ վարկածով՝ ենթադրվում է, որ ՔՊ-ն նոր լրատվամիջոցներ է հիմնելու, որոնց հիմնական խնդիրը լինելու է ՔՊ քարոզարշավը լուսաբանելը։ Այս նպատակով են հավաքագրում վստահելի կադրերի։ Նրանք փորձելու են հավաքագրված կադրերին տեղավորել նաև Հանրային ռադիոյում և Հանրային հեռուստատեսությունում, ՔՊ-ի ազդեցության տակ գործող լրատվամիջոցներում, օժտելով նրանց հատուկ առաքելությամբ՝ գովերգել Նիկոլ Փաշինյանին ու լուսաբանել նրա քարոզարշավը, որը ներկայումս ընթանում է «Կրթվելը նորաձև է» արշավի անվան տակ։

Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը գնալով լրջանում է։ Եթե մինչ օրս «Կրթվելը նորաձև է» արշավի հանդիպումներն անցնում էին մութ ու խուլ դահլիճներում, ապա սրանից հետո սպասվում է, որ ամենավստահելի սուպերլրագրողները կլուսաբանեն դրանք, ռեպորտաժներ կպատրաստեն դրանց մասին, քարոզչական տեսանյութեր, հոդվածներ, և ատելություն կուղղեն անվստահելի լրագրողների, ժողովրդի հասցեին։

Թաթուլ Մկրտչյան