Բռնությունների և ապօրինությունների կանխատեսելի շղթան շարունակվում է։ Մտահոգիչն այն է, որ իշխանությունները փորձում են արդարացնել դրանք։
Արթուր Չախոյանը բազմաթիվ անգամ է անդրադարձել քաղաքապետարանի թերացումներին ու սխալներին, քննադատել դրանք, ինչի արդյունքում Երևանն ու երևանցին շահել են։ Այսինքն՝ նա հանրօգուտ գործով է զբաղվել։ Օրեր առաջ էլ նա անդրադարձել է Նոր Նորքի վարչական շրջանի մի մանկապարտեզի անորակ նորոգմանը, ինչին ո՛չ քաղաքային իշխանությունը, ո՛չ իրավապահ մարմինները չեն արձագանքել, դրսևորելով ապապետական մոտեցում։ Ապապետական մոտեցումն էլ, տրամաբանորեն՝ ավարտվել է ապրիլի 30-ին թաղապետարանի աշխատակիցների կողմից զանգվածային խուլիգանությամբ, ակտիվիստին ծեծի ենթարկելով։
Ի՞նչ հետևանքներ կունենա Երևանի Նոր Նորքի թաղապետարանի աշխատակազմի և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև ծեծկռտուքը։
Քաղաքական գործիչը առաքինության օրինակ պետք է ծառայի։ Սակայն շատերը թյուրիմացաբար կարծում են, թե համանքապետը քաղաքական պաշտոն չէ, իսկ ՏԻՄ-երը համարում են անպատասխանատու վարչական մարմին, որտեղ իշխանական թիմի անդամները վայելում են հարկատուների միջոցները։ Արթուր Չախոյանին վիրավորելու, այնուհետև ծեծի ենթարկելու ամոթալի պատճառներից մեկը սա է։ Պատկերավոր ասած՝ «դու ո՞վ ես, որ մեզ խանգարում ես անպատասխանատու վայելել հարկատուների միջոցները»։
Շատ զարմանալի է նաև իրավապահների անտարբերությունը մանկապարտեզի անորակ նորոգման մասին հրապարակման հանդեպ։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ համակարգային խնդիր կա։ Իրավապահները չեն կողմնորոշվել՝ առաջնորդվե՞ն օրենքով ու համարժեք արձագանքեն Արթուր Չախոյանի հրապարակմանը, թե՞ սպասեն քաղաքականություն որոշողի կարգադրությանը։ Իրավապահն այսպիսի իրավիճակում հայտնվում է, երբ երկրում կա համակարգային կոռուպցիա։ Արթուր Չախոյանի հրապարակման հանդեպ իրավապահների անտարբերությունը Հայաստանում համակարգային կոռուպցիայի մասին վկայություն չէ՞։
Քաղաքական գործիչը երբեմն ստիպված է ֆիզիկակապես կռվել իր գաղափարների համար։ Սակայն զարգացած երկրներում ձգտում են բացառել այս բաները։ Պառլամենտնում, կառավարությունում, ՏԻՄ-երում բռունցքներով հարցեր լուծելը հետամնացության, ցածրակարգության ցուցիչ է, նշանակում է՝ այնքան ապապետական են, խոսքով ասելիքը փոխանցելու անկարող, որ անցնում են քարանձավային, գեղական մեթոդին։
Արթուր Չախոյանի դեպքն առավել ամոթալի է, քանի որ մի կողմում թաղապետն է տասնյակ աշխատակիցներով, մյուսում՝ մեկ ակտիվիստ։ Դրանից հետո, ՄԻՊ-ը, իրավապաշտպանները դատապարտել են բռնությունը։ Իսկ քաղաքապետարանը, ՔՊ-ն, «Հանրապետությունն» ու Նոր Նորքի թաղապետը փորձել են մեղադրել Արթուր Չախոյանին Նոր Նորքի թաղապետին հայհոյելու, վիրավորելու, անհատի արժանապատվությունը նվաստացնելու, հոգեբանական բռնության ենթարկելու մեջ։ «Նման դրսևորումները, կանխարգելման բացակայության պայմաններում, հաճախ հանգեցնում են ֆիզիկական բռնության»,- ասվում է ՔՊ-ի հայատարարության մեջ։ Այսպիսով՝ փորձում են արդարացնել թաղապետի ու թաղապետարանի աշխատակիցների կիրառած բռնությունը քաղաքացու նկատմամբ։ Այս գնահատականը հիմք է ենթադրելու, որ այսօրինակ բռնությունները շարունակվելու են և առաջիկա ԱԺ ընտրություններն անցնելու են ծեծկռտուքներով, ինը կարող է վերաճել քաղաքացիական բախումների։ Այսինքն՝ ՔՊ-ն այս գնահատականով ցույց է տալիս, որ շարունակում է արհամարհել ժողովրդավարությունը, երկիրը տանում է քաղաքացիական բախումների, որոնք կարող են հանգեցնել աղետալի հետևանքների։
Եթե ՔՊ-ական իշխանությունը ապապետական, հակաժողովրդավարական չլիներ, ապա այսպիսի բռնություն տեղի չէր ունենա։ Եթե թաղապետի, քաղաքապետարանի, ՔՊ-ի կարծիքով՝ Արթուր Չախոյանը հակահասարական վարք է դրսևորել, վիրավորել, հայհոյել, պաշտոնյայի արժանապատվությունը նսեմացրել, հոգեբանական բռնություն կիրառել, ապա կարող էին դիմել ոստիկանություն, ՄԻՊ-ին։ ՀՀ քաղաքացին այսպես կվարվեր։ Իսկ թաղապետը և նրա թիմակիցները դրսևորել են հակաքաղաքացիական, ապապետական վարք։
Կարճ ասած՝ ժողովրդավարական, իրավական պետությունում այսպիսի բան տեղի չէր ունենա։ Եվ եթե կա ժողովրդավարական, իրավական պետություն դառնալու քաղաքական երազանք, ապա ակտիվիստին դաժանաբար ծեծի ենթարկած Նոր Նորքի թաղապետը պիտի խիզախորեն հրաժարական տա։ Այսպիսով կկանխվեն նաև նման ամոթալի միջադեպերն ու աղետալի քաղաքացիական բախումները։
Թաթուլ Մկրտչյան