Ուղիղ եթեր
Ներքին Միտք 1 տարի առաջ - 14:30 23-04-2025

Ինչպե՞ս կշարունակվի ընդդիմություն-իշխանություն վեճ-ծեծկռտուքը

Քաղաքական մրցապայքարում կրքերը թեժանում են։ Ապրիլի 22-ին ԱԺ-ում Ալեն Սիմոնյանի և ընդդիմադիրների միջև սկսված լեզվակռիվն այնուհետև վերածվեց ծեծկռտուքի, որին շատ բուռն արձագանքեցին և՛ ընդդիմությունը,և՛ ՔՊ-ն։

Ո՞րն էր ծեծկռտուքի խորքային պատճառը և ի՞նչ շարունակություն կունենա ընդդիմություն-իշխանություն վեճ-ծեծկռտուքը։

Ըստ լրագրողների՝ իրավիճակն ԱԺ-ում լարված էր դեռ այն պահից, երբ «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ օրենքի նախագիծ են դրել շրջանառության մեջ, որով առաջարկվում է քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը, նսեմացումը և արդարացումը։ ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանն ավելի ուշ հերքեց պնդումները, թե ԱԺ-ում միջադեպի պատճառը եղել է ընդդիմության կողմից Ցեղասպանությունը հերքելու դեմ նախագիծ ներկայացնելը։ «Լարումը տեղի է ունեցել ոչ մի առնչություն չունեցող դեպքի հետ․ պարզապես ռեպլիկ է հնչել դահլիճից»,- ասաց նա։

Ծեծկռտուքի պատճառի վերաբերյալ իրարամերժ այս մեկնաբանությունների տակ, սակայն, խորքային խնդիրներ կան։ 2025-ը նախընտրական տարի է։ Ընտրողներն ուզում են ուժ տեսնել։ Քաղաքական ակտորներն էլ ուժ են ցուցադրելու։ Նրանք ջանք են գործադրելում վարկանիշ բարձրացնելու, գաղափարներ ասպարեզ նետելու, հավակնություններ ներկայացնելու համար։ Այս ընթացքում նրանք պետք է ցույց տան նաև, որ իրենց գաղափարներն առաջ մղելու և հավակնությունները բավարարելու գործում չեն ընկրկելու նաև ֆիզիկական բախումների դեպքում։ Այսինքն՝ ոչ միայն խոսքով, այլև բռունցքներով են պատրաստ պայքարել իրենց գաղափարներն իրականացնելու համար։

Ենթադրելի է, որ ուժի ցուցադրությունը դուրս կգա դահլիճներից ու կարտահայտվի նաև փողոցում։ Այսինքն՝ ամռան և աշնան ամիսներին կանխատեսելի են փողոցային զանգվածային միջոցառումներ, որոնք գուցե կուղեկցվեն բախումներով։ Իշխանությունները ոստիկանության և ԱԱԾ-ի միջոցով կփորձեն ճնշել պոտենցիալ մրցակիցներին։ Իսկ քաղաքական ուժերը կամք կցուցաբերեն ու չեն կոտրվի առաջին բախումներից, կշարունակեն պայքարը, շեշտ դնելով գաղափարների, նպատակների վրա, չանձնավորելով իրենց ասելիքը։

Օրինակ՝ ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագիծը գաղափար է։ Ցեղասպանության թեման ՀՅԴ-ի հաղթաթղթերից մեկն է։ Եթե ՀՅԴ-ն նոր գաղափար չկարողանա գեներացնել, ապա առաջիկա ընտրություններում կարող է այս դրոշով մասնակցել։ Այսինքն՝ եթե ճիշտ է, որ ԱԺ-ում ապրիլի 22-ի ծեծկռտուքը կապ ուներ այս նախագծի հետ, ապա հույս կա, որ առաջիկա քաղաքական մրցապայքարը ևս գաղափարական հիմքեր կունենա, չսևեռվելով միայն Նիկոլ Փաշինյանի անձի վրա։

Քաղաքական ակտորները, հավանաբար, կհասկանան, որ գաղափարական հիմքով քաղաքական ծեծկռտուքն ավելի հաստատակամ է դարձնում ծեծկռտուքի մասնակցին, ամրացնում նրա նվիրավածությունը գաղափարին, նպաստում գաղափարի ու թիմի հաղթանակին։ Հետևապես՝ մրցակիցները ձեռնպահ կմնան միմյանց վրա բռունցք բարձրացնելուց։ Ավելին՝ չի բացառվում, որ նրանք կընդունեն քաղաքական բարոյականության խարտիա, որով կպարտավորվեն սուտ չխոսել, չկեղծել, սուտ խոստում չտալ, միմյանց արժանապատվությունը չվիրավորել։

Իսկ հոռետեսները կարծում են, որ այսպիսի ծեծկռտուքները չունեն ու չեն էլ ստանա գաղափարական հիմք։ Հիմնական ասելիքն կմնա փոխադարձ վիրավորանքը։ Ընդդիմադիրը Նիկոլ Փաշինյանին կասի դավաճան, ստախոս և այլ վատ բառեր։ Իսկ ՔՊ-ականը ընդդիմադիրներին կանվանի գող, թալանչի և այլն։ Փոխադարձ վիրավորանքները կհանգեցնեն պարբերական ծեծկռտուքների, որոնց արդյունքում իշխանությունները բռնություններ կկիրառեն, հալածելով ընդդիմադիրներին, նրանց մեղադրելով խուլիգանության մեջ, բանտարկելով, ու մրցապայքարից կոպիտ հեռացնելով։

Այս առումով՝ բնական է, որ ՔՊ-ականը հերքում է ապրիլի 22-ի ԱԺ-ում ծեծկռտուքի գաղափարական հիմքը։ Ենթադրելի է, որ ՔՊ-ն առաջիկայում ջանք կգործադրի, որ իջեցնի քաղաքական մրցապայքարի բովանդակային նշաձողը, կսադրի մրցակիցներին, որ նրանք մի կողմ թողնեն գաղափարները և իրենց իրավունքներն ու ինքնասիրությունը պաշտպանելու մղումով մտնեն անձնական վիրավորանքների դաշտ։ Այս պարագայում իշխանական կուսակցության հաղթանակն ապահովված է։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան