Ներքին 1 տարի առաջ - 17:38 25-03-2025

Երևանի բյուջեն 2024-ին թերակատարվել է. առաջնահերթ ծրագրերը մնացել են չիրականացված

«Լույս» հիմնադրամն անդրադառնում է Երևան քաղաքի 2024թ. բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությանը։

Հայտնի է, որ Երևան քաղաքի բյուջեի եկամուտների բարձր կատարողական ապահովելու նպատակով կատարվել են հանրության խիստ բացասական վերաբերմունքին արժանացած մի քանի օրենսդրական փոփոխություններ։ Մասնավորապես, նախորդ տարիների համեմատ կտրուկ բարձրացվել են տեղական տուրքերի (օրինակ՝ տարբեր թույլտվությունների համար գանձվող տուրքերի) և տեղական վճարների (օրինակ՝ ավտոկայանման վճարների) դրույքաչափերը։ Այնուամենայնիվ, Երևան քաղաքի 2024թ. բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշից ընդամենը 1.6%-ով ավելի, իսկ հաստատված բյուջեի ցուցանիշից, միևնույն է, պակաս՝ 6.4%-ով։
Բյուջեի եկամուտների՝ նախորդ տարվա համեմատ աճին նպաստել է միայն «հարկերի և տուրքերի» ծավալի աճը, իսկ ընդհանուր եկամուտների մյուս երկու բաղադրիչները՝ «պաշտոնական դրամաշնորհները» և «այլ եկամուտները», զգալիորեն նվազել են՝ հակազդելով բյուջեի ընդհանուր եկամուտների աճին։

Հարկերի և տուրքերի մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն տեղական տուրքերը, որոնք նախորդ տարվա համեմատ վերը նշված պատճառով աճել են 4.1 անգամ։ Երկրորդ մեծ տեսակարար կշիռն ունեն անշարժ գույքի հարկերը, որոնք հաշվետու տարում զգալիորեն՝ 39.3%-ով, աճել են։ Աճը պայմանավորված է 2024-ին հարկման նոր համակարգին անցման շրջանակներում գույքահարկի բազայի՝ 2023-ի համեմատ 42.9%-ով բարձրացմամբ:

Տեղական վճարների աճը 79.1%-ով ապահովվել է ի հաշիվ ավտոկայանատեղիում կայանման վճարների։

Հատկանշական է, որ սեփական եկամուտների մեջ մտնող միայն այս 3 եկամտատեսակների գծով մուտքերը նախորդ տարվա համեմատ, վերը հիշատակված պատճառներով, աճել են 19.7 մլրդ դրամով, մինչդեռ սեփական եկամուտների ընդհանուր ծավալն աճել է ընդամենը 8.3 մլրդ դրամով։


Երևան քաղաքի 2024թ. բյուջեի ծախսերը թերակատարվել են։ Բյուջեի ծախսերը կազմել են 113.7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա ցուցանիշից 2.3%-ով ավելի, սակայն 5.5%-ով պակաս՝ ճշտված պլանի և 9.0%-ով պակաս՝ հաստատված բյուջեի ցուցանիշից:

Թերակատարվել են թե՛ ընթացիկ, և թե՛ կապիտալ ծախսերը։

Պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների նպատակով կատարված ծախսերն ավելի քան կրկնակի գերազանցում են 2023-ի ցուցանիշը։

Ծախսերը ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են գործառնական դասակարգման բոլոր խմբերի գծով ։

Ըստ իրականացված ծրագրերի՝ ծախսերի կատարման վերլուծությունը ցույց է տալիս, որ կենսական կարևորություն ունեցող առանձին ծրագրեր նույնիսկ պլանով նախատեսվածի կեսի չափ չեն իրականացվել: Այդպիսի ծրագրերից են «Նախագծային աշխատանքների իրականացում», «Կամրջային կառուցվածքների վերականգնում և պահպանում», «Փողոցների պահպանում և շահագործում», «Փողոցների, հրապարակների և այգիների կահավորում», «Երևանի քաղաքային լուսավորություն», «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում», «Նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցում և հիմնանորոգում» ծրագրերի գծով ծախսերը: Ընդ որում, թվարկվածներից վերջին երկուսն ունեն հանրային մեծ հնչեղություն, սակայն.

- Չնայած գործող իշխանությունը մշտապես որպես իր առաջնային նպատակներից մեկը հայտարարում է մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանը շուտափույթ շահագործման հանձնելու մտադրության մասին, «Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների կառուցում» ծրագրով 2024թ. ընդհանրապես ծախս չի կատարվել:

- «Պետական աջակցությամբ իրականացվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների կառուցում և հիմնանորոգում (պատվիրակված լիազորություններ)» ծրագրի կատարողականն ընդամենը 35.0% է, չնայած դպրոցների ու մանկապարտեզների կառուցումը և հիմնանորոգումը գործող կառավարության գործունեության ծրագրով սահմանված առաջնահերթ ուղղություններից է։

2024թ. բյուջեն ունեցել է 3.0 մլրդ դրամի հավելուրդ՝ ճշտված պլանով նախատեսված 7.1 մլրդ դրամ պակասուրդի դիմաց։ Հաշվետու տարում ևս (ինչպես և 2023-ին) ճշտված պլանով բյուջեի դեֆիցիտը կտրուկ ավելացվել է՝ ավելի քան 25 անգամ, սակայն փաստացի արձանագրվել է բյուջեի զգալի հավելուրդ։ Այս փաստը, թերևս, հաստատում է, որ քաղաքային իշխանություններին այդպես էլ չի հաջողվում լուծել բյուջետային պլանավորման գործընթացում առկա լուրջ խնդիրները։
Վերլուծությունն ամբողջությամբ՝ այստեղ

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է