Կնոջը նվաստացնելն արդարացում չունի, բայց Անդրանիկ Քոչարյանն անպատիժ կմնա․ իրավապաշտպան
copy image url

Կնոջը նվաստացնելն արդարացում չունի, բայց Անդրանիկ Քոչարյանն անպատիժ կմնա․ իրավապաշտպան

Ներքին 4 շաբաթ առաջ - 15:30 21-03-2025
«Հազիվ եմ ինձ զսպում, որ կոռեկտ բառամթերքով արձագանքեմ Անդրանիկ Քոչարյանի երեկվա պահվածքին լրագրողի նկատմամբ։ Անդրանիկ Քոչարյանի պահվածքն ընդհանրապես ոչ մի արդարացում չունի։ Ոչ միայն որպես պաշտոնատար անձի կողմից արված արտահայտություն, այլև՝ որպես մարդու, որպես տղամարդու, որպես քաղաքի տղայի, բոլոր բարոյական նորմերի անուղղակի խախտում է։ Դա չի կարող նորմալ ընկալվել։ Եվ որևէ մեկը կփորձի այդ քայլը արդարացնել, ինքը նույնքան բարոյական նորմերից դուրս գործողություն կանի»,- Oragir.News-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի պահվածքը մեկնաբանեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։

Հիշեցնենք, որ ԱԺ ՔՊ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երեկ լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին ոչ կոռեկտ արտահայտություններ էր թույլ տվել, ինչը վիրավորել էր լրագրողի ինքնասիրությունը։

Իրավապաշտպանի խոսքով՝ սա այնպիսի գործողություն է, որը պետք է դատապարտելի և պատժելի լինի։ Գնում են մի ճանապարհով, որտեղ պարզ բարոյական նորմերը անընդհատ փորձում են ոտնահարել բոլոր իմաստներով։ Իսկ ԱԺ պատգամավորի այս քայլը դրա վառ դրսևորումներից է․

«Կնոջ արժանապատվությունը նվաստացնել, լրագրողին դնել այսպիսի իրավիճակում, ըստ իս՝ ուղղակի դատապարտելի է։ Պետական պաշտոնյան պետք է հասկանա, գիտակցի, որ դա պապական ստացած պաշտոն չէ։ Եվ նա գիտակցված համաձայնվում և հասկանում է, որ պաշտոնյան կարող է ենթարկվել նաև քննադատությունների, ինչ-որ տեղ անգամ իր հասցեին վիրավորական արտահայտություններ կարող են հնչել։ Մեդալի հակառակ կողմը դա է, և դա միայն Հայաստանում չէ, այլև ամբողջ աշխարհում։ Պետք է կարողանալ լինել զուսպ, հավասարակշռված, ադեկվատ։ Եթե քո բառապաշարը չի տարբերվում փողոցային բարքեր կրող անձանց բառապաշարից, ապա դու պաշտոնատար անձ չես կարող լինել և համարվել»։

Նինա Կարապետյանցը կարծիք հայտնեց, որ Անդրանիկ Քոչարյանի այս արարքը ոչ մի պատժի չի արժանանա, ինչպես այս իշխանությունների պաշտոնատար անձանց կողմից արված մյուս ոչ ընդունելի քայլերը, օրինակ՝ ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու վրա թքելու դեպքը, ԱԺ դահլիճում պաշտոնյաների արտաբերված սեռական բնույթի հայհոյանքները և այլն։

Նշենք, որ սա Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ առաջին աղմկահարույց միջադեպը չէ։ Նա հաճախ է հանդես գալիս լրագրողների նկատմամբ ոչ կոռեկտ պահվածքով և արտահայտություններով։