Ներքին 1 տարի առաջ - 09:00 16-03-2025

Ռուս-ավինյանական թալա՞ն. ո՞վ է պատասխանատուն

Վերջին շրջանում այնքան հաճախ է խոսվում թալանի և այն հետ բերելու պայքարի մասին, որ որոշ մարդկանց թվում է, թե ժողովրդին թալանելը նորմալ բան է։ Եթե եղել է նախկինում, ապա կարող է լինել նաև այսօր։ Քաղաքացիները ձմռան ամիսներին հաճախ են կասկածներ հայտնում, որ գազ մատակարարողը հավելագրում է անում, «թալանում»։ Ոմանք էլ դժգոհում են, որ գազամատակարարման ցանցին միանալու կամ նման ծառայություններ մատուցելու համար «Գազպրոմն» անտրամաբանական մեծ գումարներ է պահանջում։

Ինչո՞ւ է «Գազպրոմն» այսպիսի կասկածներ առաջացնում քաղաքացիների մոտ։ Դրանք հիմնավո՞ր են։ Եվ ո՞վ է այդ ենթադրյալ թալանի պատասխանատուն։

Oragir.News-ը մարտի 14-ին անդրադարձել է նման մի խնդրի։ Վերջին շրջանում Երևանի բնակիչներն ահազանգում են, որ գազի բաժանորդ դառնալու համար լուրջ խնդիրների են բախվում։ Մասնավորապես՝ եթե նախկինում բաժանորդագրվելու համար քաղաքացին ստիպված էր լինում 200-250 հազար դրամ վճարել, ապա այժմ որոշ դեպքերում պահանջվում է վճարել ռեկորդային բարձր գին՝ 1 մլն 600 հազար դրամ։

Սա վրդովվեցնող է և շատ նման թալանի։ Ենթադրելի է, որ «Գազպրոմը» միայնակ չի գործում, այլ կիսվում է ՔՊ-ական իշխանությունների հետ։ Այսինքն՝ կասկած կա, որ գազմատարակարման ցանցին միանալու և «Գազպրոմի» բաժանորդ դառնալու համար պահանջվող 1 մլն 600 հազար դրամի մի մասն ուղիղ գնում է Երևանի բյուջե ինչ-որ հարկերի կամ վճարումերի տեսքով։

Oragir.News-ի աղբյուրը կասկածանքով է ընկալել «Գազպրոմի» բաժանորդ դառնալու համար 1 մլն 600 հազար դրամի պահանջը և բողոքարկել։ Քաղաքացու բողոքից հետո պահանջվող գումարը նվազել է, «Գազպրոմը» վերահաշվարկ է կատարել ու մի քանի անգամ նվազեցրել արժեքը։ Նշանակում է՝ գնի բարձրացումը կարգավորված չէ։ Ենթադրելի է, որ ընկերության աշխատակիցը ռիսկի է դիմել ու բարձր գին պահանջել քաղաքացուց։ Սա արդեն բացահայտ խաբեության պատկեր է հիշեցնում։

Խնդիրը կարող է ունենալ նաև ենթադրյալ քաղաքական աստառ։ «Գազպրոմը» ռուսական ընկերություն է։ Հայ-ռուսական հարաբերությունները, կարծես՝ հարթ չեն։ ՌԴ-ն ծանր իրավիճակում է պատժամիջոցների, պատերազմական ահռելի մեծ ծախսերի պատճառով։ Իսկ ՀՀ-ում «Գազպրոմը» և՛ գազ ստացողն է, և՛ բաշխողը, և՛ էլեկտրաէներգետիկ հաբը, և՛ անվտանգության ծառայություններ մատուցողը։ Այս իրավիճակը նրան տեսական հնարավորություն է տալիս ինքնագլուխ սահմանել իր ծառայությունների գները։ Եվ ենթադրելի է, որ բաժանորդ դառնալու համար շատ բարձր գնի պահանջը քաղաքական որոշում է, որ հնարավորինս շատ փող հավաքեն Երևանի բնակիչներից և ուղարկեն ՌԴ։ Վրդովվեցնողն այն է, որ կամայականության արդյունքում տուժող քաղաքացին միայնակ է պայքարում իր իրավունքների համար։

Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա տեղյա՞կ է, որ երևանցուն թալանում է ծառայություն մատուցող ընկերությունը։ Նա՞ է թույլ տվել, որ ծառայություն մատուցողը 1 մլն 600 հազար դրամ պահանջի բաժանորդ դառնալու համար։ Նա ռուսական շահե՞ր է սպասարկում։ Թե՞ «Գազպրոմը» տվչություն ունի նրա կողմից։

Կարճ ասած՝ Երևանի քաղաքապետարանը պարտավոր է պաշտպանել քաղաքացուն «Գազպրոմի» կամայականությունից։ Եթե «Գազպրոմի» աշխատակիցը, չվախենալով իշխանությունից, համարձակվում է ընկերության անունից աստղաբախշական գին պահանջել քաղաքացուց գազի բաժանորդ դառնալու համար, ապա դրա թիվ մեկ պատասխանատուն Երևանի քաղաքապետն է։ Նույնիսկ, եթե Տիգրան Ավինյանն անմասն է այս թեմայից, որևէ առնչություն չունի խաբեություն ու թալան հիշեցնող այս երևույթին, ապա միևնույն է՝ նա է քաղաքական պատասխանատուն որպես Երևանի քաղաքապետ։ Հետևաբար՝ իշխանությունները պարտավոր են պարզել խաբեություն ու թալան հիշեցնող այս խայտառակության պատճառն ու պատասխանատուին, «Գազպրոմի» սանձերը քաշել, պաշտպանել քաղաքացու շահը։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

15:00 Երբեմն ասում էին՝ ճիշտ չես վարվել, լավ կլինի՝ սեփական դիմումիդ համաձայն ազատվես աշխատանքից. Արփինե Սողոյան
19:30 Ինչու էր գլխավոր դատախազը միլիոններ փոխանցել ամուսնուն․ պարզաբանում
18:51 Դու իմ տունն ես, իմ ընտանիքը. Էդգար Իգիթյանի կնոջ շնորհավորանքը դերասանի ծննդյան օրը
22:16 Ողբերգական դեպք՝ Երևանում․ Դավթաշենում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է 16-ամյա աղջնակի մարմին
20:23 Իմ կուկլայի սիրտը զբաղված է. Արամ Մելիքյանի դստեր նոր հրապարակումը տարածվող լուրերից հետո
13:30 Ինչպես էր Տիգրան Արզաքանցյանի միջնորդությամբ կարգավորվում Արցախի հարցը
17:38 Անգամ երբ ինքս իմ հետ հաշտ չեմ եղել. Արսեն Սաֆարյանի դստեր անկեղծ խոստովանությունը նշանածի մասին
19:54 Ամուսնալուծությունից հետո Տաթևիկ Ադումյանը շքեղ անակնկալ է ստացել. ո՞վ է գաղտնի երկրպագուն
15:30 Լյուդվիգ Մկրտչյանը Բաքվի բանտում պայքարում է կյանքի համար. ահազանգ
21:54 Բալիկ պատվիրիր. Արամեի որդին անսպասելի խնդրանքով դիմել է մայրիկին