Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:00 13-03-2025

Հեծանվի մասին տրակտատն իզուր է, եթե Փաշինյանը լավ վարչապետ չէ

Ապաքաղաքական մտածողությունը բնորոշ է քաղաքականությամբ չհետաքրքրվող, քաղաքական պատասխանատվությունից խուսափող մարդկանց։ Սակայն երբ քաղաքական առաջնորդն է ապաքաղաքական վարք դրսևորում, ապա այլասերվում է քաղաքական համակարգը։ ՀՀ-ում կան քաղաքական ընտրովի պաշտոն զբաղեցնողներ, որոնք հրապարակավ հայտարարում են, որ քաղաքականությամբ չեն զբաղվում։ Այսպիսի մոտեցումը անվտանգային ռիսկեր է պարունակում։ Նախ՝ աղավաղվում են քաղաքական պաշտոն զբաղեցնողի մասին հանրային պատկերացումները։ Հաջորդիվ՝ քաղաքացիները ապաքաղաքական մարդուն ընտրում են պատգամավոր, ավագանի, քաղաքապետ, վարչապետ, որոնք, բնականաբար, աղետալի սխալներ են անում, ինչին ժողովուրդն ականատես է վերջին տարիներին։

Ավելի սարսափելի է, երբ կենցաղային կամ անձնական խնդիրներն են քաղաքականացվում։ Այսպիսի օրինակ է ցույց տալիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեծանիվ վարելով, ձվածեղ պատրաստելով, կենցաղային թեմաներով զրույցներ վարելով և դրանք հրապարակելով։

Մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանը կրկին տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես է մի խումբ քաղաքացիների հետ լուսաբացից առաջ հեծանիվ վարում Երևանի դատարկ փողոցներում։ Ինչ խոսք, վաղ արթնանալը, հեծանիվ վարելն առողջարար է։ Կան մարդիկ, որոնք ուզում են միմյանց հետ շփվել, ու դրա առիթը միասին հեծանիվ քշելն է։ Սակայն սրանք անձնական կամ խմբային առողջության կամ շփման խնդիրներ են, քաղաքականության որոշման հետ կապ չունեն։

Այնինչ՝ Փաշինյանն այս հեծանվարշավները ներկայացնում է որպես արված գործ։ «Այսօր քշեցինք 25 կիլոմետր, 1,5 ժամ, կեցցե՛ հեծանիվը», ասել է նա տեսանյութի ավարտին։ Սա ներկայացվում է այնպիսի ոգևորությամբ, կարծես թոշակները բարձրացել են 25 տոկոսով, Արցախը ազատագրվել է 1,5 ժամում, ՀՀ-ից զավթված տարածքների 25 տոկոսը վերադարձրել է, 1,5 ժամում ռազմագերիներին ազատել ու վերադարձրել է հայրենիք։ Ժողովրդին ի՞նչ հետաքրքիր է, թե Փաշինյանն իր առողջության համար 25 կմ է հեծանիվ քշե՞լ, թե՞ 125, 1,5 ժա՞մ է վարել, թե՞ 15։

Քաղաքացիները վարչապետից այլ ակնկալիքներ ունեն։ Հրատապ խնդիրներ կան՝ խաղաղության օրակարգ, ռազմագերիների ազատում, ԵՄ անդամակցության գործընթաց, աղքատության ու գործազրկության կրճատում, Արցախի ազատագրում և այլն։ Ժողովրդին ինչքան էլ հետաքրքրի վարչապետի ամենօրյա առողջական հարցերն ու կենցաղը, այնուամենայնիվ՝ Փաշինյանը պարտավոր է պատասխանատվությամբ վերաբերվել վարչապետի կոչմանն, ու այդ անձնական, կենցաղային բաներին ավելորդ կարևորություն չտալ, քանի որ կարող են աղավաղվել հանրային պատկերացումները քաղաքականության, վարչապետի, վարչապետի գործառույթների, առաքելության, կարևոր թեմաների մասին։

Որոշ քաղաքացիների համար սա վիրավորական է։ Մարդիկ վարչապետ են ընտրել, որ նա վարչապետություն անի, իսկ նա հեծանիվ է քշում ու այդ ներկայացնում որպես հանրության համար կարևոր բան։ Փաշինյանը, ենթադրաբար, այս մասին գիտի։ Այդ է վկայում մարտի 12-ի նրա՝ «Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում» վերտառությամբ գրառումը։ Չնայած այս գրառումը քաղաքական տեքստ չէ, սակայն դրանում նշվածն արդարացնելու համար Փաշինյանը պետք է առաջին հերթին լավ վարչապետ լինի։ Եթե նա լավ վարչապետ չէ, ապա ժողովուրդը նրան չի հարգի, նրա օրինակին չի հետևի, առավոտյան վաղ չի արթնանա ու հեծանիվ չի քշի 25 կմ, 1,5 ժամ։

Պարզ ասած՝ կա երկու ելք։ Առաջինը՝ լավ վարչապետ լինելն ու ընտրողների ակնկալիքներն արդարացնելն է։ Երկրորդը՝ վարչապետի աթոռն ավելի լավին զիջելը։ Եթե Փաշինյանը ուզում է մնալ իշխանության, միաժամանակ հույս փայփայում, որ մարդիկ իրենից օրինակ կվերցնեն ու առավոտյան վաղ կարթնանան, հեծանիվ կքշեն, ապա ստիպված պիտի լավ վարչապետ դառնա, առաջնորդվի ազգային շահերով, հետո հեծանիվ քշելու և դա ի ցույց դնելու մասին «տրակտատ» գրի։ Իսկ եթե Փաշինյանը լավ վարչապետ չէ ու չի էլ ուզում դառնալ, ապա հեծանիվ քշելու մասին նրա հրապարակումներն իզուր են։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից