Ներքին 1 տարի առաջ - 18:57 10-03-2025

Դուք լինելու եք 6-րդը․ Վարդան Ղուկասյանի գրասենյակից՝ Նիկոլ Փաշինյանին

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գրասենյակը հայտարարություն է տարածել:

Նախօրեին ՀՀ առաջին դեմքի կողմից հայրաքաղաք Գյումրիում արտասանված ուղնուծուծով սուտ, պոպուլիստական և մաշված հեքիաթներին անդրադարձան շատերը՝ արժանի պատասխան տալով դրանց, և մեզ ասելու ընդամենը շատ քիչ բան թողեցին։

Ինչևէ, նախկին քաղաքապետի գրասենյակը անհրաժեշտ է համարում կատարել ևս երկու կարևոր նկատառում՝ Չնայած վարչապետի հայտնի սուտասան լինելուն՝ կարիք կա բացահայտելու նրա արտաբերած այն սուտը, թե իբր Վարդան Ղուկասյանը, քաղաքապետ դառնալով, փորձում է փրկել իր իբր ապօրինի գույքը բռնագանձումից։

6-երորդ դասարանի տարրական հասարակագիտություն իմացող երեխան նույնիսկ գիտի, որ յուրաքանչյուր պաշտոնավոր օրենքի կամ դատարանի վճռի առջև հավասար է ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի։

Այդ պարագայում ինչպե՞ս կարող է քաղաքապետ առաջադրվելու շարժառիթը լինել դատարանի կայացրած վճիռը բեկանելը։ Այս անհեթեթ պնդումը, ցավոք, միայն մեկն է, երկրի ղեկավարի արտաբերած բազմապիսի մոլորություններից, որոնք ոչ այլ ինչ են, քան շուռ տված իրականություն, իսկ իրականությունն այն է, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ առաջադրվելու որոշումը ի սկզբանե ավելի մեծ ռիսկեր է պարունակում ինչպես այդ գույքի անօրինական բռնագանձման, այնպես էլ նրա բանտարկման հետ կապված։

ՀՀ կառավարությունը Վարդան Ղուկասյանին պարգևատրել է Անանիա Շիրակացի բարձր շքանշանով՝ Գյումրու տնտեսությանը զարկ տալու իր անուրանալի ներդրման համար, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր ամենաբարձր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով՝ Ամենափրկիչը վերակառուցելու համար, ինչպեսև Համայն Ռուսիո պատրիարքը՝ Գյումրու ռուսական Պլպլան ժամի և Պատվո բլուրի հիմնովին բարեկարգման համար, Գրողների միությունը Վարդան Ղուկասյանին պարգևատրել է Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տունը թուրքերի ճանկերից գնելու (վարկային միջոցներով) և հայ համայնքին նվիրաբերելու համար, իսկ երկրի այժմյան վարչապետը ի հատուցում Վարդան Ղուկասյանի հայրենանվեր գործունեության՝ գետնին քարշ տալով նրան բերման է ենթարկում, հետո էլ թիկնապահներով շրջապատված հայտարարում, թե քաղաքական առնետներին պետք է ուղարկել իրենց «պադվալները»։

Մենք մեկ հարց ենք ուզում հնչեցնել՝ ուրիշ ինչպե՞ս կարելի է հասկանալ այս քաղաքականությունը, եթե ոչ վերջին հայկական պետության հետևողական ոչնչացում։ Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի՝ թող չկարծի, թե սա Վարդան Ղուկասյանի վերջին մենամարտն է. Գյումրու քաղաքապետ Ղուկասյանը իր պաշտոնավարման ժամանակ փոխել է 3 նախագահ և 5 վարչապետ։ Վստահեցնում ենք, դուք լինելու եք 6-երորդը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան