Նիկոլ Փաշինյանը շարունակում է գովազդել Երևանի տրանսպորտային բարեփոխումները և առավոտյան օգտվել հասարակական տրանսպորտից։ Մարտի 7-ի առավոտյան նա կրկին աշխատանքի է գնացել ավտոբուսով, կրկին ոտքով հասել է Բաղրամյան պողոտա ու նստել ավտոբուս, քանի որ, ենթադրաբար, կառավարական առանձնատան մոտից՝ Պռոշյան փողոցից, Հանրապետության հրապարակ գնացող տրանսպորտ չկա, կամ այնքան ուշ-ուշ է գալիս, որ վարչապետը գործից կուշանա։
Ավտոբուսով աշխատանքի գնալու մասին Փաշինյանը կարճ տեսանյութ է հրապարակել իր էջերում։ Այսօր ևս նա տրանսպորտում շփվում է քաղաքացիների հետ։ Սակայն այս ուղևորության ժամանակ վարչապետի հետևի նստարանին նստած մի կին խառնվում է Փաշինյանի հանդարտ զրույցին և աշխույժ ժեստիկուլյացիայով ինչ-որ բան բացատրում Փաշինյանին։
Քանի որ տեսագրության մեջ ձայնն անջատված է, ապա հնարավոր չէ ստույգ ասել, թե ինչ կարևոր բան էր բացատրում հետևում նստած կինը Նիկոլ Փաշինյանին։
Ենթադրելի է, որ կինը վարչապետին բացատրում էր տրանսպորտային բարեփոխումների բացերը, հայտնում իր դժգոհությունը թանկացումների կապակցությամբ, բացատրում, որ շատերի համար այս թանկացումը սոցիալական խնդիրներ է առաջացրել։ Չնայած՝ թանկացումների դեմ բոյկոտը կազմակերպված ու բացահայտ բնույթ չի կրում, սակայն հանրության մի մասը շարունակում է չհաշտվել թանկացումների հետ։ Այս ենթադրությունն առավել հավանական է թվում, քանի որ Փաշինյանն, ըստ էության՝ ավտոբուսով երթևեկում է տրանսպորտային բարեփոխումները գովազդելու համար, փորձելով տպավորություն ստեղծել, թե ինքն ու ժողովուրդը գոհ են թանկացումից։
Մեկ այլ վարկածով՝ հետևում նստած կինը Փաշինյանի հետ քննարկում է այսպես կոչված՝ «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը։ Օրեր առաջ Փաշինյանը քաղաքացիներին առաջարկել էր քննարկումներ անցկացնել իր հետ այս թեմայով։ Հետևաբար՝ չի բացառվում, որ հետևում նստած կինն, օգտվելով պատեհությունից, իր կարծիքն ու դիտողություններն է հայտնել այս գաղափարախոսության վերաբերյալ, Հայոց պատմությունից մեջբերումներ արել, քննադատել Փաշինյանի մոտեցումները սոցիալ հոգեբանության վերաբերյալ։ Կանխատեսելի է, որ այս թեմայով զրույցը շատ աշխույժ կարող էր ստացվել, ինչը ֆիքսել են վարչապետին ուղեկցող լուսանկարիչները։
Շրջանառվում են նաև այլ վարկածներ։ Ասում են, թե՝ հետևում նստած կինը խոսել է խաղաղության խաչմերուկի, կառավարության իրականացրած կարևոր ծրագրերի, անկախության, ժողովրդավարության, մարդու իրավունքների մասին։ Սակայն առավել հավանական է համարվում, որ հետևում նստած կինը Փաշինյանին հարցրել է նրա ժամացույցի մասին, թե ո՞վ, որտեղի՞ց է գողացել այն, քանի ադամանդի քար ու միջուկային ռեակտոր կա մեջը և այլն։
Հնարավոր է, որ այս վարկածներից ոչ մեկն իրականությանը չհամապատասխանեն։ Սակայն Փաշինյանի զրույցները քաղաքացիների հետ հանրային հետաքրքրության առարկա են։ Մարդիկ այդ ի՞նչ կաարևոր բանի մասին են խոսում վարչապետի հետ, որը գաղտնի են պահում հանրությունից։ Սա ռազմագերիների թեմայով բանակցություններ չեն, որի մանրամասները գաղտնի են պահում։ Սա ժողովրդի պարզ, ամենօրյա վերաբերմունքն է վարչապետի նկատմամբ։ Ու եթե այս պարագայում ևս գաղտնիք պահելու խնդիր ունեն, ապա ենթադրելի է, որ ժողովուրդն այնպիսի վատ վերաբերմունք է արտահայտում ՔՊ առաջնորդի հանդեպ, որ չեն ուզում հրապարակել, որ ավելի չգցեն նրա վարկանիշը։
Թաթուլ Մկրտչյան