Ներքին 1 տարի առաջ - 21:16 04-03-2025

99 հոգի․ ՔՊ ցուցակը պատրաստ է, վերջին տեղում Շիրակի մարզպետն է

Oragir.News-ի տեղեկություններով` Գյումրիի ՏԻՄ արտահերթ ընտրություններին մասնակցելու ՔՊ-ի 99-հոգանոց ցուցակը պատրաստ է։ Ցուցակը գլխավորում է Գյումրիի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, ինչպես խոստացել էր Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարեց փրայմերիզի մասին։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 26-ին հայտարարեց, որ Գյումրիում դեկտեմբերի 8-ից 10-ը տեղի կունենան նախնական ընտրություններ, որոնց արդյունքներով կորոշվի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի թեկնածուն, որը կլինի նաև ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն ավագանու ընտրություններում։

Մեր տեղեկություններով` ՔՊ-ի ցուցակի թոփ տասնյակում են այն անձինք, ովքեր հավակնում են պաշտոնների՝ Մարիամ Հարությունյան, Քնարի Հարությունյան, Էմմա Բարսեղյան, Վահագն Մկրտչյան, Արթուր Պապիկյան և այլք։

ՔՊ-ի ցուցակում են ընդգրկված բուժհաստատությունների տնօրեններ, ուսուցիչներ, երաժշտական դպրոցների տնօրեններ, օգնականներ, խորհրդականներ։ Մի խոսքով, իրենք իրենցով։

Շրջանառվում է նաև Շիրակի նախկին մարզպետ Հովհաննես Հարությունյանի անունը, ով 2021-ից մինչև անցած տարվա դեկտեմբերը զբաղեցնում էր ՏԿԵ փոխնախարարի պաշտոնը։ Ցուցակի վերջին 99-րդ համարը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն է։

Ցուցակում ընդգրկված են նաև Նիկոլ Փաշինյանի իրեն լեննականցի համարող մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։ Ուշագրավն այն է, որ ՔՊ-ն փրայմերիզի արդյունքներով հաղթած թեկնածուի պաշտոնավարման առաջին օրից նրան լծել էր ապօրինի քարոզարշավի։ Սարիկ Մինասյանն էլ իր անվան շուրջ հնչող խոսակցություններին, ասել է, որ ինքը պարզապես ծանոթանում է գյումրեցիների խնդիրներին։

Գյումրիի նախընտրական մթնոլորտը խոստումներով ու ակնկալիքներով է լցված։ Գյումրեցիների մի մասը դեռևս չի կողմնորոշվել, թե ում պիտի ընտրի, որովհետև հա‘մ մոլորեցրել են, հա‘մ էլ հավատ չունեն ոչ մի թեկնածուի նկատմամբ։

Նախընտրական քարոզչության ֆոնին իշխանության և ընդդիմության միջև ֆեյսբուքյան «փոխհրաձգություն» է. ՔՊ-ականները մարտական են տրամադրված, պիտակավորվում են, հայհոյում, վիրավորում և մարդկանց համոզում, որ իրենց ընտրելու պարագայում մերժում են նախկին իշխանության ներկայացուցիչներին, որոնց մեկ անգամ արդեն մերժել են 2018 թվականին։