Ուղիղ եթեր
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 20:22 16-02-2025

Մխիթար Հայրապետյանը Աբու Դաբիում մասնակցել է «IDC 2025» պաշտպանական համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 16-ին Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) պաշտպանության գործերով պետնախարար Մումահամադ բին Մուբարաք բին Ֆադել Ալ Մազրուիի հրավերով, Աբու Դաբիում մասնակցել է «IDEX 2025» միջազգային պաշտպանության համաժողովի շրջանակում անցկացվող «Պաշտպանություն վերաիմաստավորում. նորարարություն, ինտեգրում և դիմակայունություն» խորագրով Միջազգային պաշտպանական համաժողովին (IDC):

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդես է եկել որպես բանախոս «Ապատեղեկատվություն և ազդեցության գործառնություններ» խորագրով պանելային քննարկման շրջանակում։ Նախարարը ներկայացրել է Հայաստանի քաղաքականությունը ապատեղեկատվության դեմ պայքարի ուղղությամբ՝ ընդգծելով, որ ապատեղեկատվությունը նոր խնդիր չէ, սակայն ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման և տեղեկատվության տարածման նոր հնարավորությունների հետ առաջանում են նոր մարտահրավերներ, որոնք խիստ արդիական են ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար։

Մխիթար Հայրապետյանը ներկայացրել է ՀՀ քաղաքականությունը ապատեղեկատվության, deepfake-երի կիրառման դեմ պայքարի ուղղությամբ՝ կարևորելով պետություն-մասնավոր հատված-հասարակություն կապը, կիբեռանվտանգության, մեդիագրագիտության, փաստերի ստուգման և տեղեկատվական անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության շուրջ պատկերացումները։ Նախարարը խոսել է նաև ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից, ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող աշխատանքներից, ինչպես նաև այս համատեքստում նախատեսվող օրենսդրական փոփոխություններից, կիբեռանվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներից, պետական և մասնավոր հատվածների համագործակցության հեռանկարներից, տեղեկատվական համակարգերի ճշգրտության ու հուսալիության բարձրացմանն ուղղված ծրագրերից:

Նախարարի ելույթում շեշտվել է, որ ներկայիս հիպերհաղորդակցված աշխարհում տեղեկատվությունը դարձել է հզոր զենք, որը կարող է ձևավորել ընկալումները, ազդել վարքագծի վրա և նույնիսկ փոխել համաշխարհային իրադարձությունների ընթացքը։ Քննարկման ընթացքում անդրադարձ է եղել այն մեխանիզմներին, որոնց միջոցով պետական և ոչ պետական դերակատարները կարող են ձևափոխել պատմություններն ու տարածել ապատեղեկատվություն՝ ազդելով հասարակական կարծիքի և քաղաքական որոշումների վրա։

Պանելային քննարկմանը նախարարը խոսել է նաև արհեստական բանականության, մեքենայական ուսուցման, տվյալների վերլուծության, բլոքչեյն տեխնոլոգիաների, փաստերի ստուգման մեթոդների և միջազգային համագործակցության կարևորության մասին։ Նշվել է նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ֆրանսիական Mistral AI ընկերության միջև Փարիզում ստորագրված փոխըմբռնման հուշագրի մասին, որը Հայաստանում արհեստական բանականությամբ պայմանավորված նորարարությունները խթանելուն է ուղղված։

Մխիթար Հայրապետյանը ընդգծել է՝ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն ներգրավվել միջազգային նախաձեռնություններում, համագործակցել գործընկերների հետ և համատեղ հաղթահարել տեղեկատվական անվտանգության ոլորտի արդի մարտահրավերները։

Պանելային քննարկումը վարել է փոխծովակալ (Պաշտոնաթող) Քևին Դոնեգանը՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի կենտրոնական հրամանատարության (U.S. Naval Forces Central Command (NAVCENT)) և հինգերորդ նավատորմի նախկին հրամանատարը:

Մասնակցել են նաև՝

Այշա Մանզոր Վաթտո – Պակիստանի Իսլամական Հանրապետության էլեկտրոնային լրատվամիջոցների կարգավորման մարմնի (Pakistan Electronic Media Regulatory Authority (PEMRA)) տնօրեն

Լիիսա Պաստ – Էստոնիայի Հանրապետության ազգային կիբեռանվտանգության նախկին տնօրեն

Մեթյու Քոչրան – պաշտպանության, տիեզերքի և անվտանգության ոլորտներում մասնագիտացված «DSMC (Defense Services Marketing Council) International» խորհրդի գործադիր տնօրեն

IDC-ին կհաջորդի «IDEX 2025» միջազգային պաշտպանության համաժողովը և ցուցահանդեսը, որը համարվում է Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի ռազմավարական կարևորագույն միջոցառումներից մեկը։ «IDEX»-ը միակ միջազգային պաշտպանական ցուցահանդեսն է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում, որտեղ ներկայացվում են ցամաքային, ծովային և հակաօդային պաշտպանության ոլորտների վերջին տեխնոլոգիաները։

Ամենից շատ դիտված

21:43 Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը
21:17 Գնամ տատիկիս ծաղիկ տամ. ինչպես է Անահիտ Կիրակոսյանի թոռնիկը դիմավորել նրան
17:28 «Changan» ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
17:42 Արգենտինացի ֆուտբոլիստի ընտանիքը մահացել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով
14:55 Պարզվել են գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունները
10:18 TikTok-ում 12 միլիոն դիտում հավաքած տեսանյութից հետո ՌԴ-ում ձերբակալվել է Պուտինին սպառնացող նախկին զինծառայողը
10:10 Ռուսաստանը պետք է առաջինը քայլ կատարի դեպի խաղաղություն. Զելենսկին առաջարկ է փոխանցել Պուտինին
22:34 Արթիկում կոալիցիոն կառավարումն ավարտվել է. մանրամասներ
11:33 Սպանվել է Ուկրաինայի ԳՇ գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾ
13:17 Ուկրաինան Խերսոնում հարված է հասցրել ավտոբուսային պարկին․ ոչնչացվել է 14 դպրոցական ավտոբուս

Ձեզ գուցե հետաքրքրի