Այսօր փետրվարի 10-ն է՝ հայ ժողովրդի համար բախտորոշ նշանակություն ունեցող Թուրքմենչայի հաշտության պայմանագրի ստորագրման օրը։ Թուրքմենչայի հաշտության պայմանագրով ավարտվեց ռուս-պարսկական 1826-28 թվականների պատերազմը, ինչպես նաև Արևելյան Հայաստանն ամբողջովին միացվեց Ռուսական կայսրությանը։
Դեռևս 1804–1813 թթ. ռուս–պարսկական պատերազմի ավարտին ստորագրված Գյուլիստանի հաշտության պայմանագրով Արևելյան Հայաստանի մի մասը՝ Լոռու, Ղազախի, Շամշադինի, Իջևանի, Շիրակի, Զանգեզուրի շրջանները և Ղարաբաղի խանությունը անցել էին Ռուսաստանին, սակայն Երևանի և Նախիջևանի խանությունները, ինչպես նաև Օրդուբադի գավառը շարունակում էին մնալ Պարսկաստանի կազմում։ Պարսկական կողմը չէր հաշտվում Այսրկովկասի իր տարածքները Ռուսաստանին անցնելու հետ, և 1826 թ․ հուլիսին թագաժառանգ Աբաս Միրզայի 60 հազարանոց բանակը, խախտելով Գյուլիստանի պայմանագիրը, ներխուժեց Արցախ՝ սկսելով երկրորդ ռուս-պարսկական պատերազմը։
Աբաս Միրզան իր բանակը բաժանեց երկու մասի, որոնցից մեկը Հասան խանի գլխավորությամբ արշավեց Շիրակի ուղղությամբ, իսկ մյուսը՝ Աբբաս Միրզայի գլխավորությամբ, մտավ Արցախ։ Աբբաս Միրզայի դեմ դուրս եկան ռուսական բանակի շուրջ 1000 զինվոր։ Նրանց պարտականությունը՝ պարսկանան բանակի առաջխաղացման դանդաղեցումն էր, սակայն նրանք շրջափակվեցին ու պարսիկների կողմից սուտ խոստումներին հավատալով սպանվեցին։ 1826 թվականի հուլիսի 25-ին Աբբաս Միրզան, շուրջ 50 հազարանոց բանակով շրջափակեց Շուշիի բերդը։ Պարսիկների հարձակման ժամանակ այստեղ գտնվում էր ընդամենը 6 վաշտ՝ լեհ գնդապետ Իոսիֆ Ռեուտի գլխավորությամբ, որը տեղաբաշխված էր Չանախչի (Ավետարանոց) գյուղում։ Փոքրաթիվ այս զորամասին օգնելու նպատակով Գորիսում գտնվող փոխգնդապետ Նազիմկայի հրամանատարության տակ եղած մոտավորապես 1000 հոգանոց զորամասը հրաման է ստանում՝ միանալ գնդապետ Ռեուտի 42-րդ եգերական գնդին։ Այն պաշտպանում էին 3000 զինվոր (մեծ մասը հայեր)։ Պարսկական ևս երկու զորագունդ շարժվում են Լոռու և Թալիշի ուղղությամբ. կարճ ժամանակ անց հետ է գրավվում Թալիշի խանությունը։
Աբբաս Միրզան, տեսնելով, որ պաշարումը ձգձվում է, իր որդուն՝ Մահմադ Միրզային, 12 հազարանոց բանակով ուղարկում է հյուսիս, որտեղ առանց դժվարությամբ Մեհմեդը գրավում է Ելիզավետպոլը ու շարժվում առաջ։ Այդ ժամանակ Ալեքսեյ Երմոլովը հայազգի Մադաթովին հանձնարարում է ամեն կերպ կասեցնել Մահմադի առաջխաղացումը՝ մինչև ռուսական հիմնական զորքերի հասնելը։ Մադաթովը իր 2 հազարանոց բանակով որոշում է թշնամուն ընդառաջ գնալ։ Երկու բանակները ճամբար են դնում Շամքոր գետի ափին։ Իմանալով որ գիշերը պարսիկները հարձակվելու են՝ Մադաթովը նախահարձակ է լինում ու առաջին ընդհարման ժամանակ քշում իրենից հնգապատիկ ավել բանակին։ Իրանական բանակը նահանջում է Շամքոր գետի աջ ափը ու բանակում այնտեղ։
1826 թվականի սեպտեմբերի 3-ին տեղի է ունենում Շամքոր գետի ճակատամարտը՝ ռուսական 2 հազարանոց ու պարսկական 10 հազարանոց զորքերի միջև։ Ռուսական բանակը` հայազգի գեներալ Վալերիան Մադաթովի գլխավորությամբ, նախահարձակ է լինում։ Պարսից զորքը, չնայած խուճապին, դիմադրում էր ռուսական բանակի գրոհներին և նահանջեց միայն այն ժամանակ, երբ Մադաթովը առաջ քաշել տվեց գումարտակը, որն իր շարժվելու արդյունքում փոշի բարձրացրեց երկինք։ Պարսիկները հեռվից տեսնելով մտածեցին, թե դա հսկայական բանակ է, որն օգնության է հասել Մադաթովին՝ անկանոն նահանջեցին։ Այս ճակատամարտը ստիպեց Աբբաս Միրզային թողնել Շուշիի պաշարումը ու գնալ Մադաթովին ընդառաջ։
Չնայած որ ճակատի հրամանատար Ալեքսեյ Երմոլովը Մադաթովին հրամայել էր դիրքերը պահել մինչև հիմնական բանակի ժամանումը՝ Մադաթովը որոշեց առաջ շարժվել։ Նա առանց դիմադրության հետ գրավեց Ելիզավետպոլը։ Սեպտեմբերի 11-ին Իվան Պասկևիչը ժամանեց ռազմաճակատ ու փոխարինեց Երմոլովին։ Պատերազմի այդ ճակատում ուժերի հարաբերակցությունը փոխվեց։ Ռուսական բանակի թիվը այդտեղ հասավ 8 հազարի, իսկ պարսկականինը նվազեց 35 հազար զինվորի։ Պասկևիչը սկզբում ուզում էր խուսափել բաց ճակատամարտից, բայց Մադաթովը նրան կարողացավ համոզել, որ այդ քայլի դեպքում պարսկական բանակի մարտունակությունը կբարձրանա։ Ճակատամարտի նախորդ օրը՝ սեպտեմբերի 13-ի գիշերը, Մադաթովին ներկայացան երկու հայ զինվորներ, որոնք ծառայում էին Աբբաս Միրզայի բանակում, ու հայտնեցին որ Աբբաս Միրզայի բանակը արդեն դուրս է եկել մթության քողի տակ և շարժվում է առաջ՝ առավոտյան ճակատամարտը սկսելու համար։
Սեպտեմբերի 14-ին պարսկական բանակը, կիսաշրջանաձև դասավորվելով, անցավ գրոհի։ Նրանց նպատակն էր շրջափակել թշնամուն՝ օգտագործելով թվական առավելությունը։ Մադաթովն օգտագործում է մարտունակության առավելությունը, թշնամուն թույլ տալիս առաջանալ, իսկ երբ զորքերի միջև հեռավորությունը հասավ ընդամենը 100 քայլի, նա հրամայեց հարձակվել թշնամու վրա ու կատաղի կռիվ տալ։ Մարտունակության առավելությունը ճիշտ օգտագործելով՝ ռուսական զորքը հաղթեց ճակատամարտը։ Ճակատամարտից հետո ռուսական բանակը սկսեց հետապնդել պարսիկներին։
Այս ճակատամարտերից հետո Աբբաս Միրզան նահանջեց Արաքսի հարավային ափը։ Դրանով ավարտվեց նաև Շուշիի հերոսական պաշտպանությունը, որը տևել էր 48 օր։ Այն կարևոր նշանակություն ունեցավ ռուս-պարսկական պատերազմի հետագա ամբողջ ընթացքի վրա՝ ձախողելով թշնամու՝ Թիֆլիսի վրա հարձակվելու ռազմական ծրագրերը։ 1827 թվականի հունվար-փետրվարին ռուսական բանակի մի մասը զբաղված էր Արաքս գետից Արցախ ներխուժած տարբեր ցեղերի դեմ պայքարելով և Արցախը նրանցից մաքրելով։
1827 թվականի գարնանը Ներսես Աշտարակեցու և Հարություն Ալամդարյանի գլխավորությամբ Թիֆլիսում կազմակերպվեցին կամավորական ջոկատներ, որոնք ռուսական զորամասերի հետ մասնակցեցին ռազմական գործողություններին։ Մարտին Թիֆլիսում կազմակերպվեց 117 հոգուց բաղկացած հայ կամավորների առաջին ջոկատը, իսկ մայիսին քաղաքի այդ ջոկատներում ցուցակագրվել էին շուրջ 600 հոգի։ Նույն ժամանակ ռուսական զորքերը կենտրոնացվեցին Երևանում տեղակայված Հասան խանի զորքի դեմ։ Ապրիլի սկզբին ռուսական բանակի զորամասերը մտան Երևանի խանության տարածք, գրավեցին Էջմիածինը և մոտեցան Երևանի բերդի մատույցներին։ Հունիսի 15-ին Երևանի պաշարման համար ժամանեց 20-րդ հետևակային դիվիզիան՝ գեներալ Աֆանասի Կրասովսկու գլխավորությամբ։ Վերջինս մասնակցել էր Ֆրանսիայի դեմ մղվող ռուս-ավստրիական պատերազմին, Օսմանյան կայսրության դեմ մղվող 1806-1812 թվականների, ինչպես նաև 1812 թվականի հայրենական պատերազմներին։ Արարատյան դաշտի խիստ շոգ կլիմային ոչ սովոր ռուսները վարակվեցին տենդերով և դիզենտերիայով, և մարտունակ զինվորների քանակը իջավ 4000-ի։ Ռուսներն առժամանակ դադարեցրին պաշարումը և բարձրացան Արագած լեռ՝ Էջմիածնում թողնելով Սևաստոպոլի հետևակային խմբի գումարտակը (մինչև 500 սվին), 5 հրանոթ, հայերի հեծյալ կամավորական ջոկատի հարյուրյակ, և 700 հիվանդ զինվոր։
Մեկ այլ զորամաս մտել էր Նախիջևանի խանություն. քաղաքը հանձնվեց կարճ ժամանակ անց։ Դրանից ոչ հեռու գտնվող Աբբասաբադ ամրոցը շարունակում էր դիմադրել։ Պաշարումը տևեց մեկ շաբաթ՝ հուլիսի 1-7-ը։ Այդ ընթացքում ռուսները կասեցրին Աբբաս Միրզայի օգնական զորքերի ժամանումը։ Ռուսների հաղթանակի պատճառներից մեկը Նախիջևանի Էհսան խանի դավաճանությունն էր պարսկական զորքին։ Երևանի խանությունն, այսպիսով, պաշարված էր երեք կողմից. Պարսկաստանին կապող միակ ճանապարհն անցնում էր Մակուի և Իգդիրի միջոցով։
Աբբաս Միրզան անցնում է հակահարձակման. օգոստոսին պարսկական 9 հազարանոց հետևակը և 21 հազարանոց հեծելազորը, որը զինված էր 24 թնդանոթով, մոտենում է Էջմիածնի մատույցներին, երբ ռուս զինվորները հանգստանում էին Արագած լեռան լանջերին։ Օգոստոսի 17-ին Օշական գյուղի մոտ տեղի ունեցավ արյունահեղ ճակատամարտ։ Նրանց դեմ կանգնած էր ռուսական 3 հազարանոց ջոկատը, հայ և վրացի կամավորներ, որոնք միասին ունեին 12 թնդանոթ։ Պարսիկները ճակատամարտում պարտություն կրեցին, և դրա հետևանքով ռուսները ոչ միայն չհանձնեցին Էջմիածինը, այլև գրավեցին Սարդարապատը, ևս մեկ անգամ մոտենալով Երևանին։ Այն ամրացված էր եվրոպական ռազմական մասնագետների ղեկավարությամբ։ Հասկանալով, որ սա լինելու է վերջին ճակատամարտը Արևելյան Հայաստանում՝ պարսիկները չհանձնեցին բերդը։
Սեպտեմբերի վերջին գեներալ Պասկևիչը հրամայում է գրոհել: Ռուսական պաշարողական հրանոթները օր ու գիշեր ռմբակոծում են բերդը. հոկտեմբերի 1-ին պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում ընկնում է, որի հետևանքով գերեվարվում են 3000 զինվոր, 100 թնդանոթ, զենք ու զինամթերք։ Երևանի վերջին՝ Հասան խան Ղաջարը գերեվարվածների թվում էր։ Երևանի գրավման համար Պասկևիչը ստացավ «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը։ Ռուսներից և հայերից շատերը պարգևատրվեցին «Երևանի բերդի գրավումը» մեդալով։ Դա իսկական տոնախմբություն էր ժամանակի հայության համար։
Ռուսական զորքերը շարունակում են հաղթարշավը և շարժվում Թավրիզի ուղղությամբ։ Վերջինս Ղաջարական Պարսկաստանի երկրորդ խոշոր քաղաքն էր, առևտրական կարևորագույն հանգույց։ Վրացի գեներալ Գեորգի Էրիսթավի առաջապահ ջոկատը մտավ Մակուի խանություն, ապա հոկտեմբերի 3-ին գրավել է Մարանդը, որն ընկած էր Մակու-Թավրիզ ճանապարհի կենտրոնում։ Տասը օր անց նույն ջոկատը մտավ Թավրիզը, իսկ գլխավոր ուժերն այստեղ հասան հոկտեմբերի 19-ին։ Քաղաքի կայազորը փախուստի մատնվեց, և 60.000 բնակիչ ունեցող քաղաքը առանց դիմադրության հանձնվեց։ Պարսիկները չէին շտապում հաշտություն խնդրել, ուստի ռուսները գրավեցին Խոյի խանությունը՝ Սալմաստ և Խոյ հինավուրց բնակավայրերը, ինչպես նաև Ուրմիայի խանությունը՝ համանուն կենտրոնով։ Այստեղ նրանց աջակցում էին ոչ միայն տեղաբնիկ հայերը, այլև ասորիները։
Ռազմաճակատում տիրող իրավիճակն ու ռուսական զորքերի առաջխաղացումը պարսկական կողմին ի վերջո հարկադրեցին հաշտություն խնդրել։ 1828 թվականի փետրվարի 10-ին կնքվեց Թավրիզից Թեհրան տանող ճանապարհի վրա գտնվող Թուրքմենչայ գյուղում ստորագրվեց հաշտության պայմանագիրը։ Իրանական կողմի հետ բանակցությունները վարել և պայմանագրի տեքստը համաձայնեցրել է ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովը։ Պատերազմի ավարտից հետո նրա հայտնի «Խելքից պատուհաս» պիեսն առաջին անգամ բեմադրվեց հենց այստեղ՝ Երևանում։
Թուրքմենչայի պայմանագրով ռուս-պարսկական երկրորդ պատերազմն ավարտվեց, և Արևելյան Հայաստանն ամբողջությամբ անցավ Ռուսական կայսրությանը, իսկ ռուս-իրանական նոր սահման դարձավ Արաքս գետը։ Բացի այդ, պայմանագրով Իրանը Ռուսաստանին 20 մլն ռուբլի ռազմատուգանք վճարեց։ Պատերազմից հետո Ռուսաստանը սկսում է կապիտալ ներդրումներ կատարել Պարսկաստանում, որով ոչ միայն այդ երկրի հյուսիսը, այլև Կասպից ծովը վերցրեց իր ազդեցության տակ։
Ռուսաստանի տիրապետության տակ անցնելով՝ արևելահայությունը՝ ի տարբերություն Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող արևմտահայերի, ազատվեց ձուլման և ֆիզիկական բնաջնջման վտանգից. շահ Աբբասի կազմակերպած հայերի բռնագաղթից երկու դար անց Արևելյան Հայաստանում հայ բնակչության թիվը հասնում էր 35 հազարի, իսկ իսլամադավան բնակչությունը հայերին կրկնակի գերազանցում էր։ Ռուսական տիրապետությունը նպաստեց, որ Արևելյան Հայաստանի տարածքում կրկին հայ բնակչության թվաքանակը աճի․
Ալեքսանդր Գրիբոյեդովը և Ներսես Աշտարակեցին կազմակերպեցին 40-42 հազար հայերի ներգաղթը նորաստեղծ Հայկական մարզ։ Փոխարենը այստեղից հեռացան հազարավոր մուսուլմաններ։ Ժողովրդագրական կազմը ավելի փոխվեց հօգուտ հայերի, երբ 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո Արևմտյան Հայաստանից Ջավախք, Շիրակ ու Սևանի ավազան եկան ևս 80 հազար հայեր և այսպիսով Արևելյան Հայաստանը դարձավ հայ ժողովրդի ազգահավաքման և գոյատևման կենտրոն։
Առաջին համաշխարհային պատերազմի ավարտական փուլում՝ 1918 թվականի մայիսին, Արևելյան Հայաստանի տարածքի մի մասում ավելի քան 1000-ամյա բացակայությունից հետո Հայաստանը վերականգնեց իր անկախ պետականությունը։ Չնայած առաջին հանրապետությունը շատ կարճ կյանք ունեցավ՝ երկուսկես տարի, այնուամենայնիվ հենց նրա շնորհիվ Հայաստանը ԽՍՀՄ-ում միութենական պետության կարգավիճակ ստացավ, իսկ արդեն 1991 թվականին իր անկախությունը վերականգնելու հնարավորություն ունեցավ։
Դավիթ Գույումջյան