Երկխոսելու փոխարեն աշխատանքից ազատելն իրավիճակի արհեստական սրում է
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանը գրում է. «Աշխատողներն իրավունք ունեն պայքարելու իրենց արժանապատիվ աշխատանքային պայմանների համար, այդ թվում` գործադուլի միջոցով։ Վերջիններիս հետ երկխոսելու փոխարեն աշխատանքից ազատելն իրավիճակի արհեստական սրում է։
Ուստի անհրաժեշտ է բողոքի ակցիայի համակարգող խորհրդի անդամներին վերականգնել աշխատանքում և գրավոր արձանագրել մինչ այժմ բանավոր համաձայնության եկած երեք կետերը` աշխատավարձի բարձրացման, աշխատանքային պայմանների բարելավման և ապահովագրության իրական գործարկման վերաբերյալ։
Հաշվի առնելով ԶՊՄԿ ընկերության ահռելի նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար` անհրաժեշտ է ժամ առաջ ընդառաջ գնալ ոլորտի արհմիության և աշխատողների առաջարկներին և գործուն քայլեր ձեռնարկել վերոնշյալի վերաբերյալ»: