«
Ռուս-ադրբեջանական լարվածությունը իրական է, բայց դա չի նշանակում, որ իրենց հարաբերություններում կտրուկ շրջադարձեր են տեղի ունենում։ Դա չի բխում կողմերի շահերից»,-
Oragir.News-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Արմեն Վարդանյանը՝ անդրադառնալով այն պնդումներին, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությունն իրականում ձևական բնույթ է կրում և կողմերը շարունակում են մի շարք հարցերում փոխգործակցել։
Քաղաքագետը նկատում է՝ ցավոք սրտի Հայաստանում միշտ մտածել են, որ եթե Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ ունենան, պետք է ամեն ինչ անեն՝ ռուսական կողմին գոհացնելու համար։ «Տարիներ շարունակ մեր ռազմավարական օբյեկտներն ենք տվել նրանց, միջազգային կառույցներում քվեարկել ենք Ռուսաստանի շահերի օգտին՝ հաճախ մեր շահերի դեմ, արել ենք քայլեր, որոնք չեն բխել մեր շահերից՝ մտածելով, որ դա է ճիշտ, դաշնակցի հետ այդպես պետք է ճիշտ հարաբերություններ կառուցվեն։ Մինչդեռ Ադրբեջանը ցույց է տալիս, որ կարելի է դաշնակցի հետ վիճել, դաշնակցի հետ չհամաձայնել, սեփական շահերն առաջ մղել, ինչը նաև մեզ մոտ են սկսել հասկանալ։ Իհարկե՛ դա ուշ տեղի ունեցավ, բայց վերջին 3 տարիներին արդեն տեսնում ենք, որ Հայաստանն էլ է այն ուղղությամբ գնում։ Այնպես որ կա լարվածություն, կան ստորջրյա խութեր, բայց դա չի նշանակում իրենց հարաբերություններում կտրուկ շրջադարձեր են տեղի ունենալու»,- կարծում է նա։
Oragir.News-ի հարցին՝ ռուս-ադրբեջանական հարաբերություններում ինչո՞ւ են կտրուկ շրջադարձերը բացառվում՝ Արմեն Վարդանյանը պատասխանեց, որ երկու երկրներն էլ ունեն միմյանց կարիքը, փոխադարձ շահեր անեն, ինչը թույլ չի տալիս հարաբերությունները վատթարացնել։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանին պետք է Ռուսաստանը, Ռուսաստանին՝ Ադրբեջանը, ուստի կողմերի շահերից է բխում գնալ ոչ թե կոնֆլիկտոգեն, այլ կոնֆլիկտը լուծելու ճանապարհով․ «Իրենց մոտ այս մի քանի տարիների ընթացքում անընդհատ եղել են ինչ-որ խնդիրներ, բայց էլի լուծվել են»։
Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Հայաստանը որևէ կերպ չի կարող այս լարվածությունից օգտվել։ Նա ընդգծեց՝ այս լարվածությունը որոշ ժամանակ հետո կանցնի և կգնա, երկու երկրները կրկին կպայմանավորվեն և իրենց հարցերը կլուծեն։ «Եթե նայենք վերջին տարիների իրադարձություններին, կտեսնենք, որ էլ Ադրբեջանի կողմից ռուսական ինքնաթիռ է խոցվել, Արցախում ռուս զինվորների են սպանել ադրբեջանցիները, Ադրբեջանը Ռուսաստանին մեղադրում էր Շուշիին իսկանդերով հարվածելու մեջ և այլն։ Մշտապես նման կոնֆլիկտներ եղել են, բայց երկրների ղեկավարները պայմանավորվել են, այդ կոնֆլիկտները հարթվել են։ Կարծում եմ՝ այս անգամ էլ նույնը կլինի»,- նկատեց նա։
Քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանի նախագահն այս անգամ ավելի բարձր գին է պահանջում, քանի որ դա նաև իր անձնական հեղինակության հարցն է։ Նա հիշեցնում է՝ կործանված AZAL ավիաընկերության ինքնաթիռը քաղաքացիական էր, որի հետևանքով 38 մարդ մահացավ։ «Ադրբեջանի ներսում կա ճնշում՝ երկրի նախագահի նկատմամբ, և Ալիևն այս անգամ կփորձի ավելի մեծ բաներ կորզել Ռուսաստանի Դաշնությունից՝ այդ խնդիրը հարթելու համար»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ նախորդ դեկտեմբերին Ղազախստանում ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո ռուս-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը չի մարում, ադրբեջանական կողմը սպառնում է անգամ Ռուսաստանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան։ Բացի այդ, ադրբեջանցի պաշտոնյաներն ու լրատվամիջոցները պնդում են՝ Բաքուն դժգոհ է, որ Ռուսաստանի իշխանությունը մինչ օրս չի ընդունել իր մեղսակցությունը և չի կատարել Ալիևի պահանջները․ չի պատժել մեղավորներին ու չի փոխհատուցել վնասները։
Զուգահեռաբար փորձագիտական և վերլուծական որոշ շրջանակներ պնդում են, որ ռուս-ադրբեջանական լարվածությունը ձևական բնույթ է կրում։ Այս տեսակետի կողմնակիցները պնդում են, որ եթե լարվածությունն իրական լիներ, ապա Ադրբեջանը կդադարեցներ իր տարածքով ռուսական գազի տարանցումը, ինչից ռուսական կողմն ահռելի վնասներ կկրեր, սակայն տարանցումն առ այսօր շարունակվում է։
Դավիթ Գույումջյան