ԱՄՆ կատարած այցի ժամանակ ՀՀ պատվիրակության կազմում է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը։ Հանրության մի մասը զարմացած է, թե ինչո՞ւ է, շատերի գնահատմամբ՝ աստվածամերժ դիրքորոշմամբ աչքի ընկած պատգամավորը ներգրավվել պաշտոնական պատվիրակության կազմում, երբ փետրվարի 3-7-ը ՀՀ պատվիրակության ԱՄՆ աշխատանքային այցի նպատակը Վաշինգտոնում 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին մասնակցելն է։
Մասնավորապես՝ 2024-ի հուլիսի 1-ին Արսեն Թորոսյանն, անդրադառնալով Սրբազան շարժման հանրային միջոցառումներին, ասել էր. «Այս ամեն ինչի արդյունքը եղավ այն, որ առանց այն էլ հեղինակազրկված Հայ առաքելական եկեղեցին ավելի հեղինակազրկվեց, ինչից ես անձնապես ուրախանում եմ, որովհետև ինչքան եկեղեցին թույլ է, այնքան ուժեղ է պետությունը, ու դա այդպես է բոլոր պետություններում»։
Հավանաբար՝ ԱՄՆ-ում այսքանը չեն հասկանում, որ Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողով են կազմակերպում ամեն տարի, հրավիրում աշխարհի երկրների ղեկավարներին, առանձնակի կարևորելով այս ֆորումը մարդկության համար։ Եվ Արսեն Թորոսյանը, ենթադրաբար, ներգրավվել է ՀՀ պատվիրակության կազմում, որ Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի մասնակիցներին, ամերիկյան քաղաքական, հանրային գործիչներին բացատրի, հասկացնի, որ «ինչքան թույլ է եկեղեցին, այնքան ուժեղ է պետությունը, ու դա այդպես է բոլոր պետություններում»։
Հիշեցնենք նաև, որ Խորհրդային բռնազավթման տարիներին, մասնավորապես՝ 1924-1941 թվականներին կայսրությունում գործում էր «Մարտնչող անաստվածների միություն» անունով պետական կազմակերպություն։ 1929-ին հիմնադրվել է ՀԽՍՀ Մարտնչող անաստվածների միությունը, որի աշխատանքներին մասնակցել են Հ. Գյուլիքեխյանը, Հ. Ազատյանր, Գ. Վանանդեցին, Դ. Դզնունին, Հ. Մելիքյանը, Պ. Թորոսյանը, Վ. Մնացականյանը, Վ. Թաթիկյանը, Է. Չոփուրյանը, Մ. Բաղդասարյանը։ Միությունը հրատարակել է «Անաստված» (1928-1934 թթ.) հանդեսը։ Մարտնչող անաստվածների միությունը ղեկավարվել է «կրոնի դեմ պայքարը՝ պայքար է հանուն սոցիալիզմի» նշանաբանով, հենվելով ԽՄԿԿ որոշումների և գիտական աթեիզմի սկզբունքների վրա։
Ենթադրելի է, որ անցյալի ամոթալի այս էջն է ոգևորել Արսեն Թորոսյանին։ Եվ այն կարող է ոգևորել նաև նրա հետևորդներին ԱՄՆ-ում և աշխարհում։ Եթե նրան հաջողվի իր գաղափարները հանրայնացնել ԱՄՆ-ում, ապա առաջիկայում, հնարավոր է՝ այդ երկրում հասարակական շարժումներ կսկսվեն։ Նրա գաղափարները կտարածվեն սկզբում ԱՄՆ-ում, ապա ամբողջ աշխարհում, քանի որ ԱՄՆ-ն գերտերություն է, նրանից օրինակ են վերցնում շատերը։ Եվ որոշ ժամանակ անց կիրականացվի անաստվածների երազանքն ու մարդկությունը կազատվի եկեղեցիներից, կրոններից, հոգևորականներից։
Կարծ ասած՝ եթե ներկայում, ինչպես Նիկոլ Փաշինյանն է ասում՝ աշխարհում հայ ժողովրդին նահատակի տեղ են դնում, այսինքն՝ հային համարում են ռուսական շահերի համար մեռած, ապա ժողովրդի ընտրյալ Արսեն Թորոսյանի շնորհիվ հային կարող են համարել նաև անաստված և ավելի հիմնավոր մերժել։ Ենթադրաբար՝ այս խորհրդանշական ակնարկն աշխարհին հասցնելու համար են նրան ընդգրկել պատվիրակության կազմում։
Թաթուլ Մկրտչյան