2024 թ. սեպտեմբերի 3-ին ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը գլխադասային հանձնաժողովում քննարկելու ժամանակ ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը, անդրադառնալով ընդդիմադիր գործընկերոջ քննադատությանը, պարզ և աներկբա ասել է՝ «Տիկին Գալստյանի հայտարարությունը երևի այն է, որ մենք բոլոր «ազգային» բառերը փոխում ենք «պետական» բառերով, և դա հետևողական քաղաքականություն է: Ես ուզում եմ վերահաստատել, որ այդպիսի միտում կա մեզ մոտ, մենք «ազգային» բառերը փոխում ենք «պետական» բառերով, որովհետև բառարանային մակարդակում շփոթի հարց է առաջանում: Մենք «ազգային» բառի երկու իմաստ ունենք հայերենում։ Հետևաբար՝ «պետականն» ավելի ճշգրիտ է արտահայտում այն, ինչը մենք ուզում ենք արտահայտել»,- ասել է Թագուհի Ղազարյանը:
Նախ նկատենք, որ պետականը ազգայինից գերադասելը ապապետական, անարխիստական, բոլշևիկյան մոտեցում է։ ՔՊ-ական պատգամավորի այս պարզ դիրքորոշումն, ընդհանուր առմամբ՝ հասկանալի։ Ժողովրդավարությունն ու բազմակարծությունը իրավունք են տալիս քաղաքացուն հայտնել նույնիսկ այսպիսի կարծիք։ Հանրության տոլերանտ հատվածն էլ ըմբռնումով է վերաբերվում նրան։ Ի՞նչ արած, այս պատգամավորն էլ այսպես է կարծում։
Նշված քննարկումից ամիսներ անց, ԱԺ 2025-ի հունվարի 20-ի նիստում քննարկվել է ««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը: Նշենք, որ այս օրենքի փոփոխությամբ՝ մի շարք հոդվածներում «ազգային» բառը փոխարինվել է «պետական» բառով։
Խորհրդային բռնազավթման տարիներին «ազգային» բառը պետական կառույցների անվանումների մեջ չկար։ «Ազգային» բառը անվանումներում ներմուծվել է անկախանալուց հետո։ Եվ հիմա, երբ «ազգային» բառը հանում են անվանումներից, մարդկանց մոտ ասոցիացիա է առաջանում, որ բոլշևիկները հետ են եկել, ու պետության կործանման ուղի է ընտրվել։
Կա մտահոգիչ մեկ այլ երևույթ ևս։ Հանրային, հավանաբար՝ նաև միջազգային քննադատությունից հետո ՔՊ-ականները շեշտակի փոխում են դիրքորոշումը։ Օրինակ՝ հիշյալ օրենքում փոփոխություններ, լրացումներ ընդունելուց հետո հանրային քննադատության ալիք բարձրացավ, որից հետո ՔՊ պատգամավորը հանդես եկավ տրամագծորեն հակառակ դիրքորոշմամբ՝ «Ոչ մի կազմակերպության անուն չի փոխվել։ Ոչ մի կազմակերպության անունից «ազգային» բառը չի հանվել»,- իր էջում գրեց Թագուհի Ղազարյանը։
Հանրության մի մասի կարծքով՝ Թագուհի Ղազարյանը հակասական տեսակետներ է հայտնում։ Դրանց ցանկացած տրամաբանական համադրություն փակուղի է տանում։ Ինչպե՞ս անվանել այս երևույթը։ Մարդը մի քանի ամիս առաջ վերահաստատում է, որ «այդպիսի միտում կա մեզ մոտ, մենք «ազգային» բառերը փոխում ենք «պետական» բառերով»։ Իսկ օրենքն ընդունելուց ու հանրային քննադատության արժանանալուց հետո ասում է, որ «ոչ մի կազմակերպության անուն չի փոխվել»։ Թիմակիցներն էլ լրացնում են նրան ասելով, թե քննադատները մանիպուլյացիա են անում։
Հանրության մի մասի որակմամբ՝ սա անամոթություն է։ Անամոթությունը բնորոշ է արժեք չճանաչող մարդկանց։ Եվ շատ վիրավորական կլինի, եթե ՀՀ պաշտոնյաներն անամոթ մարդու տպավորություն թողնեն։
Պարզ ասած՝ հանրության մի մասը հույս չունի, որ ՔՊ-ն խիզախորեն կհրաժարվի «ազգային» բառը «պետականով» փոխելու ապապետական արշավից։ Ավելին՝ հաշվի առնելով, թե ինչպես են անարխիստական նախագծեր անցկացնում, հակասական տեսակետներ հայտնում, հետո հանդիմանում ժողովրդին, ենթադրելի է, որ անամոթությունը կդառնա ՔՊ-ական բրենդ, սովորական բան, ու հասարակությունը, ընդօրինակելով իշխանավորին, կքայքայվի։
Թաթուլ Մկրտչյան