Հայաստանը հայտնվել է աշխարհի անվտանգ երկրների թոփ 10-ում, իսկ մայրաքաղաք Երևանը՝ նույն ցուցանիշով թոփ 20-ում, ասվում է Lava Media-ի յութուբյան ալիքում տեղակայված տեսանյութում։
Նման վարկանիշային ցուցակները շատ են, սակայն դրանցում կան նաև այլ ցուցանիշներ։ Հայաստանն ամենակեղտոտ օդն ունեցող երկրներից է տարածաշրջանում։ Երևանում օդի աղտոտվածության մասին խոսվում է դեռևս 2023 թվականի մարտից։ Ըստ շվեյցարական IQAir ընկերության զեկույցի տվյալների՝ Հայաստանում 2022 թվականին գրանցվել է օդի աղտոտվածության ամենաբարձր մակարդակը Հարավային Կովկասի երկրների շարքում։ Զեկույցի համաձայն՝ Հայաստանը զբաղեցրել է 22-րդ տեղը օդի աղտոտվածության վարկանիշում, որը հիմնված է PM2.5 մասնիկների միջին կոնցենտրացիայի մակարդակի վրա: Հայաստանում այդ ցուցանիշը կազմել է 34.4 մկգ/խմ։ Համեմատության համար նշենք, որ Ադրբեջանը վարկանիշում զբաղեցրել է 51-րդ տեղը՝ PM2.5 կոնցենտրացիայի մակարդակով՝ 19 մկգ/խմ, Վրաստանը՝ 61-րդ տեղը (17մկգ/խմ)։
2023 թվականին իրավիճակը փոքր-ինչ բարելավվել է, բայց 2024 թվականի դեկտեմբերին պատկերը կրկին փոխվել է. քաղաքի որոշ հատվածներում ցուցանիշը հասել է մինչև 300 միավորի մեկ խորանարդ մետրի համար։ Նման ցուցանիշների դեպքում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս փողոցում դիմակ կրել, իսկ տանը՝ օդը մաքրող սարքեր։
Երևանի քաղաքապետարանը բարձրացված աղմուկից հետո փորձեց վստահեցնել, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ, և որ մարդիկ պարզապես չեն կարողանում համեմատել տվյալները։ Այդ ժամանակ հասարակական տարբեր խմբեր որոշեցին միավորվել և նամակ ուղարկել պաշոնյաներին։
Armenia Blackout-ի կայքի տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվարի 20-ի դրությամբ Երևանում ցուցանիշներն այդքան էլ բարձր չեն, թեպետ այդ թվերը տասնյակ անգամ գերազանցում են ԱՀԿ-ի ցուցմունքները։
Ակտիվիստների խոսքով՝ մայրաքաղաքում օդի որակի վրա ազդող մի քանի գործոն կա։ Առաջինը անբարենպաստ աշխարհագրական դիրքն է։ Դրան գումարվում է մարդկային գործոնը։ 2023 թվականին տեղական լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ «Երևանում պիկ ժամն այլևս գոյություն չունի»։ 2006 թվականին քաղաքում գրանցվել է 152.000 մեքենա։ Ավելի թարմ տվյալներ համացանցում չկան։ Տրանսպորտի գերակշիռ մասը որպես վառելիք օգտագործում է գազ, բայց ըստ ակտիվիստների գնահատականների՝ դա չի լուծում խնդիրը։ Եվս մեկ խնդիր է կենտրոնական ջեռուցումը, այն ամբողջությամբ վերացավ Սպիտակի երկրաշարժից հետո։ Դրա փոխարեն բոլոր տները գազաֆիկացված են։ Ձմռանը գազի դիմաց քաղաքացիները վճարում են 24-25.000 դրամ՝ 60 դոլար, այն դեպքում, երբ երկրում միջին աշխատավարձը 700 դոլար է։
Բնականաբար, այս իրավիճակն ազդում է մարդկանց առողջության վրա։ Վաղ թե ուշ սա կազդի նաև զբոսաշրջության, որն էլ իր հերթին՝ տնտեսության վրա։