Մեր՝ տիրոջ անվիճարկելի իրավունքն է թշնամին ուզում խլել
copy image url

Մեր՝ տիրոջ անվիճարկելի իրավունքն է թշնամին ուզում խլել

Միտք Ներքին 2 ամիս առաջ - 14:40 21-01-2025
Շատ դարեր առաջ ու նաև հիմա աշխարհագրական տարածքի վրա տիրոջ անվիճարկելի իրավունքը հիմք է հանդիսանում իշխանություն, պետություն ձևավորելու կամ դրա համար կենաց-մահու կռվելու համար։ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ չբարեկամների նկրտումներն ունեն ոչ միայն քաղաքական, տնտեսական, աշխարհաքաղաքական և քաղաքակրթական նշանակություն, այլև ժողովրդագրական։

Վերջին շրջանում, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» թեման կրկին շրջանառության մեջ է դրվել ռուս-թուրք-ադրբեջանական պաշտոնյաների կողմից։ Ակնհայտ սպառնալիքներ և վիրավորանքներ հնչում Հայաստանի, նախկին, ներկա ղեկավարների և հայ ժողովրդի հասցեին, ակնարկելով, որ ՀՀ-ն պարտավոր է արտատարածքային միջանցք տրամադրել։ Նրանց ձայնակցում են հայ քաղաքական համայնքի որոշ ներկայացուցիչներ, ասելով, որ ՀՀ իշխանությունները պիտի կատարեն 2020-ի նոյեմբերի 9-ի 9-րդ կետն ու ռուսներին հանձնեն միջանցքի վերահսկողությունը և այլն։

Սյունիքով բացվելիք ճանապարհի վերահսկողությունը ռուս-ադրբեջանական չբարեկամներին հանձնելն աղետալի տնտեսական հետևանք կունենա Հայաստանի համար, կստեղծվեն անվտանգային ռիսկեր հարևան Իրանի և միջազգային հանրության, մասնավորապես՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համար։ Այսինքն՝ Սյունիքը պաշտպանելու հարցում ՀՀ-ն ունի բնական դաշնակիցներ ի դեմս Իրանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի։ Սա հույս է ներշնչում, որ թշնամիների հակահայ նկրտումներ չեն իրականանա։

Սյունիքով անցնող հաղորդակցային ճանապարհը չբարեկամներին հանձնելու պարագայում կա նաև ժողովրդագրական աղետի ռիսկ, որ ժամանակի ընթացքում Սյունիքը ևս կհայաթափվի, ինչպես Արցախը։ Նկատենք, որ ի տարբերություն ՀՀ այլ բնակավայրերի, Արցախն ու Սյունիքը հազարամյակներով եղել են հայկական, բնակեցված մեծ մասամբ հայերով։ Այսինքն՝ հայերն այստեղ բնիկներ են, սրանք հայկական հողեր են, մենք այստեղ տեր ենք։ Մյուս մարզերը թշնամիների կողմից բազմիցս են ասպատակությունների ենթարկվել, հայաթափվել ու կրկին վերաբնակեցվել հայերով։ Իսկ Արցախն ու Սյունիքը մշտապես հայկական են մնացել, երբեք չեն կորցրել հայկական դիմագիծը, չհաշված լեզվական որոշ փոխառությունները։

Այսօր Արցախը հայաթափված է, այնտեղ մոտ 20 հայ է ապրում։ Ադրբեջանն աշխարհին ներկայացնում է, թե Արցախը ադրբեջանական է եղել, իսկ հայերն այստեղ եկվորներ են։ Նույն նարատիվները մտադիր են հյուսել նաև Սյունիքի վերաբերյալ։ Այսինքն՝ չբարեկամների նպատակն է աշխարհին ցույց տալ, թե Հայաստանն, իբր, հայերի հայրենիքը չէ, այստեղ իրական տերերն իրենք են, այս հողն էլ իրենցն է, որն էլ անվանում են «Արևմտյան Ադրբեջան»։ Իսկ ՀՀ-ն էլ, իբր, ֆաշիստական պետություն է, որը ենթակա է վերացման։

Ինչի՞ վրա էին հույս դրել չբարեկամներն այսպիսի հակահայ նկրտումներ հղանալիս։ Ենթադրելի է, որ նրանք 2020-ին կարծում էին, թե Նիկոլ Փաշինյանը Սյունիքը ևս կճանաչի Ադրբեջանի մաս։ Եվ քաղաքակիրթ աշխարհը չի խառնվի թեմային, քանի որ ՀՀ-ն ռուսական ազդեցության գոտի է, Փաշինյանն էլ վառ ռուսամետ ղեկավար է, անխախտ հավատարիմ հայ-ռուսական օրակարգին։ Սակայն նրանց հաշվարկներն ի դերև ելան, երբ Սյունիքով արտատարածքային միջանցքի գոյության վրա վետո դրեց Իրանը, իսկ ԱՄՆ-ն և ԵՄ-ն հայտարարեցին, որ կաջակցեն Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը։

Պարզ ասած՝ եթե Նիկոլ Փաշինյանը 2020-ի նոյեմբերին պատրաստ էր զիջել Սյունիքը, ապա այսօր չի կարող արտատարածքային միջանցք տրամադրել Բաքու-Մոսկվա տանդեմին։ Սյունիքի հայկական մնալը ոչ միայն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգային անվտանգության, քաղաքակրթական, տնտեսական, այլև ինքնության պահպանման խնդիր է, որը սուր է ընկալվում ՀՀ-ում և աշխարհի շատ մասերում, պոպուլիզմի վերընթացին զուգահեռ։ Այս առումով՝ Սյունիքի անառիկ պահելը անառարկելի հիմք է ապացուցելու, որ հայերն այստեղ բնիկներ են, միշտ ապրել են այստեղ, ու միշտ էլ այստեղ են ապրելու տիրոջ անսասան, անվիճարկելի և ամենաթանկ իրավունքով։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված