Փախուստ աղքատությունից
copy image url

Փախուստ աղքատությունից

Միտք Ներքին 3 ամիս առաջ - 09:05 13-01-2025
Հունվարի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհարգալից խոսքը աղքատության վերաբերյալ վրդովմունքի հանրային ալիք է բարձրացրել։ «Աղքատը աղքատ ա, իրա խնդիրն ա, ո՞վ ա ասել, որ իր աղքատության պատասխանատուն մենք ենք։ Ինքն ա իր աղքատության պատասխանատուն»,- խոսակցական (պատումի) հայերենով ասել է նա։ Ինչո՞ւ է ՀՀ վարչապետն այսպիսի հակասահմանադրական, հակասոցիալական, հակաքաղաքակրթական խոսույթ զարգացնում։

Նախ՝ աշխարհում բոլորը գիտեն, որ քաղաքական գործիչը հրապարակային խոսքում պարտավոր է գրական հայերեն (logos) խոսել։ Պատումի, խոսակցական, բարբառային, փողոցային հայերենը այս հարթակում կիրառելն ապապետական է, անհարգալից վերաբերմունք պետության և քաղաքացիների նկատմամբ։ Ինչու՞ է Փաշինյանը ապապետական, այլասերող սխալ թույլ տալիս։

Իսկ ըստ էության՝ Փաշինյանի այս խոսքը պատասխանատվությունից խուսափելու ցուցադրություն է, ինչն ինքն է նշում բառացի։ ՀՀ սահմանադրության 1-ին հոդվածով՝ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Սոցիալական պետության հիմնական նպատակներն են հաստատել սոցիալական արդարությունը քաղաքացիների միջև և ապահովել սոցիալական պաշտպանվածությունը։ Փաշինյանի վերը նշված խոսքը հակասում է սահմանադրական այս նորմին։

Իհարկե՝ ծուլությունը այպանելի է։ Խորհրդային բռնազավթման տարիներին պորտաբուծությունը քրեորեն հետապնդելի էր։ Քրիստոնեական դավանաբանության մեջ ծուլությունը մահացու մեղք է։ Բոլոր երկրներում ծուլության դեմ պայքարում աշխարհիկ իշխանությունը համագործակցում է հոգևոր իշխանության հետ։ ՀՀ-ում ՔՊ-ական իշխանությունն այս հարցում գործընկեր չունի։ Ո՛չ պոետը, ո՛չ նկարիչը, ո՛չ քահանան, ո՛չ գիտնականն այս ուղղությամբ նպատակային չեն գործակցում իշխանություների հետ։ Ու դրա մեղավորը Փաշինյանն է։

Աղքատությունը չարիք է, որի դեմ պայքարել է մարդկությունը հազարամյակներ շարունակ։ Տարբեր կուսակցություններ պայքարի տարբեր մեթոդներ են կիրառում։ Օրինակ՝ սոցիալիստները մի շարք հարկեր են ավելացնում, մի շարք ծախսեր են կրճատում, որ սոցիալական ավելի մեծ ծրագրեր իրականացնեն։ Կոմունիստները սպանում ու հալածում են հարուստներին, որ աղքատությունը սովորական բան դառնա։ Պահպանողականները հանընդհանուր բարեկեցությունը նպատակ են հռչակում, ձգտում միավորել հասարակությունը բարիք ստեղծելու գաղափարի շուրջ։ Ազատականները խրախուսում են գործարարությունը, ստեղծում ազատ ձեռներեցության նպաստավոր պայմաններ, բարելավում ներդրումային միջավայրը և այլն։ Իսկ ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։

ՔՊ-ական գաղափարամերժ իշխանության ղեկավարն ընդամենը մունաթ է գալիս աղքատների վրա։ Սա՞ է նրա՝ աղքատության դեմ պայքարի մեթոդը։ Հանդիմանել, ծաղրել աղքատներին, որ վերջիններս ամաչեն ու իշխանություններին իրենց սոցիալական հարցերով, հոգսերով չանհանգստացնե՞ն, ու ստեղծվի կեղծ պատկեր, թե աղքատությունը նվազե՞լ է։

2025թ. սոցիալական պաշտպանությանն ուղղվող ծախսերը նախատեսված է մոտ 905.7 մլրդ դրամ, ինչը 13.9%-ով ավելի է 2024-ի սոցիալական պաշտպանության ծախսերից։ Նկատենք, որ չնայած՝ ծախսային այս ավելացմանը, 2025-ին թոշակների, նվազագույն աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում։ Իսկ եթե հաշվի առնենք նաև տրանսպորտի և դրա հետ կապված շղթայական թանկացումները, ապա ենթադրելի է, որ 2025-ին աղքատությունն ավելի է խորանալու։

Աղքատության հարցում կա նաև ախոռում մնացած մեծ էշ։ Բանն այն է, որ ԵՄ անդամակցության համար աղքատության շեմ է սահմանված։ Ենթադրաբար՝ այս իմպերատիվն է հունից հանել ԵՄ անդամակցության գործընթաց հռչակած ՀՀ կառավարության ղեկավարին, և նա աղքատությունը նվազեցնելու ուղղությամբ նպատակային ծրագրեր գործարկելու փոխարեն՝ հոխորտում է աղքատների վրա, շառը գցում խեղճ աղքատների վրա։

Աղքատության նվազեցումը լուրջ խնդիր է, որը ոչ միայն կրթական, այլև քաղաքական, տնտեսական, արժեբանական, փիլիսոփայական և սոցիալ վարքաբանական շերտեր ունի։ Օրինակ՝ աշխարհի բազմաթիվ երկրներ հասել են լուրջ արդյունքների։ Նրանցից մի քանիսն ավելի վատ վիճակում են եղել, քան մենք հիմա։ Սակայն կոնկրետ խնդիր են դրել, միավորել հասարակությունն ու հասել էական նվաճումների։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ՀՀ-ում ևս հնարավոր է իրապես իջեցնել աղքատության մակարդակը, հասցնելով ԵՄ չափանիշներին, եթե ՀՀ իշխանությունը չփախչի պատասխանատվությունից ու իրապես լծվի խնդրին։

Կարճ ասած՝ եթե երկրում աղքատները շատ են, նշանակում է իշխանությունները հակաքաղաքակրթական գծի վրա են։ Հետևապես՝ երբ Փաշինյանն ասում է՝ «Աղքատը աղքատ ա, իրա խնդիրն ա», այդպիսով պարզ ակնարկում է, որ անձամբ ինքն ու իր կառավարությունը դեմ են, որ ՀՀ-ն անդամակցի ԵՄ-ին, քաղաքակիրթ աշխարհի ներդաշնակ մասը դառնա, ուզում են՝ ՀՀ-ն մնա աղքատ, ողորմելի վիճակում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:30 Գարիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Սիմոն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն