Ներքին 1 տարի առաջ - 17:22 08-01-2025

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը

ՀՀ ԳԱԱ նախագահությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սույն թվականի հունվարի 7-ին 73 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լևոն Աղասիի Թավադյանը։

Ակադեմիկոս Թավադյանի գիտական գործունեությունը նվիրված է քիմիական կինետիկա, ազատ-ռադիկալային ռեակցիաներ, հեղուկաֆազ օքսիդացման ռեակցիաների կատալիզ և ֆոտոկատալիզ, հակաօքսիդիչ ազդեցության քիմիական մեխանիզմ, բազմափուլ քիմիական ռեակցիաների թվային մոդելավորում ուղղություններին: Նրա կողմից ստեղծվել է «Բազմափուլ քիմիական ռեակցիաների թվային արժեքային վերլուծություն» նոր գիտական ուղղությունը։ Նա հեղինակ է «Բազմակենտրոն շղթայական պրոցեսների ընտրողական ինհիբացում» ԽՍՀՄ գիտական հայտնագործության:

Լևոն Թավադյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատության, 3 մենագրության, որից երկուսը տպագրվել է ԱՄՆ-ում:

Լևոն Թավադյանը ծնվել է 1951 թվականի հունիսի 9-ին՝ Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի քիմիական ֆակուլտետը։ 1974 թվականին Մոսկվայում ընդունվել է ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, որտեղ 1978 թվականին ստացել է քիմիական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Նույն տարում Երևանում աշխատանքի է անցել Հայկական ԽՍՀ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում: 1980-1981 թվականներին որպես հրավիրված հետազոտող աշխատել է Հունգարիայի ԳԱ քիմիայի կենտրոնական ինստիտուտի միջազգային լաբորատորիայում: 1987 թվականին Մոսկվայում` ԽՍՀՄ ԳԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում, ստացել է քիմիական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 1985-2006 թվականներին աշխատել է որպես ՀՀ ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն և միաժամանակ ղեկավարել լաբորատորիա, որը ստեղծվել էր ինստիտուտում կոնդենսացված միջավայրում ազատ ռադիկալային ռեակցիաների` նոր գիտական ուղղության զարգացման նպատակով: 2006-2019 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ 1990 թվականից ակտիվորեն մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գիտության և կրթության զարգացմանը նվիրված ծրագրերին՝ ունենալով մեծ ներդրում Ստեփանակերտում քիմիական էկոլոգիայի լաբորատորիայի հիմնադրման գործում: Լևոն Թավադյանը դասավանդել է Երևանի պետական համալսարանի քիմիայի և կենսաբանության ֆակուլտետներում, Հայ-ռուսական (Սլավոնական), Հայկական պետական մանկավարժական համալսարաններում:

Լևոն Թավադյանը եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի բնագիտության խորհրդի նախագահ, ՀՀ ռազմաարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի անդամ, քիմիա-կենսաբանության ենթահանձնաժողովի նախագահ, Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հանձնաժողովի անդամ, Ամերիկյան քիմիական ընկերության, Մոսկվայի պետական համալսարանի և ՌԴ Գիտությունների ակադեմիայի Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համատեղ գիտակրթական կենտրոնի գիտխորհրդի անդամ:

2011 թվականին Լևոն Թավադյանն ընտրվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, 2014 թվականին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ 2011 թվականից՝ ՀՀ ԳԱԱ քիմիայի և Երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ։

2014 թվականից եղել է «Mediterranean journal of chemistry», 2015 թվականից՝ «Горение и взрыв», 2016 թվականից՝ «Вода и экология» ամսագրերի խմբագրական կոլեգիայի անդամ:

2011 թվականին Լևոն Թավադյանին շնորհվել է ՀՀ գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալ», «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի» շքանշան, 2012 թվականին դարձել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մրցույթի դափնեկիր: 2013 թվականին պարգևատրվել է ՀՀ պաշտպանության նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով, 2014 թվականին նրան շնորհվել է ՀՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում։

ՀՀ ԳԱԱ նախագահությունը ցավակցում է Լևոն Թավադյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին և գործընկերներին։ Ակադեմիկոս Թավադյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, իսկ նրա գիտական ժառանգությունը կուղղորդի սերունդներին։

Լևոն Թավադյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին՝ ժամը 18:00-20:00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, հուղարկավորությունը՝ հունվարի 11-ին՝ ժամը 13:00-ին, նույն վայրից:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից