Բելգիայում հիմնադրված և գործունեություն ծավալող «Կինարմատ» նախաձեռնությունը գործում է արդեն շուրջ 8 տարի։
«Կինարմատ»-ը ըստ հիմնադիր Մարիամ Հարությունյանի՝ զբաղվում է կանանց հզորացմամբ։
Նախաձեռնության մասին տեղեկատվություններ տարածվելուց հետո օգտատերերը սկսեցին ակտիվ կերպով քննադատել դրա անվանումը՝ «Կինարմատը»։
««Կինարմատ» բառն ավանդաբար օգտագործվել է կնոջը կենսաբանական արարածի մակարդակի նվաստացնելու համար։ Լավագույն դեպքում՝ այն օգտագործվել է ծաղրական իմաստով կամ կնոջը ավանդական դերերի մեջ կաղապարելու համար։ Հայ գրականությունից ու ամենօրյա խոսքից բազմաթիվ օրինակներ կան։ Եթե ճանաչում եք, բացատրեք, որ իրենց նախաձեռնության անունը փոխեն, անհարմար է։ Ես Բելգիայի դեսպանին ճանաչում եմ ու կարող եմ իր հետ կապվել ու զգուշացնել, թե իրեն ինչ աբսուրդ նախաձեռնության մեջ են ներքաշել, սակայն չեմ ուզում այդ ճանապարհով գնալ»,-գրել է օգտատերերից մեկը։
Տվյալ գրառման մեկնաբանություններում էլ քաղաքացիները տեղադրել են հայ գրականությունից մի քանի օրինակ, որտեղ հստակ երևում են անվանման միտքն ու բացատրությունը։
Oragir.News-ը զրուցել է նախաձեռնության հիմնադիր Մարիամ Հարությունյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ չի կիսում քաղաքացիների այդ տեսակետը։
«Այդ բառը դրական կոնտեքստում էլ է օգտագործվում։ Մեր կազմակերպությունը ունի կանացի արմատներ, անվանակոչման միտքը դրանից ևս բխում է։ Մեզ համար կարևոր է կանանց բարձրացնելը։ Կազմակերպությունը մարդիկ տարբեր կարող են ընկալել, բայց «Կինարմատ» անվանումը մենք լավ իմաստով ենք գործածել»,-ասաց հիմնադիրը։
Նա նաև հայտնեց, որ նախաձեռնությամբ առաջին անգամ Հայաստան են գալու հունվար ամսին։