Զարմանալի բան կատարվեց Կառավարության նոյեմբերի 28-ի նիստում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ դիսոնանս է զգացել, երբ հայտնի մարզիկները զորակոչվել են բանակ։ Պարզվել է՝ նրանք զինվորագրվում են, որ մասնակցեն ըմբշամարտի բանակային առաջնությանը։ Եվ կառավարության միջամտությամբ այդ ընթացքը կասեցվել է, հայտնի մարզիկներին թույլ չեն տվել զինվոր դառնալ ու մասնակցել առաջնությանը։
«Անկեղծ ասած, ես այստեղ դիսոնանս տեսա, որովհետև ես դրա մեջ որոշակի կեղծ վերաբերմունք տեսա ՀՀ բանակի նկատմամբ, և այս առաջնության նկատմամբ: Մենք քննարկելով եկանք այն եզրակացության, որ սա պետության ռեպուտացիայի հարց է նաև, որովհետև ըստ էության, եթե մենք այս վերաբերմունքով առաջ շարժվենք, ստացվում է, որ ՀՀ կառավարությունը, որը ինքը այսպես ասած արդարության և ֆեյքազերծման ջատագով է, կարող է հայտնվել սխալ իրավիճակներում, որովհետև սա առաջնություն է ոչ թե մարզիկների, որոնք բանակ են գնում մրցման մասնակցելու համար: Սա առաջնություն է մարզիկների, որոնք ծառայում են բանակում և բանակում ծառայելու բերումով են այդ մրցումներին մասնակցում։ Հիմա հարցը հետևյալն է. Մենք ինչպե՞ս կարող ենք բանակը դարձնել ընդամենը մրցման մասնակցելու գործիք»,- ասել է Փաշինյանը:
Այստեղ միանգամից մի քանի բան ապշեցուցիչ է։ Նախ՝ ՔՊ-ն հայտնի է իր ֆեյքերի ՊՈԱԿ-ով, ամենաշատ ֆեյքերն իրենք ունեն ու ակտիվ օգտագործում են նրանց ներուժը։ Նույնը կարելի է ասել արդարության հետ կապված։ Հանրության բողոքներն իշխանությունների անարդարությունների մասին ամեն հինգշաբթի կարելի է տեսնել Կառավարության շենքի դիմաց։ Ընդդիմության հանրահավաքների մասնակիցների մեծ մասը արդարության ծարավ է։ Եվ երբ կառավարության ղեկավարն ասում է, թե ՀՀ կառավությունը արդարության ու ֆեյքազերծման ջատագով է, ապա իրական դիսոնանս է առաջանում հանրության մի մասի մոտ։
Տեղին է հիշելը, թե մի քանի տարի առաջ ինչպիսին էր ՔՊ-ական իշխանության վերաբերմունքը արվեստի և սպորտի շնորհալիների նկատմամբ։ Մասնավորապես մեծ աղմուկ էին հանել բալետի երիտասարդ ու խոստումնալից արտիստներին բանակ զորակոչելու վերաբերյալ հանրային քննարկումները։ Այդ ժամանակ շնորհալի արտիստներին ու մարզիկներին բանակ զորակոչելիս պետության ռեպուտացիայի մասին չէին հիշում։ Տեղին է հիշատակելը նաև խաղաղ պայմաններում բանակում զոհերին, որոնց մի մասը չէր հասցրել սպորտում, արվերստում կամ գիտության մեջ աչքի ընկնել։ Իրական դիսոնանս է առաջանում, երն բանակին ու ծառայությանն առնչվող լուրջ խնդիրներն աչքաթող են արվում, զինվորականների սխրանքները ստորադասվում են հարկ վճարողի քաղաքացիական պարտականությանը, բայց երբ մի քանի հայտնի մարզիկ ուզում է մասնակցել բանակային խաղերին, այդ ժամանակ վարչապետը մտածում է պետության ռեպուտացիայի մասին, ասում է, թե բանակը մրցմանը մասնակցելու գործիք չպետք է դառնա։
Լավ կլիներ, եթե ռեպուտացիայի մասին մտածեին, երբ աշխարհին անհասկանալի, ռուսամետ դիրքորոշում էին արտահայտում, աղետալի ռիսկեր առաջացնում, ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերում նահանջում էին, ինչն արձանագրված է նաև միջազգային զեկույցներում։ Իսկ եթե նոր են սկսել մտածել, ապա սա հույս է արթնանում, որ մյուս հարցերում էլ վերաբերմունք կփոփոխեն։ Այսինքն՝ բանակային խաղերը միակն ու վերջինը չեն լինի, որտեղ կառավարությունը սկզբունքային վերաբերմունք է արտահայտում։
Այսինքն՝ եթե իրոք անկեղծ ու սկզբունքային են իրենց մոտեցումներում, ապա կարող են նախ ֆեյքազերծել ՔՊ-ն, ազատվել քծնողներից, պատեհապաշտներից, մաքրել ՔՊ-ի խոսույթը ապապետական և արժեքամերժ շեշտադրումներից, որոնք կեղտոտում են իշխանության ռեպուտացիան։ Պետության մասին դասախոսություն կարդալուց բացի՝ կարող են նաև անկախության ու ժողովրդավարության ամրացման ուղղությամբ իրական քայլեր անել, որ ժողովուրդն ու միջազգային հանրությունը չհանդիմանեն ՔՊ-ին ու նրա առաջնորդին դատարկախոսության համար։ Հեռու չգնալով, կարող են համարժեք հակադարձել ՌԴ նախագահի նոյեմբերի 28-ին արած հայտարարությանը, թե Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել։
Ի վերջո՝ պետք է հաշվի առնել, որ քաղաքացին ընդօրինակում է իշխանություններին, մեծ մասամբ՝ առաջին դեմքին։ Եվ եթե որոշ մարդիկ փորձել են կեղծել, բանակը մրցմանը մասնակցելու գործիք դարձնել, պետության ռեպուտացիայի վրայով անցնել, ապա առաջին հերթին մեղավոր է այն ղեկավարը, ումից օրինակ են վերցրել։
Պարզ ասած՝ իշխանությունը պետք է ոչ թե միայն բանակային խաղերի, այլ բոլոր հարցերում և ամենուր սկզբունքայնություն ու անկեղծություն դրսևորի։ Այդ ժամանակ մարդիկ իշխանավորից օրինակ կվերցնեն, ու պետության ռեպուտացիայի մասին մտահոգվելու կամ դիսոնանս զգալու պատճաներ քիչ կլինեն։
Թաթուլ Մկրտչյան