Մնաց՝ ազգայիններս պայքարենք ապազգայինների դեմ
copy image url

Մնաց՝ ազգայիններս պայքարենք ապազգայինների դեմ

Խոսք 3 տարի առաջ - 20:14 18-07-2021

«Օրագիր Նյուզի» զրուցակիցն է կանադահայ գործարար Հրաչ Ջաբրայանը։

- Պարոն Ջաբրայան, իշխանությունները քրեական գործեր են հարուցել և ձերբակալել, ապա նաև կալանավորել են Սյունիքի 5 համայնքապետերի՝ Գորիսի, Քաջարանի, Սիսիանի, Որոտանի և Քարահունջի համայնքապետերին, կալանավորված է նաև Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը։ ՁԵր կարծիքով՝ ինչո՞վ են պայմանավորված այս քրեական գործերն ու կալանավորումները։

- Բնականաբար, այս համայնքապետների ձերբակալումները կամ կալանավորումները քաղաքական բնույթ ունեն։ Առհասարակ մարդիկ տեսան, որ Սյունյաց համայնքապետները ոչ միայն կողմանկից չէին ներկա իշխանությանը, այլ դեմ էին անոնց քաղաքականությանը։ Պետք է հասկանալ, որ որևէ հասուն և հասկացող ազգային մարդ չի կարող համակերպվել ներկա իշխանության ազգադավ գործելաոճին։ Ճանաչելով Սյունքիքի համայնքապետերից մի քանիսին, անկեղծ ինձ համար իրենց կեցվածքը զարմանալի չէր, և երբեք զարմանալի չէր իշխանության հալածանքը նրանց հանդեպ։ Հստակ է, որ այս իշխանության մոտ ազգայինը տեղ չունի։ Այսինքն՝ ո՞նց հասկանանք, որ միայն ընդդիմադիր համայնքապետերն են հալածվում, իսկ եթե իշխանության ստրուկն ես, ուրեմն լա՞վն ես։ Որևէ զարգացած կամ կիսազարգացած մարդու համար հստակ է, որ Հայաստանում բռնատիրություն է, և ազգայինները, որոնք դեմ են ազգադավ քաղաքականությանը, պիտի հալածվին։

- Իրավապահները նաև խուզարկություններ արեցին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, ՊԵԿ-ը խնդիրներ է ստեղծում կոմբինատի աշխատանքի համար։ Դուք եղել եք Կապանի կոմբինատի տնօրեն, ի՞նչ եք կարծում իշխանությունների այս գործողությունները ինչպե՞ս կազդեն ԶՊՄԿ-ի աշխատանքի վրա։

- Մտահոգեցուցիչ է, երբ կառավարության ղեկավարը բռնության կոչեր կընե, և քանի մը շաբաթ անց կտեսնենք, որ նույն անձի ենթակա ուժային կառույց մը կսկսի իրականացնել հենց այդ բռնության կոչը։ Այստեղ հարց է դառնում, որ ինչո՞ւ ԶՊՄԿ-ն, և ինչո՞ւ այսօր։ Անշուշտ, պատասխանը հստակ է․ անգամ մը ևս այսպես կոչված ժողովրդավար երկրի մեջ տեղի կունենան բռնատիրական աշխատելաոճի գործունեություններ, պարզապես որովհետև ստրուկ չես ցանկար լինել, և այս պարագային սույն ընկերության ղեկավարությունը հստակ դիրքորոշում ցուցաբերեց, որ կողմանկիցը չէ ազգադավ վարչապետին։ Սրա հետևանքները հսկայական են՝ և՛ նյութական վնասը ներդրումի միջավայրի վրա, և՛ բարոյահոգեբանականորեն։ Գիտեք՝ սա Հայաստանի համար նորություն չէ․ տարիներ առաջ, երբ ինչ-որ նախարարի, ով ոչ ազնիվ անձնավորություն էր, բացահայտ շատ քննադատեցի, նույն ուժային կառույցը ներխուժեց Կապանի հանքավայր, բայց իմ մոտեցումը շատ հստակ էր․ ուզում եք վերցնե՞լ համակարգիչները, վերցրեք, բայց ես փակելու եմ հիմնարկն այսօր, և 1250 մարդ մնալու է անգործ։ Պետք է նշեմ՝ այդ ժամանակ բավականին հասկացող էին, և թողեցին, որ աշխատենք, չնայած հետևանքներն անընդունելի էին։ Այսօր նույնը կռնար լինել ԶՊՄԿ-ի հետ, եթե այս չհիմնավորված քաղաքական հալածանքները չդադարին, կարող է և շատ բացասական հետևանքներ ունենալ ոչ միայն Քաջարանի և Սյունիքի համար, այլ Հայաստանի և նաև ներդրողների հոգեբանության վրա։

- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ՀՀ-ի ներկայիս տարածքը «Արևմտյան Ադրբեջան» է, և իրենք մի օր կվերադառնան Զանգեզուր, իսկ ՀՀ իշխանությունները խոսում են Ադրբեջանին բալանսավորված պատասխան տալու մասին, այսինքն՝ լուռ են։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս պետք է ապահհովի Սյունիքի անվտանգությունը։

- Սյունիքի անվտանգությունը, ըստ երևույթին, հետաքրքիր չէ ներկա իշխանության համար, որովհետև իրենց բոլոր ձեռնարկած քայլերը ուղղված են Սյունքը տկարեցնելուն։ Համայնքապետների կալանավորումը, ազերիների ներթափանցումը Հայաստանի սահմաններեն ներս, ԶՊՄԿ-ի հետ կապված հարցերը․․․, կարծեք՝ այս բոլորը միտումնավոր ծրագրված է Ալիևի ծրագրերին օժանդակելու համար։ Ինչպե՞ս բացատրել այս բոլորը, երբ Ալիևը կսպառնա Սյունիքին, իսկ մեր իշխանությունները փոխանակ Սյունիքը ամրացնելուն, ներսից կքանդեն դրա կայունությունը։ Նոյեմբեր ամսին, երբ Սյունքի դիրքերում էինք ընկերներով, մեզ համար շատ հստակ դարձավ, որ Սյունքը լուրջ վտանգի տակ է, բայց, ըստ երևույթին, դա էլ այս ազգադավ իշխանության ծրագրի մասը կկազմե։ Իսկ ինչպե՞ս պետք է ապահովվի Սյունիքի անվտանգությունը․ ցավոք, ասեմ՝ մինչ այդ, որ այս իշխանությունը կղեկավարե Հայաստանը, ոչ միայն Սյունքը, այլ ամբողջ Հայաստանը և ազգը վտանգի տակ են։ Եթե մենք լուրջ ենք Հայրենիքը փրկելու գործընթացը որդեգրել, ապա պետք է հեռացնել այս ապազգային իշխանությունը։

- Արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՆԻկոլ Փաշինյանի Քաղպայմանագիրը հավաքեց 54 տոկոս քվե, այս լուրը ինչպե՞ս ընկալվեց Սփյուռքում։

- Սփյուռքի անունից չխոսեմ, բայց որպես ազգային սփյուռքահայեր՝ մեզ համար Նիկոլի և իր անկարող շրջանակի վերարտադրությունը աղետալի հետևանքներ կունենա, և պիտի ունենա Հայաստանի համար։ Ափսոս անգամ մը ևս Հայաստանի մեջ օգտագործվեցին բոլոր վարչական ռեսուրսներն՝ ի շատ իշխանության, մյուս կողմից երեք տարվա ընթացքին սերմանված ատելությունը իր ազդեցությունն ունեցավ ընտրազանգավածի վրա, և ի վերջո պետք է ընդունիլ, որ մեր ժողովրդի մի լուրջ հատված, տգիտությունիվց և հետամնացությունից տառապելով, դրանց խաբելը փաստորեն շատ հեշտ էր իշխանության համար։

- Խոսվում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման մասին՝ պայմանով, որ Հայաստանը պետք է հրաժարավի Արցախից, ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, Սյունիքով միջանցք տա Ադրբեջանին, Ադրբեջանին հանձնի Տավուշի անկալավներն ու Տիգրանաշենը։ Եթե իշխանությունները համաձայնեն այս քայլերն անել, սա ի՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար։

- Ես համոզված եմ, և առաջին անգամ մը չէ, որ արտահայտվում եմ այս մասին, որ մենք պարտվել ենք պայմանավորված և ծրագրված պատերազմ։ Փաստերը շատ-շատ են, պարզապես պետք է կույր չլինել, որպեսզի տեսնենք եղածը։ Անձնապես համոզված եմ, որ այսօրվա իշխանությունները պիտի ընդունին Ադրբեջանի ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի գրավված տարածքները, պիտի բանա Մեղրիի միջանցքի ճանապարհը, պիտի Թուրքիո հետ բանա սահմանը, և մեզ ազգից իսկապես դարձնե ժողովուրդ։ Ի վերջո գլոբալիստների ծրագիր սա չէ՞։ Մեզ համար սա բոլորը աղետալի հետևանքներ է բերել և ավելի վատ բերելու է։ Մնաց՝ ազգայիններս պայքարենք ապազգայինների դեմ։

Ամենից շատ դիտված