1937 թվականի ճիշտ այս օրը՝ նոյեմբերի 27-ին, չորսամսյա տառապալից բանտարկությունից հետո Երևանի բանտում լուսադեմին տանջամահ եղավ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցը։
Մինչ 37-ի իր եղերական վախճանը, մեծ բանաստեղծը մի քանի տարի շարունակ խորհրդային ռեժիմի կողմից Խորհրդային Հայաստանում անլուր տառապանքների էր ենթարկվել, մեկուսացման, անգամ տնային կալանքի։ Վերջին՝ «Գիրք ճանապարհի» ժողովածու հրատարակությունից հետո հայտարարվել էր ազգայնական, հակահեղափոխական գրող, հեռացվեց Գրողների միությունից, գրչընկերներն էլ մեկը մյուսին հերթ չտալով նորանոր ամբաստանագրեր ու մատնագրեր էին հեղում կոմունիստական իշխանություններին՝ չկասկածելով, որ իրենցից շատերն էլ նման մատնագրերի զոհ էին դառնալու։
Նրա մահվան հանգամանքները մինչ օրս պարզ չեն:

Խորհրդային պաշտոնական վարկածով՝ Չարենցը նախքան մահը օրեր շարունակ տառապել է մորֆի չօգտագործելու հետևանքով, հյուծվել, հիվանդացել է (ենթադրաբար՝ լյարդի, երիկամների, սիրտ-թոքային անբավարարությամբ): Հիվանդ Չարենցին տեղափոխել են բանտի հիվանդանոց, որտեղ և մահացել է: Կա նաև նոյեմբերի 28-ին կատարված դիահերձման արձանագրություն, որի մեջ նշված է. «Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած: Ձախ կրծքավանդակին եղել է դաջված. «1927 թվականի հունվար, Ա. Չ»» (բանաստեղծը մարմնի վրա արձանագրել է իր մեծ սիրո՝ Արփենիկի մահվան թվականը): Սակայն դրանից մոտ մեկ ամիս առաջ Չարենցն Իսահակյանին գրել էր, որ հոգով պայծառ է ու առույգ: Եթե նա մահացել է նման հանգամանքներում, ապա ինչո՞ւ նրա մարմինն օրինավոր չի հուղարկավորվել: Սա հիմք է տալիս կարծելու, որ պաշտոնական վարկածը կեղծ է:
Երկրորդ վարկածը հիմնված է խցակիցների վկայությունների վրա: Ըստ այդմ՝ Չարենցին սպանել են ծեծելով: Ծեծը սկսվել է նախ բանտախցում, որտեղ ռուս սպաները ճտքակոշիկներով (սապոգ) դաժանաբար ծեծել են Չարենցին: Այնուհետև ծեծը շարունակվել է քննչական սենյակներում: Դա տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին: Եվ այդ օրը Չարենցին ծեծված-ջարդված տարել են բանտի հիվանդանոց, որտեղ նա մնացել է 10 օր: Չստանալով որևէ բժշկական օգնություն, Չարենցը ստացած վնասվածքներից մահացել է (ենթադրաբար՝ ներքին արյունահոսությունից): Այնուհետև Չարենցի դին գիշերով հանել են բանտից, տարել ամայի մի վայրում թաղել:

Երրորդ վարկածը վերագրվում է դահիճներից մեկին՝ Սամսոն Ստեփանյան անունով մի մարդու, որը հետագայում ստացել է գնդապետի կոչում և արժանացել Լենինի շքանշանի: 1997թ. լույս է տեսնում հոդված «Ո՞վ սպանեց Եղիշե Չարենցին» վերնագրով. «1937թ.-ի նոյեմբերի 27-ի վաղ առավոտյան Չարենցին հանում են Երևանի բանտից և նստեցնում մեքենայի մեջ: Մահմեդ անունով վարորդը վարում է մեքենան, որի մեջ էին մի բարձրաստիճան չեկիստ, Սամսոն Ստեփանյանը և մի բժիշկ: Գնում են դեպի Ֆանտան գյուղը: Ցուրտ էր, Չարենցը մրսում էր: Զգում էր, որ տանում են սպանելու: Մերժում է առաջարկված վերարկուն: Ֆանտանի կամրջի մոտ կանգնում են, իսկ ձորաբերանի մոտ գյուղացիներն արդեն փոս էին փորել, իբրև սյուն տեղադրելու նպատակով: Փոսի մոտ բարձրաստիճան չեկիստը արձակում է հրամանը. «Սամսոն, վերջացրո՛ւ սրան»: Կրակում են Չարենցի ծոծրակին և գցում փոսի մեջ: Բժիշկը վկայում է, որ թեև մարմինը դեռ տաք է, բայց նա դադարել է շնչել: Հողով ծածկում են փոսը, հարթեցնում տեղը»:

Ինչևէ, շիրիմ Չարենցն այդպես էլ չունեցավ։ Խորհրդային Հայաստանի ՉէԿա-ն ու այն ժամանակվա ղեկավարները երևի համոզված էին, որ այսպիսով, նաև նրա կնոջը Սիբիր աքսորելով, երեխաներին էլ որբացած թողնելով՝ ընդմիշտ կվերացնեն հայ ժողովրդի մեծագույն զավակներից Եղիշե Չարենցի անունը։
Սակայն Չարենցն ապրեց ու կապրի դարերով։ Անկախության շրջանի գրող Հովհաննես Գրիգորյանը Չարենցի մահից մեկ դար անց էլ գրում է․
Դժվար է քարը քարին դնել այս հողի վրա,
Դժվար է պատ շարել այս հողի վրա,
որն անվերջ ցնցվում է երկրաշարժերից,
անվերջ ցնցվում է՝ հեկեկացողի մարմնի նման…
…Իզուր աշխատանք՝ երկիր կառուցել,
քար քարի դնել այն հողի վրա,
ուր դեռ քար չկա – հողի տակ նետված
ցավից նվվացող դառնացած հոգու
հեկեկոցի մեջ անվերջ ցնցվող
մարմնի վրա…