Հայ նոր բանագիտության հիմնադիրը. այսօր Մանուկ Աբեղյանի ծննդյան օրն է
copy image url

Հայ նոր բանագիտության հիմնադիրը. այսօր Մանուկ Աբեղյանի ծննդյան օրն է

Մշակույթ 1 ամիս առաջ - 21:00 17-03-2025
Հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, արևելահայերենի արդի ուղղագրության հեղինակ. այս ամենը մեկ մարդու մասին է՝ Մանուկ Աբեղյանի:

Մանուկ Աբեղյանի վաստակը հայ լեզվաբանության մեջ անքննելի է. նրա շուրջ 200 լեզվաբանական աշխատություններում ուսումնասիրված են հայոց լեզվի գրեթե բոլոր բնագավառները: Դրանք վերաբերում են հայոց լեզվի ուղղագրությանը, հնչյունաբանությանը, բառագիտությանը, ձևաբանությանը, տաղաչափությանը: Նա գրել է նաև գրաբարի քերականություն, ուսումնասիրել միջին հայերենով գրված ժողովրդական ստեղծագործությունների լեզուն, կազմել բառարաններ և այլն:

Աբեղյանի բազում ուսումնասիրությունները այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը և գիտական նշանակությունը, նրա բանահավաքչական, ապա նաև բանագիտական գործունեության շնորհիվ փրկվել են մեր բանահյուսության գանձերը, ուսումնասիրվել ու հանրայնացվել:

Մանուկ Աբեղյանը ծնվել է 1865 թվականի մարտի 17-ին Նախիջևանի Աստապատ գյուղի մոտ գտնվող Թազաքենդ գյուղում: Աբեղյանի 7 տարին լրանալու կապակցությամբ հայրը որդու համար գնել է մի այբբենարան. դա հենց Մանուկի խնդրանքն էր։ Աբեղյանը սկսել է սովորել այդ այբբենարանով, միաժամանակ գրաճանաչության դասեր առել գյուղի գրագիրներից և տարվել գրաբար գրքերի ընթերցանությամբ։ Այդ տարիներին Հովակիմ եպիսկոպոս Տեր-Գրիգորյանը հիմնել է Կարմիր վանքի դպրոցը, որի առաջին սաներից էր Մանուկ Աբեղյանը։ Այստեղ սովորել է 5-6 ամիս, ապա ցուցաբերելով բարձր առաջադիմություն՝ 1876 թ. ընդունվել Էջմիածնի Գևորգյան ճեմարան և 1885 թ. գերազանց գնահատականներով ավարտել այն՝ արժանանալով առաջնակարգ դիպլոմի։

1893-1898 թթ. սովորել է Ենայի, Լայպցիգի, Բեռլինի, նաև Սորբոնի համալսարաններում: Ուսումնասիրել է բանասիրություն, պատմություն, փիլիսոփայություն, լեզվաբանություն: Ենայի համալսարանում որպես ավարտական աշխատանք ներկայացրել է գերմաներեն գրված «Հայ ժողովրդական հավատալիքները» մեծարժեք ուսումնասիրությունը՝ 1898 թ. ստանալով փիլիսոփայության դոկտորի կոչում:



1885-1919 թթ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Շուշիի թեմական, Թիֆլիսի Հովնանյան, Ներսիսյան դպրոցներում ու հայկական գիմնազիայում: Հենց Շուշիում էլ 1888 թ. լույս է տեսել նրա հեղինակած առաջին ու վերջին բանաստեղծական ժողովածուն՝ «Նմուշներ» խորագրով:

Մանուկ Աբեղյանը 1886 թ. Գևորգյան ճեմարանում սովորելիս ճեմարանի դռնապան մոկացի Նահապետից (Նախո քեռի) գրառել և 1889 թ. Շուշիում հրատարակել է «Սասնա ծռեր» վեպի նոր պատումը՝ «Դավիթ և Մհեր» վերնագրով: Առաջին՝ Գարեգին Սրվանձտյանցի գրառած տարբերակից հետո հայտնաբերված նոր բնագիրը հնարավորություն է տվել համեմատական ուսումնասիրություն կատարելու՝ փաստելով, որ էպոսը բավական տարածված է եղել հայոց մեջ: Նույն տարի էլ լույս է տեսել էպոսին նվիրված Մ. Աբեղյանի առաջին ուսումնասիրությունը՝ «Ազգային վեպը»:

Մ. Աբեղյանն է կազմել «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաքի առաջին՝ «Սանասար և Բաղդասար» ճյուղ առաջին և երկրորդ մասերը:

Հետագայում ստեղծել է «Սասնա ծռեր»-ի դասական տեսությունը:

1890-ական թթ. Մ. Աբեղյանը մանկավարժական, խմբագրական, գրական նաև թարգմանական գործունեություն է ծավալել Թիֆլիսում: 1892 թ. նրա թարգմանությամբ լույս է տեսել Նիկոլայ Գոգոլի «Տարաս Բուլբան»:

«Ժողովրդական խաղեր» (1904թ.), «Հին գուսանական ժողովրդական երգեր» (1931թ.) մենագրություններում հետազոտել է խաղիկների, միջնադարյան հայրենների ժանրային, կառուցվածքային, տիպաբանական, տաղաչափական հատկանիշները, պարզաբանել դրանց ժողովրդական բնույթը, նշել է ժողովրդական երգերի ակունքները, զարգացումն ու ընթացքը:

Մանուկ Աբեղյանի ու Կոմիտասի գործակցությամբ 1903 թվականին լույս է տեսել «Հազար ու մի խաղ» խորագրով ժողովրդական երգերի առաջին հիսնյակը, իսկ 1905 թ.՝ երկրորդ հիսնյակը: Այս երկու բացառիկ ժողովածուների շնորհիվ ներակայացվում են հայ ժողովրդական հայտնի ու սիրված խաղիկներն ու երգերը:


1910-ական թվականներից Աբեղյանը զբաղվել է հայ բանաստեղծության տաղաչափության հետազոտմամբ («Հայերեն տաղաչափության մասին», 1916 թ., «Տաղաչափության զարգացումը Չարենցի և ուրիշների բանաստեղծությունների մեջ», 1923 թ., «Հայոց լեզվի տաղաչափություն», 1933 թ.):

Սկզբունքային նշանակություն ունեն Աբեղյանի լեզվաբանական-քերականական աշխատությունները: «Աշխարհաբարի քերականություն» (1906 թ.), «Աշխարհաբարի շարահյուսություն» (1912 թ.), «Հայոց լեզվի տեսություն» (1931 թ.) աշխատություններում առաջինն է գիտականորեն համակարգել արևելահայերենի հնչյունաբանությունը, պարզել հնչյունափոխության երևույթները, համակողմանիորեն հետազոտել բառագիտությունն ու բառակազմությունը:

Նա կազմել է առաջին «Ռուս-հայերեն բառարանը» (1925 թ.), մասնակցել մի շարք բառարանների ստեղծման աշխատանքներին:

1925-1930 թթ. ղեկավարել է ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտը, եղել է Երևանի պետական համալսարանի հիմնադիր դասախոսներից:

Մ. Աբեղյանը նորովի է պարզաբանել հայ ժողովրդի հին ու նոր հավատալիքները, առասպելական զրույցները, նա հեղինակել է հայ հին ու միջնադարյան գրականությանը, առասպելաբանությանն ու էպիկական բանահյուսությանը նվիրված ամենաընդգրկուն ու կարևոր ուսումնասիրությունները՝ «Հայոց հին գրականության պատմություն», «Հայ վիպական բանահյուսություն» և այլն:

«Հայոց հին գրականության պատմություն» քառահատոր աշխատության մեջ անդրադարձել է հայ գրականության սկզբնավորման, պատմության, գրական դեմքերի և դպրոցների գնահատման, ծագման ու զարգացման հարցերին:

Ակադեմիկոս դառնալուց հետո Աբեղյանը շարունակել է աշխատել «Հայոց հին գրականության պատմության» 2-րդ հատորի վրա։ Սակայն պատերազմական ծանր օրերը, ռազմաճակատում անհետ կորած որդու վիշտը օրըստօրե վատթարացրել են նրա առողջությունը. 1944 թ. սեպտեմբերի լույս 25-ի գիշերը Աբեղյանը մահացել է:

Աբեղյանի հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին Գիտությունների ակադեմիայի նիստերի դահլիճից, ուր դրված էր նրա աճյունը։ Խորհրդային Հայաստանի կառավարության որոշմամբ Աբեղյանին թաղել են Երևանի քաղաքային պանթեոնում: Աբեղյանի անունով են կոչվել ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտը և դպրոց Երևանում:

Հ. Ասլանյան