Ալավերդիի ջրհեղեղից շուրջ 7 ամիս անց կան փոխհատուցում չստացած բնակիչներ․ համայնքի ղեկավար
copy image url

Ալավերդիի ջրհեղեղից շուրջ 7 ամիս անց կան փոխհատուցում չստացած բնակիչներ․ համայնքի ղեկավար

Ներքին 4 ամիս առաջ - 10:15 21-11-2024
Լոռու մարզի Ալավերդի համայնքում շուրջ 7 ամիս առաջ տեղի ունեցած ջրհեղեղից տուժածների մի մասը Կառավարության կողմից դեռ փոխհատուցում չի ստացել։ Այս մասին Oragir.News-ին հայտնեց Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։

Համայնքի ղեկավարի խոսքով՝ փոխհատուցում չստացած տուժած բնակիչների մոտ առկա են փաստաթղթային խնդիրներ։

«Մի մասը դեռ չի ստացել փոխհատուցում՝ թղթային խնդիրներ ունեն։ Մոտավորապես 65 տոկոսը ստացել է փուլային, 35 տոկոսը դեռ չեն ստացել»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ շատ բնակիչներ դժգոհում են, որ վնասի դիմաց տրված փոխհատուցումն ավելի քիչ է, քան իրենց կրած վնասը, Ալավերդի համայնքի ղեկավարը նկատեց․
«Եթե բնակիչը դժգոհություն ունի՝ մեր դռները բաց է միշտ, կարող են գալ ու իրենց դժգոհությունը մեզ էլ հայտնեն, բայց ես վստահ եմ մի բանում՝ կառավարության տված փոխհատուցումը բնակարանների վերանորոգման համար հերիքում է։

Գուցե մի մարդ ունեցել է բնակարան, որտեղ շատ շքեղ վերանորոգում է եղել, հիմա իրենց չի հերիքում, հնարավոր է, չեմ բացառում»,- նշեց նա։

Ղումաշյանի պնդմամբ՝ վնասված բնակարանների 80 տոկոսը եղել է ոչ բարվոք վիճակում։
«80 տոկոսը վերանորոգման կարիք ունեցող բնակարաններ են եղել։ 20 տոկոսը վերնաորովգած է եղել։ Եթե հիմա մենք անհատական մոտեցում ցույց տանք, չենք կարող տակից դուրս գալ։ Դրա համար անհատական մոտեցում չի եղել։ Միակ արդար որոշումը բոլորին հավասար չափով վճարելն է՝ քառ․մետրի դիմաց 60․000 դրամ»,- նշեց նա։

Դիտարկմանը՝ ինչու է փոխհատուցումն ուշանում բնակիչների մի մասի մոտ, համայնքի ղեկավարը նշեց՝ դա բնակիչների ունեցած փաստաթղթային խնդիրներն են։

«Ուշացումը սեփականատիրոջ «մեղքով» է, որ ինքը ուշ է ստանում։ Այն մարդիկ, ովցքեր ունեցել են հստակ վկայական, մի օր չի ձգձգվել գումարի փոխանցումը, այն մարդիկ, ովքեր ունեն փաստաթղթային խնդիրներ, ամեն կերպ փորձում ենք աջակցել օրևենքի սահմաններում, որպեսզի մարդը մեկ օր շուտ ստանա վկայական»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ վնասելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի էր հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

Ամենից շատ դիտված