Տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանը Հայաստանից պահանջում է նոր Սահմանադրություն ընդունել՝ պնդելով, որ գործող Սահմանադրության տեքսն իր նկատմամբ «տարածքային պահանջներ» է պարունակում։ Իլհամ Ալիևն այս պահանջի մասին առաջին անգամ բարձրաձայնեց դեռևս 2021 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Արցախի դեմ 44-օրյա ագրեսիայի առաջին տարելիցի կապակցությամբ թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, սակայն այս պահանջը խաղաղության պայմանագիր ստորագրելու նախապայման դարձրեց 2024-ի գարնանը, երբ երբ Փաշինյանը կատարեց Տավուշի մարզի 4 ոչ անկլավային գյուղերը հանձնելու պահանջը։
Խաղաղության գործընթացը փակուղի մտցնելու նպատակով Ադրբեջանը ՀՀ Սահմանադրությունը դարձրել է քննադատության թիրախ՝ հայտարարելով, որ քանի դեռ այն չի փոխվել, խաղաղության պայմանագիր չի կարող ստորագրվել։ Բացի այդ, Ադրբեջանը չի ցանկանում նման փաստաթուղթ ստորագրել ու դրանով իր հետագա գործողությունները կաշկանդել, քանի որ այդ երկրում հրաշալի գիտակցում են, որ շտապելու կարիք առանձնապես չկա, ու Նիկոլ Փաշինյանը առանց դրա էլ անվերապահորեն կատարում է իր բոլոր պահանջները։
Հայաստանի Անկախության հռչակագիրը թիրախաավորելով՝ Ադրբեջանում ձգտում են Արցախի բռնազավթումն անշրջելի դարձնել և հիմնախնդիրը մեկընդմիշտ փակել, որպեսզի եթե անգամ խաղաղության պայամագիր ստորագրվի, դրանից հետո Հայաստանի ոչ մի իշխանություն այն չկարողանա հակասահմանադրական ճանաչել և հրաժարվել Փաշինյանի ստանձնած պարտավորություններից։ Եթե Ադրբեջանի կողմից Անկախության հռչակագիրը թիրավորելու շարժառիթները հասկանալի են, ապա չափազանց մտահոգիչ է, որ վերջին ամիսներին նույն միտումը նկատվում է Հայաստանի իշխանավորների շրջանում, ընդ որում վերջիններս դա անում են իրենց ադրբեջանցի գործընկերներից ոչ պակաս խանդավառությամբ։ Ընթերցողին հիշեցնենք, որ փետրվարի 1-ին՝ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ՀՀ Սահմանադրությունն անվանել էր «կարմիր զգեստ», ակնարկել, որ այդ պատճառով են ճանապարհի եզրերին կանգած «ցուլերը» (Թուրքիան և Ադրբեջանը) մեր նկատմամբ ագրեսիվ տրամադրված՝ չերաշխավորելով, որ այդ զգեստից հրաժարվելու դեպքում «ցուլերը» վերջ կդնեն իրենց ագրեսիվ մտադրություններին։
ՔՊ-ական իշխանությունը թեպետ դեմ չէ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը բավարարելուն, այնուամենայնիվ հայտարարում է, որ դա մեր երկրի ներքին գործն է։ Սրան զուգահեռ իշխանանները գիտակցում են, որ առկա տրամադրությունների պայմաններում սահմանադրական հանրաքվե անցկացնելը ռիսկային է, ու մեծ հավանականությամբ այն դատապարված է ձախողման, ինչն էլ կարող է շղթայական ազդեցություն ունենալ և հանգեցնել իշխանափոխության։ Անկախության հռչակագրի չեղարկման «առաքելությունը» պատվիրակվեց ՀՀ Սահմանադրական դատարանին, որը իր սեպտեմբերի 26-ի խայտառակ որոշմամբ փաստացի չեղարկեց հռչակագիրը՝ այն որակելով որպես «զավակին խժռող ծնող»։
Հատկանշական է, որ անգամ Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի փաստացի չեղարկումը չգոհացրեց Ադրբեջանին, և վերջինս շարունակում է այս պահանջն ամենատարբեր մակարդակներով բարձրացնել։ Ադրբեջանական պահանջների ֆոնին նախօրեին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում գերազանցեց անգամ ինքն իրեն՝ հայտարարելով, որ «Անկախության հռչակագիրը հակասում է Հայաստանի Հանրապետության գոյությանը»․ «Եկել եմ սարսափելի եզրակացության: Այդ անկախության հռչակագրի բովանդակությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետություն չի կարող գոյություն ունենալ, և սա մեր ամենամեծ պրոբլեմն ու ողբերգությունն է»։
Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից ցնցած էին ոչ միայն ընդդիմադիր գործիչները, փորձագիտական ու վերլուծական շրջաները, այլ հենց իր թիմակիցներից շատերը։ Փորձագետների համոզմամբ՝ հանրության ուշադրությունն իր սկանդալային հայտարարությունից շեղելու ու բողոքի հնարավոր դրսևորումները կանխելու նպատակով Նիկոլ Փաշինյանը երեկ սափրվեց, ինչը Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձենելուց հետո 6 տարի շարունակ չէր անում։
Դատելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարություններից և դրան հաջորդած գործողություններից՝ ենթադրում ենք, որ կառավարության ղեկավարը որոշել է վա բանկ գնալ և նոր Սահմանադրություն ընդունելու հարցով հանրաքվե անցկացնել՝ անկախ նրանից թե այդ հանրաքվեն ինչ հետևանքներ կարող է ունենալ, այդ թվում իր հետագա պաշտոնավարման համատեքստում։ Փաշինյանը հույս ունի, որ հերթական անգամ հանրությանն ահաբեկելու ճանապարհով կկարողանա 650-700 հազար ՀՀ քաղաքացիներին պարտադրել, որպեսզի վերջիններս կողմ քվեարկեն նոր Սահմանադրության ընդունմանը։ Թեպետ իրատեսական չենք համարում, որ Նիկոլ Փաշինյանին դա կհաջողվի, այնուամենայնիվ եթե դա տեղի ունենա, ապա կառավարության ղեկավարն մեծ և անդառնալի հարված կհասցնի ՀՀ ինքնիշխանությանը։
Հայաստանում ստեղծված չափազանց մտահոգիչ իրավիճակը հնարավոր չէ հաղթահարել դատարկությամբ, հանրությանն անհրաժեշտ է իրական այլընտրանք առաջարկել, որի դեպքում Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարմանը հաշված ժամեր կմնան։ Ներկայիս իրավիճակում կենսական անհրաժեշտություն է, որպեսզի ՀՀ-ում քաղաքական-հասարակական նոր միավորներ ստեղծվեն, որոնք հանրությանը կարող են ելքեր ներկայացնել, քանի որ միայն քննադատությամբ հանդես գալը շոշափելի արդյունքներ չի տալիս, և նախորդ 4 տարիներին համոզվել ենք, որ Նիկոլ Փաշինյանն առանձնապես չի կաշկանդվում դրանից։
Ստեղծված իրավիճակում յուրօրինակ առաքելություն կարող է ստանձնել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ի վերջո Հայաստանը կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող պետություն է, որտեղ վարչապետը նշանակվում է խորհրդարանական մեծամասնության կողմից։ Այս իրավիճակում, երբ ԱԺ-ի կողմից նշանակված վարչապետը պետության հիմնարար փաստաթուղթը հռչակում է որպես գոյաբանական սպառնալիք, խորհրդարանը պարտավոր է անվստահություն հայտնելու միջոցով դադարեցնի րոպե առաջ դադարեցնի տվյալ վարչապետի պաշտոնավարումը։ Սա ՔՊ-ականներին թույլ կտա նաև տարանջատվել Նիկոլ Փաշինյանից և նրա ընդունած որոշումների համար պատասխանատվություն չկրել, սակայն առ այս պահը ՔՊ-ականների շրջանում նման միտումներ չեն նկատվում։
Հարց է առաջանում՝ իրականում Հայաստանի Հանրապետության համար Անկախությա՞ն հռչակագիր է գոյաբանական սպառանլիք, թե՞ Նիկոլ Փաշինյանը։ ՀՀ քաղաքացիներն այս հարցին պետք է պատասխանեն հաջորդ համապետական ընտրությունների ժամանակ՝ կանխելով Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը ու դրանից բխող հետևանքները։
Դավիթ Գույումջյան