Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 շաբաթ առաջ - 14:00 13-11-2024

Տիգրան Սարգսյանի և Աննա Հակոբյանի մարդիկ․ ովքեր են որոշումներ կայացնում Telcell-ում

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Մայրաքաղաքի իշխանությունները, որոնք ձևավորման պահից ի վեր չեն ունեցել երևանցիների վստահության քվեն, տրանսպորտային բարեփոխումների անվան տակ Երևանում իսկական կոլապս են ստեղծել՝ քաղաքացիներին պարտադրելով ուղետոմս գնել «Telcell» ընկերության տերմինալների կամ բջջային հավելվածի միջոցով։

Դեռևս երկու շաբաթ է, ինչ կամավոր-պարտադիր հիմունքներով գործող այս համակարգը ներդրվել է, այնուամենայնիվ այս ընթացքում «Telcell»-ում գրեթե ամենօրյա ռեժիմով փափանումներ են տեղի ունեցել, որոնք վկայում են ընկերությունը չունի բավարար ենթակառուցվածքներ՝ իր ստանձնած պարտավորությունները կյանքի կոչելու համար։ Քիչ չեն դեպքերը նաև, երբ «Telcell»-ի տերմինալները գումարը վերցնելուց հետո ուղետոմս չեն տրամադրում, ինչը նյարդայնացնում է քաղաքացիներին՝ դրդելով ծայրահեղ քայլերի։

Քաղաքացիները, ովքեր դեմ են այս «բարեփոխումներին» պնդում են, որ «Telcell»-ը պայմանագրային կանոնների խախտմամբ է մենաշնորհային դիրք ստացել, ինչը կոռուպցիայի դրսևորում է։ Երևանի քաղաքապետարանից և «Telcell» ընկերությունից հակադարձում են այս մեղադրանքներին՝ պնդելով, որ համապատասխան մրցույցին մասնակցելու հայտ միայն հիշյալ ընկերությունն է ներկայացրել, որն էլ բավարարվել է։

Բարեփոխումներից դժգոհող քաղաքացիները պահանջում են, որ մայրաքաղաքի իշխանությունները հանրային տրանսպորտի ուղետոմս գնելու այլ տարբերակներ նույնպես առաջարկեն՝ օրինակ ներդրվեն բազմակի օգտագործման և լիցքավորվող տրանսպորտային քարտեր, ապահովեն բանկային քարտերով վճարելու հնարավորություն և այլն, ինչպես ընդունված է աշխարհի քաղաքակիրթ երկրներում։ Քաղաքապետարանից թեպետ վստահեցնում են, որ առաջիկայում հիշյալ տարբերակները նույնպես ներդրվելու են, սակայն այս փուլում մարդկանց առաջարկում են բավարարվել բացառապես «Telcell»-ի վճարային տարբերակներով ու դրանցից օգտվելու «մաստեր-կլաս»-ներ կազմակերպում։ Այս համատեքստում քաղաքացիներից շատերի մոտ ողջամիտ կասկած է առաջանում, որ քաղաքային իշխանությունները բացառապես իրենց շահերն են հետապնդում։

Oragir.News-ն առաջարկում է հասկանալ՝ ովքեր են «Telcell» ընկերությունում որոշում կայացնողները․

Նշենք, որ «Թել-Սել» բաց բաժնետիրական ընկերությունը արտասահմանյան կապիտալով ընկերություն է, որտեղ այդ արտասահմանյան կապիտալով ընկերությունը՝ «Լենդասի Թրեյդինգ Էլ Թի Դի»-ն, վերահսկվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Ռամի (Յեվգենի) Տրեյստերի կողմից և ունի ամբողջական վերահսկողություն ԲԲԸ-ի նկատմամբ (56.6%)։ Տրեյստերը մինևնույն ժամանակ ընկերության տնօրենների խորհրդի 3 անդամներից մեկն է։

Խորհրդի մյուս անդամը ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբիելյանն է՝ դեռևս 2022 թվականից։ Գաբրիելյանը ներկայումս դասախոսում է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, նա 2018 թվականից «Արմենիա Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի, 2019-ից՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի խորհուրդների անդամ է։ Վերջինս ասոցացվում է Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, ում պաշտոնավարման շրջանում և դրանից հետո մի շարք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել, այդ թվում վարչապետի գլխավոր խորհրդական, կառավարության աշխատակազմի ղեկավար, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, ֆինանսների նախարար և այլն։

«Telcell»-ի խորհրդի մյուս անդամը և նրա նախագահը Արտաշես Ավետիսյանն է, ով նույնպես նախկինում բարձրաստիճան պաշտոնյա է եղել՝ տրանսպորտի և կապի նախկին փոխնախարար, Կենտրոնական բանկի նախագահի (Տիգրան Սարգսյանի) խորհրդական։ Արտաշես Ավետիսյանի անունը նույնպես կապվում է նախկին վարչապետի հետ, ժողովրդի լեզվով ասած նա «Տիգրան Սարգսյանի մարդն է», իսկ նրա դուստրը «Telcell»-ի բաժնետեր է։ Ուշագրավ է, որ Արտաշես Ավետիսյանը բաժնետեր է նաև «Գրին Ֆուդ» ՍՊԸ-ում։ Սա բանակին ելակ մատակարարող հայտնի ընկերությունն է, որը 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի կառավարությունից մաքսային արտոնություններ էր ստացել։

Արտաշես Ավետիսյանից բացի, այս ընկերության սեփականատերերն են Վարդուհի Ֆեսչյանը՝ նախկին վարչպետ Կարեն Կարապետյանի օգնական Կարապետ Վարդանյանի կինը և Աննա Հակոբյանի ընկերուհին, և Արամայիս Բադալյանը՝ գործարար, ով միևնույն ժամանակ «Telcell»-ի բաժնետերերից մեկն է։

Բացի այդ, ընկերությունում վերստուգողի պաշտոնը զբաղեցնում է Արմեն Դավթյանը։ Նա «Գրին Ֆուդ» ՍՊԸ-ի տնօրենն է, ինչպես նաև «Անալիտիկայի և հետազոտությունների կենտրոն» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը։

«Telcell»-ի կառավարման օղակը նույնպես արժանի է ուշադրության․

Ընկերության գլխավոր տնօրենն Արտյոմ Ղազարյանն է, ով ավելի վաղ զբաղեցրել է նաև կոմերցիոն տնօրենի պաշտոնը։ Նա 12 տարի՝ 2010-2022 թվականներին, եղել է ԱԿԲԱ բանկի մարքեթինգի վարչության պետը, իսկ նախքան դա՝ 2008-2010 թվականներին մարքեթինգի մասնագետը է աշխատել ԱրմենՏել ընկերությունում։

Թվում է թե Արտյոմ Ղազարյանի զբաղեցրած պաշտոններում ուշագրավ ոչինչ չկա, ինչը չենք կարող ասել վերջինիս վարչական գծով տեղակալի՝ Լիանա Հունանյանի մասին։ Վերջինս կրկին ասոցացվում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, քանի որ 2012-2014 թվականներին եղել է ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալը, 2007-2010թթ․ Կենտրոնական բանկի վիճակագրության վարչության տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի ֆինանսական վերլուծաբանը, իսկ 2005-2007 թթ․ տնտեսական հետազոտությունների վարչության տնտեսական հետազոտությունների և դրամավարկային քաղաքականության բաժնի տնտեսագետ ու ֆինանսական վերլուծաբանը։ Մեծ հավանականությամբ Լիանա Հունանյանը նույնպես Տիգրան Սարգսյանի «հերթական մարդն է»։

Այսպիսով՝ «Telcell» ընկերության տնօրենների խորհրդի 3 անդամներից 2-ը, ինչպես նաև տնօրենի վարչական գծով տեղակալը ասոցացվում են նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ՝ «նրա մարդիկ են», իսկ մյուսը, ով նաև գլխավոր բաժնետերն է, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ Վերջին իրողությունն անշուշտ Հայաստանի իշխանությունների վարած «հակառուսական քաղաքականության» խոսուն վկայությունն է։

Բացի այդ, ընկերության ղեկավար օղակի միանգամից 3 ներկայացուցիչ կապված են «Գրին Ֆուդ» ՍՊԸ-ի հետ, որը բանակին ելակ էր մատակարարելուն զուգահեռ զբաղված էր Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի փիարով, ինչը վերջինիս թույլ էր տալիս պետությունից հարկային արտոնություններ ստանալ։

Ուշագրավ է նաև, որ Արամայիս Բադալյանը նույնպես «Գրին Ֆուդ» ՍՊԸ-ի շահառու է, սակայն վերջինիս տվյալները բացակայում են ՀՀ պետռեգիտտրից։

Փաստացի Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքի բնակիչներին ու հյուրերին պարտադրում է օգտվել մի ընկերությունից, որտեղ որոշումներ կայացնողների մեծ մասը կապված են Տիգրան Սարգսյանի, կամ Աննա Հակոբյանի, կամ էլ միանգամից նրանցից երկուսի հետ։