Ներքին գործերի նախարարությունը սառեցրել է հանրային վայրերում տեսախցիկների տեղադրման աղմկահարույց նախագիծը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր այս տարվա հունիսի 12-ին՝ նույն օրը, երբ Ոստիկանությունը բիրտ ուժ էր կիրառել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Նախագիծը տնտեսվորողներից պահանջում էր ամենուրեք տեսախցիկներ տեղադրել և ոստիկանությունը շուրջօրյա ռեժիմով դրանց հասանելիություն տրամադրել։
Օրերս աղմկահարույց այս նախագիծը խստորեն
քննադատել էր նաև միջազգային հեղինակավոր «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը։ Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիան ուշադրություն էր հրավիրել այն բանին, որ ժողովրդավարական պայմաններում այդ միջոցի կիրառումը
չի կարող արդարացվել հասարակական անվտանգությունը բարելավելու պատճառաբանությամբ, իսկ հասարակական տարածքներում զանգվածային հսկողությունն անցանկալի հետևանքներ կունենա հիմնարար իրավունքների վրա։
Oragir.News-ի հետ զրույցում իրավապաշտպան Նինա Կարապետյանցը շեշտեց՝ գործող իշխանությունների գործողությունները շատ դժվար է գնահատել, որովհետև դրանք ողջամտության սահմաններում չեն տեղավորվում։ Ըստ նրա՝ միջազգային ոչ մի կառույցի կարծիք իշխանությունների համար այլևս հեղինակություն չի, եթե դրանում քննադատական միտք է հնչում։
«Դրա մասին խոսել են իրենց տարբեր ռանգի չինովնիկները, հետևաբար ինչ-որ այլ նպատակ ունեն։ Ենթադրում եմ, որ իրենց բոլոր քայլերն ու գործողություններն այլևս բխում են հնարավոր արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու փուլից։ Պարզապես չեն ուզում այս փուլում ավելի մեծ աժիոտաժ առաջացնել, բայց կասկած անգամ չունեմ, որ առաջին հնարավորության պարագայում իրենց կանցկացնեն օրենքը, որովհետև դիկտատորական ռեժիմներին անհրաժեշտ են գործիքներ, որոնք թույլ են տալիս տոտալ վերահսկողություն իրականացնել, իսկ այս իշխանությունը գնալով ավելի է մոտենում տոտալ դիկտատոր լինելու չափանիշներին»,- կարծում է նա։
Oragir.News-ի հարցին՝ եթե այս որոշումն այնուամենայնիվ ընդունվի, ապա այն ի՞նչ հետևանքներ կունենա՝ Նինա Կարապետյանը պատասխանեց՝ բավականին լուրջ։ Նա շեշտում է՝ այնպես չէ, որ իշխանությունները բավարար թվով տեսախցիկներ չեն ունեցել, բայց այլ հարց է, թե դրանք որքանով են արդյունավետ օգտագործվել․
«Ես կարող եմ հաստատապես պնդել, որ բազմաթիվ դեպքերում իմ գործընկեր փաստաբանները անընդհատ խոսում են այն մասին, որ բռնությունների, խոշտանգումների և անհամաչափ ուժի կիրառման ժամանակ չգիտես ինչի ոստիկաններին ամրագրված տեսախցիկներն անջատված են եղել կամ տեսագրությունները չեն պահպանվել, փողոցներում տեղադրված տեսախցիկները շատ արագ գրանցում են վարորդների խախտումները, բայց շատ կասկածելի ավտովթարների ժամանակ դրանք հանկարծակի չեն աշխատում, քննիչները տեսախցիկների արձանագրումներից ամիսներով չեն օգտվում, երբ դրանք վերանում են ու տարբեր քրեական գործերում կարող են որպես ապացույց հանդես գալ, այսինքն՝ չեն առգրավվում, երբ դրա անհրաժեշտությունը կա։ Մեծ գումարներ են ծախսել Ոստիկանությունում տեսախցիկներ տեղադրելու համար, սակայն այդ տեսախցիկները հարցաքննությունների ժամանակ չգիտես ինչի չեն աշխատում և այլն։ Արդյունքում՝ բոլոր եղած գործիքները արդյունավետ չեն կարողանում օգտագործել, դրանք բոլորը օգտագործվում են բացառապես իրենց ձեռքի տակ կոմպրոմատներ ունենալու համար, որպեսզի իրենց ձեռքի տակ նյութեր ունենան, որոնցով տարբեր չինովնիկների կկարողանան ավելի արդյունավետ վերահսկել, նրանց շարժը ֆիքսել և որպես շանտաժի գործիք օգտագործել։ Իրենց համար բացարձակ կարևոր չի՝ դա օրինակա՞ն է, թե՞ ոչ։
Այս իշխանությունները մի քայլ ավելի առաջ գնացին, եթե նախորդ իշխանություններն օգտագործում էին ավելի հին՝ պապական մեթոդները, տեղեկատվություն էին հավաքում սրա-նրա դիմ, հիմա խոսք է գնում արհեստական բանականություն կիրառելու մասին։ Այդ տեսախցիկների ինֆորմացիան պետք է արհեստական բանականությունը հավաքագրեր ու մշակեր, բայց իրենց բանականությունը շատ չեն կարողանում օգտագործել»,- ասաց նա՝ համոզմունք հայտնելով, որ սա հերթական գործիքն է, որն այս իշխանություններն օգտագործելու են իրենց դիրքերն ամրապնդելու համար։
Նինա Կարապետյանցը հավելեց՝ գուցե մինչև հաջորդ ընտրություններն այս գործիքը չօգտագործվի, բայց համոզված է, որ վերընտրվելուց հետո իշխանություններն անտեսելու են բոլոր տեսակի ներքին ու արտաքին քննադատությունները և ընդունելու են հիշյալ օրենքը։ «Այս պահին կարծես թե հետաձգել են, բայց ես համոզմունք ունեմ, որ եթե վերարտադրվեն, ապա անպայման օգտագործելու են այս գործիքը»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան