Արտաքին 1 տարի առաջ - 19:00 01-11-2024

Ժողովրդավարական երկրներում մարդկանց տեսահսկելը չի կարող արդարացվել. Human Rights Watch-ի կոշտ զեկույցը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը նախօրեին տեղեկացրել էր, որ միջազգային հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը քննադատել էր պարտադիր տեսանկարահանման մասին հայաստանյան օրենքը, որով փողոցներում ինչպես նաև պետական ու մասնավոր հաստատություններում տեղադրված տեսախցիկների թիվը պետք է կտրուկ ավելացվի և դրանց տվյալները պետք է հասանելի լինեն ոստիկանության համար։

Oragir.News-ին կազմակերպության գնահատականի վերաբերյալ նոր մանրասաներ են հայտնի դարձել.

Մասնավորապես նշվել է, որ Երևանում ոստիկանությանը հասանելի՝ տեսահսկման 24-ժամյա համակարգեր տեղադրելու Հայաստանի կառավարության օրինագիծը հիմնավորված չէ և խոչընդոտում է անձնական կյանքի և այլ իրավունքներին։

Կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիան ասել է, որ համատարած տեսահսկումն անխուսափելիորեն կխախտի անձնական գաղտնիության իրավունքը, շեշտել՝ ժողովրդավարական պայմաններում այդ միջոցի կիրառումը չի կարող արդարացվել հասարակական անվտանգությունը բարելավելու պատճառաբանությամբ։ Նրա խոսքով՝ հասարակական տարածքներում զանգվածային հսկողությունն անցանկալի հետևանքներ կունենա հիմնարար իրավունքների վրա։

«Այս համակարգերը հավաքում են անձնական տվյալներ, որոնք վերաբերում են մարդկանց ինքնությանը, տեղաշարժին, այլ մարդկանց հետ շփումներին, ուստի այս հարցում պետք է հստակ սահմանափակումներ լինեն՝ անձնական ու այլ իրավունքները պաշտպանելու համար»,- ասվում է զեկույցում։

Human Rights Watch-ը հիշեցրել է, որ այս հարցի շուրջ հստակ գնահատականներ են տվել միջազգային մի շարք կառույցներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեն, Ստրասբուրգի դատարանն ու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը։ «Այդուամենայնիվ, Կառավարությունն անտեսեց այս քննադատությունները և ուղարկեց օրինագիծը խորհրդարան»,- ասվում է զեկույցում։

Human Rights Watch-ը հայտնել է նաև, որ երկու ամիս առաջ՝ անցած օգոստոսին, պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին ու Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ խնդրելով բացատրություններ վիճահարույց օրինագծի վերաբերյալ, սակայն հայկական կողմն առ այսօր այդ նամակին որևէ կերպ չի արձագանքել։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հիշեցնում է՝ օրինագծի քննարկումների ժամանակ պաշտոնյաները չէին բացառել, որ տեսանյութերի վերլուծությունը կարող է կատարվել արհեստական բանականության օգնությամբ, ինչն էլ ավելի է մեծացնում վտանգները։

«Երբ դեմքը ճանաչող տեխնոլոգիաները կիրառվում են մեծաթիվ մարդկանց դեպքում, անճշտության նույնիսկ փոքր ցուցանիշը կարող է հանգեցնել հարյուրավոր մարդկանց սխալ նույնականացման», - ավելի վաղ հայտարարել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարը։

Human Rights Watch-ն, իր հերթին, շեշտում է, որ հասարակական վայրերում դեմքը ճանաչող կամ արհեստական բանականության այլ տեխնոլոգիաների գոյությունն իսկ կարող է բացասաբար ազդել հիմնարար իրավունքների՝ հանրահավաքների, խոսքի ազատության ու մարդու սեփականության իրավունքի վրա։

«Ակնհայտ է, որ առաջարկվող օրենքը հակասում է Հայաստանի միջազգային պարտավորություններին։ Կառավարությունը պետք է չեղարկի օրենսդրական նախաձեռնությունը կամ առնվազն դադարեցնի դրա ընդունումը, քանի դեռ չեն փարատվել հայաստանյան և միջազգային դերակատարների մտահոգությունները», - հայտարարել է Human Rights Watch-ի Եվրոպայի հարցերով տնօրեն Գիորգի Գոգիան։ Նա հավելել է, որ փաստաթղթի ուղարկումը Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողով կլինի առաջին քայլն այդ ուղղությամբ։
Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
19:49 ՌԴ դեսպանատան կոշտ արձագանքից հետո Դավիթ Առուշանյանը լռում է․ մարզպետը չի ցանկանում մեկնաբանել
19:01 Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
19:38 Խոշոր պայթյուն՝ Մասիսում գործող գազալցակայանում. «Opel»-ը վերածվել է մետաղե ջարդոնի
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին