ԱՄՆ-ում նոյեմբերի 5-ին կայանալիք նախագահական ընտրություններին 1 շաբաթ էլ քիչ ժամանակ է մնացել, իսկ որոշ նահանգներում էլ արդեն մեկնարկել է վաղաժամ քվեարկությունը, սակայն ընտրությունների ելքն առ այս պահը անկանխատեսելի է։ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար պայքարող երկու թեկնածուներն էլ գրեթե հավասար՝ 47-48% վարկանիշ ունեն, ուստի վերլուծաբանները դժվարանում են ասել, թե ով կլինի ԱՄՆ հաջորդ նախագահը՝ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրա՞մփը, թե՞ գործող փոխնախագահ, դեմոկրատ Քամալա Հարիսը։
Միացյալ Նահանգների ընտրությունների արդյունքներից է կախված նաև, թե միջազգային ասպարեզում իրավիճակն ինչպես կզարգանա, մասանավորապես ինչ հանգուցալուծում կստանան Գազայում և Ուկրաինայում ընթացող հակամարտությունները։ Եթե առաջին դեպքում երկու թեկնածուներն էլ վճռական են Իսրայելին ցուցաբերվող աջակցությունը շարունակելու հարցում, ապա նույնը չի կարելի ասել Ուկրաինայի համար, քանի որ Թրամփը բազմիցս դժգոհել է Կիևին ցուցաբերվող աջակցությունից, խոստացել, որ իր ընտրվելու դեպքում ԱՄՆ-ն հավելյալ ռազմական աջակցություն չի ցուցաբերի այս երկրին։ Վերլուծաբանների համոզմամբ՝ Թրամփի հնարավոր հաղթանակից առաջին հերթին հենց Ուկրաինայի իշխանությունը մտահոգվելու տեղ ունի։
Անորոշությունը, թե ով է լինելու Սպիտակ տան հաջորդ ղեկավարը, ազդում է ոչ միայն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության, այլև այդ երկրում տիրող ներհասարակական տրամադրությունների վրա, շիկացնում առկա առանց այդ էլ լարված մթնոլորտը։ Մասնավորապես, նախորդ ուրբաթ ամերիկյան հեղինակավոր «The Washington Post» պարբերականը, որը դեռևս 1970 թվականից ավանդաբար աջակցում էր դեմոկրատական կուսակցության թեկնածուներին, հրաժարվել է նախագահի թեկնածուներից որևէ մեկին աջակցություն հայտնել, նշել, որ այլևս հանդես չի գա ի պաշտպանություն ԱՄՆ նախագահի պաշտոնի հավակնորդների։ Այս հայտարարությունից հետո պարբերականի վճարովի բաժանորդագրությունից օգտվող ավելի քան 200 հազար ընթերցող հրաժարվել է բաժանորդագրվել ամերիկյան այս ազդեցիկ պարբերականին, ինչի հետևանքով նրա սեփականատեր, «Amazon»-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ճգնաժամային իրավիճակի է բախվել։
«The Washington Post»-ի այս որոշումը, որը կայացվել է Բեզոսի նախաձեռնությամբ, լուրջ դժգոհություն է առաջացրել խմբագրության ներսում և բաժանորդների շրջանում, որոնցից մի քանիսը հավատարիմ են մնացել թերթին ավելի քան 50 տարի: Պարբերականի գլխավոր տնօրեն Ուիլյամ Լյուիսը թերթի իր սյունակում գրել է, որ ղեկավարության որոշումը թելադրված է ընտրողների ընտրության վրա չազդելու ցանկությամբ։ Ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ հրատարակությունը նյութ է պատրաստել՝ ի պաշտպանություն Քամալա Հարիսի, որը դեռևս չի հրապարակվի:
Ամերիկյան քաղաքական մշակույթում ընդունված է, որ ազդեցիկ պարբերականներն ընտրություններից իրենց դիրքորոշումն են հայտնում՝ ընթերցողներին և բաժանորդներին անուղղակիորեն հորդորելով քվերակել թեկնածուներից որևէ մեկի օգտին։ ԱՄՆ-ում ստեղծված քաղաքական անորոշության ու անկանխատեսելիության ֆոնին «The Washington Post» որոշել է քաղաքական չեզոքության պահպանել ու չուղղորդել իր լսարանին, ինչը հենց նույն լսարանի շրջանում մեծ դժգոհություններ է առաջացրել և շուրջ 200 հազար քաղաքացի փաստացի բոյկոտել է այս որոշումը՝ պարբերականից փաստացի պահանջելով չխուսափել պատասխանատվությունից ու քաղաքական դիրքորոշում արտահայտել։
Նկատենք, որ Հայաստանում, ինչպես նաև աշխարհի բազմաթիվ այլ երկրներում անցկացվող ընտրությունների ժամանակ արևմտյան, այդ թվում ամերիկյան ֆինանսավորմամբ գործող ՀԿ-ները տարատեսակ համաժողովներ և այլ միջոցառումներ են կազմակերպում, որոնցում լրատվամիջոցների քաղաքականացվածությունն անընդունելի են համարում, հորդորում, որ վերջիններս քաղաքական դիրքորոշում չհայտնեն և չուղղորդեն իրենց ընթերցողներին։ Հիշյալ կառույցները պնդում են, որ նման կերպ ԶԼՄ-ներն ազդում են քաղաքացիների ազատ կամարտահայտության վրա և հարվածում ընտրությունների լեգիտիմությանը։ Սրան զուգահեռ՝ բոլոր այն լրատվամիջոցները, որոնք չեն ենթարկվում այս կոչերին, հիշյալ կազմակերպությունների կողմից խիստ քննադատության են ենթարկվում, սակայն նույն ՀԿ-ները շատ հաճախ զարմանալիորեն չեն նկատում ԶԼՄ-ներում առկա այն ուղղորդող հրապարակումները, որոնք չեն հակասում իրենց շահերին և արտացոլում են դրանք։
Այսպիսով՝ «The Washington Post»-ի շուրջ ստեղծված իրավիճակը հերթական անգամ ի ցույց է դնում ԱՄՆ-ի և հավաքական արևմուտքի վարած երկակի ստանդարտների քաղաքականությունը, երբ նույնանման իրավիճակը տարբեր գնահատականների է արժանանում՝ կախված նպատակահարմարությունից և շահերի բախումից։ Կարծում ենք, որ շուրջ 200 հազար քաղաքացիների կողմից այս պարբերականը բոյկոտելու նախաձեռնությունը հաստատապես առանց ԱՄՆ իշխանությունների հավանության չի իրականացվել, քանի որ այս ընտրությունները Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենաանկանխատեսելի ընտրություններն են, երկու թեկնածուները գրեթե հավասար վարկանիշ ունեն, ուստի յուրաքանչյուր ուղղորդող հրապարակում և քվե չափազանց կարևոր նշանակություն ունի և «Դեմոկրատական» կուսակցությունը չի ցանկանում կորցնել «The Washington Post»-ի ազդեցիկ լսարանը։
Կարճ ասած՝ ամերիկյան ժողովրդավարության կանոններով լրատվամիջոցները քաղաքական չեզոքություն պետք է պահպանեն բացառապես ԱՄՆ-ի սահմաններից դուրս, իսկ եթե դա փորձում են անել դրանից ներս, ապա դա ոչ միայն չի ողջունվում, այլև իրենց համար լուրջ հետևանքներ է առաջացնում՝ տվյալ դեպքում 200 հազար բաժանորդի և համապատասխան ֆինասական միջոցների կորուստ։
Դավիթ Գույումջյան