Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել ու իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագիրը փաստացի չեղարկողների՝ Սահմանադրական դատարանի դատավորների ու նրանց ընտանիքի անդամների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել վերջիններիս գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրում։
Այսօր ուսումնասիրել ենք ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի և նրա կնոջ՝ Ծովինար Բաբայանի հայտարարագրերը։
Հիշեցնենք՝ Վահե Գրիգորյանը ՍԴ դատավոր ընտրվեց 2019-ի հունիսին՝ երկրորդ փորձից հետո։ ԱԺ-ում դատավոր ընտրվելուց հետո ինքնահռչակվեց որպես ՍԴ նախագահ, 1 տարի շարունակ չմասնակցեց ՍԴ-ի նիստերին, բայց միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հաշվի միլիոնավոր դրամների աշխատավարձ ու պարգևավճար ստացավ, ինչպես նաև օգտվեց ծառայողական մեքենայից։ Գրիգորյանը ՍԴ-ի աշխատանքներին սկսեց մասնակցել միայն 2020-ի հունիսից հետո, երբ ԱԺ-ում իմքայլական պատգամավորները պաշտոնանկ արեցին ՍԴ 3 դատավորներին, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին էլ հեռացրեցին բարձր դատարանի նախագահի պաշտոնից։
Որպես անշարժ գույք՝ Վահե Գրիգորյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանում, որը նա գնել է 2022 թվականի հոկտեմբերի 3-ին, ինչպես նաև համատեղ սեփականությամբ հողամաս՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում, որը գնել է 2020 թվականի մայիսի 4-ին։ Տարեվերջին Գրիգորյանի անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Գրիգորյանը չի հայտարարագրել, սակայն նա 90 օրից ավելի տիրապետում է 2004 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենայի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։
Գրիգորյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 851.237 դրամ, 14.63 դոլար և 13.13 եվրո, տարեվերջին՝ 216.622 դրամ, 14.65 դոլար, 13.13 եվրո։
Նա ունեցել է Իդրամի էլեկտրոնային հաշիվ, որի վրա տարեսկզբին եղել է 955, տարեվերջին՝ 584.83 դրամ։
Կանխիկ միջոցներ Վահե Գրիգորյանը չի հայտարարագրել։
Վահե Գրիգորյանի տարեկան եկամուտները կազմել են 22.256.501 դրամ, որից 21.149.404 դրամը Սահմանադրական դատարանից ստացած աշխատավարձն է, 102.597 դրամը՝ ՍԴ-ից ստացած այլ եկամուտը, իսկ 857.500 և 147.000 դրամը՝ «ԲՈՒՆ» գիտամշակութային հիմնադրամից քաղիրավական պայմանագրերով ստացած եկամուտը։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 63.212.345,25 դրամ։
Վերջինս իր եկամուտներից 4.316.000 դրամ հատկացրել է ուսման կամ այլ դասընթացների համար կատարվող վճարումներին, 14.840.000 դրամ էլ՝ վերանորոգման ծախսերին։
Գրիգորյանի կինը՝ Ծովինար Բաբայանը հայտարարագրել է 2 բնակարան, որոնցից մեկը միանձնյա, մյուսը՝ համատեղ սեփականությամբ։ Առաջին բնակարանը գտնվում է Երևանի Արաբկիր վարչական շրջանում, երկրորդը Դավթաշենում, գնվել են համապատասխանաբար 2018 թվականի սեպտեմբերի 27-ին և 2022 թվականի սեպտեմբերի 28-ին։ Բացի այդ, նա համատեղ սեփականությամբ տիրապետում է ամուսնու հայտարարագրած հողամասին։ Տարեվերջին անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Շարժական գույք՝ ավտոմեքենա, Ծովինար Բաբայանը չի հայտարարագրել։
Նա 5000-ական դոլար անվանական արժեքով 2 բաժնամաս է հայտարարագրել AngelList Advisors LLC ընկերությունում, որոնք ձեռք է բերել 2021-ի նոյեմբերի 1-ին։
Վերջինս ոմն Անահիտ Մանուկյանի 10 տոկոս տոկոսադրույքով 1 մլն դրամ փոխառություն է հանձնել, որը տարեվերջին կազմել 1 մլն 100 հազար դրամ։
2023-ի տարեվերջին նա առևտրային բանկերից մեկում ունեցել է 736,432 դրամ անվանական արժեքով ավանդ։
Դատավորի կնոջ բանկային հաշիվներին տարեսկզբին եղել են 517.408,78 դրամ, 25.943,54 ֆունթ սթերլինգ, 432 դոլար, 2.49 եվրո, տարեվերջին՝ 570.227,78 դրամ, 15.692,86 ֆունթ ստերլինգ, 430․92 դոլար, 2․49 եվրո։ Բացի այդ, նա ունեցել 1․500․000 դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նույությամբ պահպանվել է։
Ծովինար Բաբայանի տարեկան եկամուտները կազմել են 9․743․042,6 դրամը, որից 7․400․000 դրամը Նիկոլ Փաշինյանի կառավարությունից արտոնություն ստացած Ռենդերֆորեսթ ՍՊԸ-ի հետ ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտն է, ընդ որում նա այս ընկերությունում բաժնեմաս չունի, 1․500․000 դրամը՝ Արդի Կրթության Ակադեմիայից, 606․000 դրամը՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ում ձեռնարկատիրական գործունեությունից ստացած եկամուտը, 90․015 Սիմոնյան կրթական հիմնադրամից քաղիրավական պայմանագրով ստացած եկամուտը, ևս 146․227,6 դրամ նա ստացել է Byblos Bank Armenia, հայտարարագրել որպես այլ եկամուտ։
Վերջինս իր եկամուտներից 14․840․000 դրամ հատկացրել է անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերին։