Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս ռուսական «Ռոսիա»-1 հեռուստաալիքին տված հարցազրույցում խստորեն քննադատել է ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը, նշել, որ միջազգային հանրությունը պետք է կոնսոլիդացված դիրքորոշում ցուցաբերի այս հարցում։ Նա պնդել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցներն «ապօրինի են և սահմանվում են միանգամայն անհիմն և ընտրովի կերպով»։
Հատկանշական է, որ Ալիևն իր խոսքում ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նման դիրքորոշում է արտահայտում ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների վերաբերյալ՝ փաստացի ակնարկելով, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ սահմանվող պատժամիջոցները նույնպես ապօրինի են։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ Ադրբեջանն այս պահին փորձում է դիմակայել արևմուտքի կողմից իր նկատմամբ գործադրվող ճնշումներին։ Նրա խոսքով՝ այս պահին Ադրբեջանի նկատմամբ գլխավոր ճնշումը հենց Միացյալ Նահանգներն է գործադրում․
/Ռոբերտ Ղևոնդյան, քաղաքագետ/«Թեպետ Ֆրանսիայի հետ էլ որոշակի հակասություններ կան, այնուամենայնիվ ԱՄՆ-ն քննադատում է Ադրբեջանին՝ թե՛ մարդու իրավունքները չպահպանելու, թե՛ COP29-ին ընդառաջ ներքին ժողովրդավարություն չապահովելու, թե՛ բազմաթիվ այլ հարցերում։ Ես կարծում եմ, որ Ալիևը փորձում է նման կերպ մի կողմից սիրաշահել Ռուսաստանին՝ ցույց տալով, որ ինքը ևս ունի խնդիրներ Արևմուտքի հետ, մյուս կողմից՝ COP29-ին ընդառաջ նույն Արևմուտքի առաջ իր կարմիր գծերը գծել՝ առ այն, որ նույն արևմուտքին թույլ չի տալու մի որոշակի գծից ավելի խառվել իր ներքին քաղաքականությանը»։
Քաղաքագետը համաձայն է այն դիտարկման հետ, որ Ալիևն այս հայտարարությամբ ակնարկում է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանի նկատմամբ էլ է ապօրինի պատժամիջոցներ կիրառում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն այս պահին Ադրբեջանի դեմ էական գործողություններ չի ձեռնարկի, քանի որ ընտրական գտնվում է ընտրական գործընթացում և սպասվում է վարչակազմի փոփոխություն, սակայն նոր վարչակազմը կարող է Ադրբեջանի նկատմամբ իր քաղաքականություն խստացնել, եթե այդ երկիրը հետագայում նույնպես շարունակի նման հայտարարություններով հանդես գալ ու հատկապես եթե նախագահ ընտրվի դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը։
Oragir.News-ի հարցին, թե ի՞նչ է փորձում ստանալ Ադրբեջանը՝ սիրաշահելով Ռուսաստանին՝ Ռոբերտ Ղևոնդյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը Ռուսաստանից բավական բաներ արդեն ստանում է․ այն որ Ռուսաստանի աջակցությամբ կարողանում է խաղադրույքներ կատարել արևմուտքի հետ փոխհարաբերություններում, կարողանում է շատ հարցերում չհամաձայնել արևմուտքի հետ, շատ հարցերում հակասություններ ձևավորել՝ օրինակ Ֆրանսիայի հետ փոխհարաբերություններում և այլն, այս բոլորը հնարավոր չէր լինի, եթե չլիներ Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանին։ Մեկ կարևոր հարց էլ՝ Ադրբեջանը Ռուսաստանի աջակցությամբ կարողանում է դիմակայել նաև Թուրքիայի կողմից տարածաշրջանում ավելի մեծ դերկատարում ունենալու հավակնություններին, ինչի պատճառով վերջին շրջանում տեսնում ենք թուրք-ադրբեջանական որոշակի հակասություններ»։
Անդրադառնալով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցին, և ռուս պաշտոնյաների կողմից վերջին շրջանում օգտագործվող պրոադրբեջանական հռետորաբանությանը՝ մեր զրուցակիցը համոզմունք հայտնեց, որ այս հարցում շատ ավելի մեծ շահագրգռվածություն ունի Ռուսաստանը, ու այստեղ հակադարձ գործընթացն է տեղի ունենում։ Ըստ նրա՝ Ռուսաստանն է փորձում Ադրբեջանի միջոցով Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» ստանալ, որովհետև խոշոր հաշվով ադրբեջանական կողմի համար այնքան էլ կարևոր չէ, թե ում վերահսկողությունը կլինի ճանապարհի վրա, որով նրանք կգնան Նախիջևան և կվերադառնան։
«Առավել ևս՝ Հայաստանն առաջարկել է, որ այդ գործընթացում կողմերը կարող են փոխադարձության հիման վրա անկախ մասնավոր կազմակերպություններ լինել, ինչը Ադրբեջանը սկզբունքորեն չի մերժել, թեև փոխադարձության հետ համաձայն չէ։ Բայց Ռուսաստանին բնականաբար անհրաժեշտ է, որ հենց իրենք լինեն այդ ճանապարհի վրա ու այս դեպքում կարծում եմ, որ հակառակ կողմից պետք է գործընթացն ընկալել, այսինքն՝ ավելի շատ այստեղ Ադրբեջանն է պետք Ռուսաստանին, քան՝ Ռուսաստանն Ադրբեջանին»,- եզրափակեց նա։
Դավիթ Գույումջյան