Հոկտեմբերի 9-ին
Oragir.News-ը «
Էս ուր ենք հասել․ Ոստիկանությունը ավտոմեքենա՞ է գողացել» վերնագրով հրապարակում է արել։
Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացին պատմել է, որ մայիսի 30-ին Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման ավտոերթին մասնակցելու համար իր ավտոմեքենան նույն օրը տեղափոխել է տուգանային հրապարակ։ Դրանից ավելի քան 4 ամիս անց այն վերադարձվել է, քաղաքացուն, սակայն՝ առանց որևէ ստացականի, չեն նշվել ավելի քան 4 ամիս ավտոմեքենան առգրաված պահելու իրավական հիմքերն ու վերադարձնելու պատճառները։ Իրավական առումով տարօրինակ այս պատմությունը հանրային արձագանք է ստացել, մարդիկ առաջ են քաշում վարկածներ, որոնք ուշագրավ են իրավական, քաղաքական և սոցիալ-հոգեբանական առումներով։
Առաջինը՝ ենթադրվում է, որ ՔՊ-ական իշխանությունները հասկացել են իրենց սխալը, հակաժողովրդավարական արարքը և խուսափում են այն փաստաթղթավորելուց։ ՆԳՆ-ն, որն ամեն տարի 100 միլիոնավոր դոլարի ամերիկյան և եվրոպական դրամաշնորհներ է ստանում, մտավախություն է ունեցել, որ եթե գրի ավտոմեքենաներն առգրավելու վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը, ապա կարժանանա Արևմուտքի, ժողովրդավարական երկրների քննադատությանը, քանի որ իրականում Ոստիկանությունն այս հակաժողովրդավարական գործողությունն արել է Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով։ Եվ 4 ամիս անց իրավապահները գիտակցել են, որ այս քայլով ոտնահարել են քաղաքացու իրավունքները և մի շարք օրենքներ։ Հետևապես այդ ամենը չեն փաստաթղթավորել։ Պարզ ասած՝ չեն ուզել իրենց ձեռքով իրենց գլխին պատմություն բերել, քանի որ քաղաքացիները կարող են դիմել դատարան և պահանջել փոխհատուցում այսքան ժամանակ իրենց ավտոմեքենաները առգրաված պահելու, դրանք տնօրինելու իրավունքից իրենց զրկելու, անհարմարություն և վնաս պատճառելու հիմքերով։ Իսկ հիմա չեն կարող, քանի որ առգրավման, 4 ամիս պահելու ու հետ վերադարձնելու փաստն ապացուցող որևէ թուղթ չկա։
Ասում են, թե Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորք այցելության ժամանակ, նրա վրա ճնշում է գործադրվել։ Միջազգային հանրությունը, միջազգային իրավապաշտպան կառույցներն ամոթանք են տվել հակաժողովրդավարական բաներ անելու համար։ Եվ ԱՄՆ-ից գալուց հետո նա կարգադրել է վերադարձնել քաղաքացիներից ապօրինաբար առգրավված ու երկար ժամանակ պահված ավտոմեքենաները։ Սակայն աղմուկից խուսափելու նկատառումով՝ հանձնարարել է որևէ փաստաթուղթ չտալ վարորդներին, որ հետո պատմություններ չծագեն, բողոքներ, դատավարություններ չլինեն, չգցեն երկրի ժողովրդավարական իմիջը։
Մյուս վարկածն ունի ներքաղաքական համատեքստ։ Ասում են, թե Սրբազան պայքարի վերստին ակտիվացումը հրահրվում ու խրախուսվում է ՔՊ-ական իշխանությունների կողմից։ Փաշինյանն ուզում է աշխարհին ցույց տալ, թե ռուսներն ու նրանց գործակալներն իրեն ճնշում են, և այդ պատճառով նա չի կարող հիմա անկախության և ժողովրդավարության բարեփոխումներ իրականացնել։ Պարզ ասած՝ Նիկոլ Փաշինյանին շատ անհրաժեշտ է, որ Բագրատ Սրբազանը մարդկանց կրկին դուրս բերի փողոց, նույն խոսույթով ցույցեր, հանրահավաքներ անցկացվեն, ու դրանք լինեն հնարավորինս մարդաշատ։ Սա հաշվի առնելով, իշխանությունները հետ են վերադարձնում Սրբազան շարժման ցուցարարների ավտոմեքենաները, ձեռքի հետ էլ ժեստ անում, թե բարի են, ոչ մի գործ չեն հարուցում ցուցարար վարորդների դեմ, որ վերջիններս ոգևորվեն ու կրկին մասնակցեն Սրբազան շարժման ցույցերին, մարդաշատություն ապահովեն։
Որոշ մարդիկ էլ կարծում են, թե այս 4 ամիսների ընթացքում ոստիկանները պարզապես շահագործել են ցուցարարներից ապօրինաբար առգրավված ավտոմեքենաները իրենց կարիքների, հետաքրքրությունների համար։ Վերջում հոգնել են, ու որոշել վերադարձնել։ Սա առավել տրամաբանական է, քանի որ ՔՊ-ական իշխանությունները բազմիցս են ապացուցել, որ շահագրգռված չեն Հայաստանի ժողովրդավարական իմիջի պահպանմամբ։ Իսկ որևէ փաստաթուղթ չեն տվել վարորդներին, քանի որ չէին կարող գրել, թե իրենց կարիքների, հաճույքների համար են շահագործել քաղաքացիների ավտոմեքենաները, և հիմա ձանձրացել ու որոշել են վերադարձնել դրանք։ Այս առումով՝ և թերևս՝ սրբագրելով Oragir.News-ի նախորդ հրապարակումը, կարող ենք ասել, որ ոստիկանությունը ոչ թե գողացել է, այլ առանց հարցնելու վերցրել է քաղաքացիների ավտոմեքենաները, մի 4 ամիս քշել, հավեսը հանել ու հետ է վերադարձրել։
Այս վարկածները միավորելով կարելի է նկատել, որ մարդիկ մտավախություն են հայտնում, որ եթե այս տարօրինակ պատմությանը համարժեք գնահատական չտրվի, ապա իրավապահների գործելակերպը կարող է դառնալ նորմ, ու ոստիկանները երբ ուզեն, ումից ուզեն կարող են խլել ավտոմեքենան, ոտնահարելով օրենքներն ու մարդու իրավունքները, Հայաստանը վերածելով վտանգավոր ու ցածրակարգ երկրի, որի իշխանությունները ցուցադրաբար չեն հարգում սեփականության սրբազան իրավունքը։
Թաթուլ Մկրտչյան