Ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն ազդարարում են Հարավային Կովկաս ՆԱՏՕ-ի առաջիկա ներգրավվածության մասին։ Օրեր առաջ այդ մասին ակնարկել է Բաքու այցելած Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Դրանից երկու օր անց ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն է հայտարարել, թե արևմտյան երկրները մտադիր են խաղաղապահների անվան տակ իրենց զորախումբը ուղարկել Հարավային Կովկաս՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը լուծելու համար։ «Արևմուտքը փորձում է ղեկավարել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» կոնտինգենտի տեղակայմանը՝ դե յուրե ՄԱԿ-ի և դե ֆակտո ՆԱՏՕ-ի հովանու ներքո»,- ասել է նա։ Ինչու՞ են ռուսներն այս մասին հայտնում, և ի՞նչ կլինի, եթե նրանց հայտնածն իրականանա։
Դիտարկենք երկու վարկած։ Առաջինը՝ ռուսները ստում են։ Երկրորդը՝ ճիշտ են ասում։ Որոշ փորձագետներ, իրոք, կարծում են, թե Արտաքին հետախուզության ծառայության պետն ու Անվտանգության դաշնային ծառայության պետը ստում են, ապատեղեկատվություն տարածում։ ՆԱՏՕ-ի՝ Հայաստան գալու մասին հայտարարելով, ռուսները սպառնում են, որ մտադիր են ներխուժել Հայաստան, զավթել նրա մի մասը։
Այս ենթադրությունը համատեղվում է այն ասեկոսեներին, թե ուկրաինա-ռուսական պատերազմի արդյունքում լինելու է երկու Ուկրաինա՝ անկախ Ուկրաինա և ռուսական Ուկրաինա։ Ասում են նաև, թե Արևմուտքն արդեն համաձայնել է այս տարբերակին։ Այստեղից առաջ է քաշվում անալոգ ենթադրություն, որ եթե Արևմուտքն ու Մոսկվան համաձայնությամբ կիսեն Ուկրաինան, ապա կփորձեն նաև կիսել մյուս հետխորհրդային երկրները։
Այսինքն՝ ռուս բարձրաստիճան պաշտոնյաներն իրենց ադրբեջանցի դաշնակիցներին և արևմտյան մրցակիցներին ակնարկում են, որ խորհրդային բռնազավթումից ազատագրված այն երկրները, որոնք կուզենան լրիվ ազատվել ռուսական իներցիոն ազդեցությունից՝ կկիսվեն, այդ թվում՝ Հայաստանը։ Մի կեսը կլինի անկախ Հայաստան, որտեղ կտեղակայվեն ՆԱՏՕ-ի զորքերը, իսկ մյուսը՝ ռուսական, որը կտնօրինեն ռուս-ադրբեջանական ուժերը։ Եվ այս նենգ, հակահայկական պլանը ռուս-ադրբեջանական չբարեկամները մտադիր են իրականացնել անվտանգության նկատառումներով, իբր՝ ՆԱՏՕ-ի առաջխաղացումը կանխելու համար։ Ի տարբերություն Ուկրաինայի, մեր դեպքում ռուսներն ակնարկում են, որ նախահարձակ են լինելու։ Ակնարկում են, որ չեն սպասելու մինչև Հայաստանն իր անկախության պաշտպանության ուղղությամբ քայլեր անի և ձգտի դառնալ ՆԱՏՕ-ի դաշնակիցը, հետո նոր պատերազմ սկսեն Հայաստանի դեմ։ Ուղիղ ակնարկում են, որ նախքան ՆԱՏՕ-ի գալը՝ մտադիր են զավթել Հայաստանի մի մասը։ Հետո ՀՀ իշխանությունը ռուսական ագրեսիայի դեմն առնելու համար ստիպված է լինելու խորացնել կապերը Արևմուտքի, ՆԱՏՕ-ի հետ։
Իսկ եթե ռուսները ճիշտ են ասում, և առաջիկայում ՆԱՏՕ-ն գալու է Հայաստան, կարգավորելու հայ-ադրբեջանական հակամարտությունը, նշանակում է՝ արդեն կայացել է Վաշինգտոն-Մոսկվա մեծ պայմանավորվածությունը Հայաստանի և Արցախի վերաբերյալ, ըստ որի՝ ռուսներն այստեղից լրիվ հեռանում են, իրենց տեղը զիջելով Արևմուտքին, ՆԱՏՕ-ին։
Այս վարկածը տրամաբանական է երկու պատճառով։ ՆԱՏՕ-ի Հայաստան գալու մասին ազդարարող ռուս պաշտոնյաները բարձրաստիճան սպաներ են, նրանց ուսադիրները հիմք չեն տալիս կասկածելու, թե նրանք լակոտավարի կարող են ստել։ Մյուս կողմից՝ իրոք նկատելի են Արևմուտքի ջանքերը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը կառավարելու առումով։ Խաղաղության պայմանագրի երաշխավորի մասին խոսույթը ևս նորություն չէ։ Եվ երաշխավորը պետք է լինի միջազգային հեղինակություն վայելող հզոր ուժ, որը կարող է կանխել պատերազմի վերսկսումը։ Եթե ռուսները ճիշտ են ասում, ապա խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին, այլև Արցախում կարող են տեղակայվել ՄԱԿ խաղաղապահ ուժեր, որոնց հիմնական առաքելությունը լինելու է Արցախի բնակչության անվտանգության ապահովումը, մինչև կորոշվեն Արցախի ինքնավարության աստիճանն ու սահմանները։
Արցախի վերաբերյալ ենթադրությունը ևս անհիմն չէ։ Արևմտյան մի շարք պաշտոնյաներ են ակնարկել, որ Արցախի հարցը դեռ բաց է։ Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պայմանագրի ուժ չունի։ Կողմերից ոչ մեկը չի կարող դիմել միջազգային ատյան պայմանագրի խախտման հիմքով։ Արցախի հայաթափումը ևս դատապարտել են բազմաթիվ երկրներ և բարձրացրել արցախցիների վերադարձն ապահովելու հարցը։ Եվ ՆԱՏՕ-ն կարող է ապահովել ոչ միայն հայ-ադրբեջանական խաղաղությունը, այլև ուղեկցել արցախցիներին դեպի Արցախ, Արցախի ինքնավարության հարցը կրկին բերելով միջազգային օրակարգ ու հասնելով հայանպաստ արդյունքի՝ Արցախի ազատագրմանը։
Եթե ռուս սպաները ՆԱՏՕ-ի գալու մասին չեն ստում, նշանակում է ռուսները բացեիբաց գցում են ադրբեջանցիներին։ Ավետելով, որ շուտով այստեղ են գալու ՄԱԿ խաղաղապահներն ու ՆԱՏՕ-ն, ռուս սպաները կամա, թե ակամա իրազեկում են, որ ՌԴ-ն առաջիկայում հրաժարվելու է Հարավային Կովկասում իներցիոն ազդեցությունից, շուտով կապիտուլյացիա է ստորագրելու, իսկ Բորտնիկովը նախապատրաստելու և ապահովելու է ՆԱՏՕ-ի մուտքը Հայաստան։
Թաթուլ Մկրտչյան