Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականից հետո ՔՊ-ում արդարադատության նոր նախարարի թեկնածուի ակտիվ փնտրտուքների մեջ են։
Մի քանի օր է մամուլում շրջանառվում են ՔՊ-ական պատգամավորներ Արփի Դավոյանի, Վլադիմիր Վարդանյանի, Հերիքնազ Տիգրանյանի և Արուսյակ Ջուլհակյանի անունները։
Այս ցուցակին այսօր ավելացավ նաև ՔՊ մեկ այլ կարկառուն ներկայացուցչի՝ Սիսակ Գաբրիելյանի անունը։
Ըստ մամուլում տարածվող լուրերի՝ Վլադիմիր Վարդանյանն ու Հերիքնազ Տիգրանյանը հրաժարվել են իրենց առաջարկվող նոր պաշտոնից։ Արուսյակ Ջուլհակյանը, ըստ մամուլի, նույնպես չի ողջունել իր նախարար դառնալը։
Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար փորձեց կապ հաստատել ՔՊ-ականների հետ, որոնց անունները շրջանառվում են որպես արդարադատության հաջորդ նախարարի թեկնածու։
Oragir.News-ի հետ զրույցում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ իր պատասխանն արդեն հայտնի է․
«Ես մնում եմ Ազգային ժողովում»,- ասաց նա։
Դիտարկմանը՝ իրեն առաջարկվել է, բայց ինքը մերժե՞լ է, Վարդանյանը չպատասխանեց։
Oragir.News-ը կապ հաստատեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ։
«Այո, իմ թեկնածությունն առաջադրվել է, բայց ես հրաժարվել եմ, քանի որ ես ինձ ԱԺ-ում եմ տեսնում»,- ասաց նա։
Դիտարկմանն՝ ինչու է ՔՊ-ն առաջադրել հենց իր թեկնածությունը, Տիգրանյանը նկատեց․
«Եթե ասեմ՝ ինչ արժանիքների համար, կնմանվի գովեստի, բայց ուրեմն տեսել են ինչ-որ արժանիք, որ առաջադրել են, ինչի համար շատ շնորհակալ եմ իրենց։
Եթե նայեք իմ կենսագրությունը, պարզ կլինի, որ ես դատաիրավական բարեփոխումների և ընդանրապես՝ իրավաբանության ոլորտի հետ սերտորեն առնչված եմ եղել իմ նախկին աշխատանքների բերումներով»,- նշեց նա։
Oragir.News-ը փորձեց կապ հաստատել նաև Արփի Դավոյանի, Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի հետ։ Սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։
Հարկ է նշել, որ արդարադատության նոր նախարարի ՔՊ 5 ֆավորիտ թեկնածուներից երեքը՝ Վլադիմիր Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանն ու Արուսյակ Ջուլհակյանն են, որևէ կերպ առնչվում են իրավաբանության հետ։
Հաշվի առնելով, որ ՔՊ-ականները հրաժարվում են արդարադատության նախարար դառնալու առաջարկից, կարելի է ենթադրել, որ ՔՊ-ականները խուսափում են Նիկոլ Փաշինյանից և ավելի հարմարավետ են զգում նրանից որոշ հեռավորության վրա։