Ուղիղ եթեր
Ցորեն չենք ցանում, որ պարենային շանտաժով Հայաստանին ճնշե՞ն
copy image url

Ցորեն չենք ցանում, որ պարենային շանտաժով Հայաստանին ճնշե՞ն

Ներքին 6 ամիս առաջ - 10:00 28-09-2024
ՀՀ պարենային անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է։ Այնտեղից է Հայաստան ներկրվում ցորենի 90 տոկոսը։ Պատկերավոր ասած՝ ռուսի հացն ենք ուտում։ 2022-ից հետո ՀՀ-ն ևս շատ բան է արել ռուս ժողովրդին պարենով ապահովելու համար, քանի որ ուկրաինա-ռուսական պատերազմի և ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով այս երկիրը պարենային լուրջ խնդիրների է բախվում։ ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության վերջին տարիների աճը զգալի չափով պայմանավորված է ՀՀ-ից ՌԴ մեծ քանակությամբ սնունդ մատակարարելով։ Այսինքն՝ հայ-ռուսական պարենային համագործակցույթունը գտնվում է բարձր մակարդակում։ Դրանից ֆինանսապես մեծ շահույթներ են ստանում գործարարներն ու իշխանությունները։ Սով չկա, ժողովուրդները հացի կարոտ չեն։

Առաջին հայացքից, կարծես՝ ամեն ինչ լավ է։ Բայց ցորենի ինքնաբավության մակարդակը պարենային անվտանգության կարևոր բաղադրիչ է։ Մինչև 44-օրյա պատերազմը Արցախը մեծ քանակությամբ ցորեն էր արտադրում, լրացնում ՀՀ պաշարները։ ՀՀ-ում ցորենի ինքնաբավության մակարդակը 2015-ին 49,5 տոկոս էր, 2019-ին այն կազմել էր 25,9 տոկոս։ Այսինքն՝ ՔՊ-ական իշխանությունները պարենային խնդիրներն արհամարհել են նախքան պատերազմը։

Կորոնավիրուսի համաճարակից ու Արցախի բռնազավթումից հետո որոշ քայլեր արել են ցորենի արտադրությունն ավելացնելու ուղղությամբ։ 2021-ին ՌԴ-ից ներկրվեց մեծ քանակությամբ ցորենի սերմացու, որը էժան, սուբսիդավորված գնով վաճառում էին գյուղացիներին։ Այս սերմն, ըստ ցորեն մշակողների վկայությունների՝ անորակ էր, ցածր բերքատվություն ուներ։ Սակայն իշխանությունները մարդկանց ստիպում էին գնել էժան ու անորակ ցորենի սերմացուն ու ցանել։ Իսկ 2023-ին կառավարությունը դադարեցրեց աշնանացան ցորենի սերմի գնի սուբսիդավորումը, քանի որ այն շատ ցածր բերքատվություն ուներ։

Սեպտեմբերի 27-ին, Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն, անդրադառնալով պետության կողմից աշնանացան ցորենի սերմերի գնի սուբսիդավորման դադարեցմանը, պարզաբանեց. «Հաշվարկներ ենք անում և իրականացնում ենք տնտեսապես նպատակահարմար ծրագրերը: ՀՀ-ում ցորենի արտադրությունը տնտեսապես «ձեռք չտվող» գործընթաց է: Օրինակ՝ 1 հեկտար ջրովի տարածքից ստացվում է 400 հազար դրամի ցորեն, այնինչ ծախսվում է 420 հազար դրամ»։ Նա չասաց, որ թանկ գնով ՌԴ-ից գնել են անորակ սերմ, և այդ պատճառով է ցորեն արտադրելը դարձել ոչ շահավետ։

Նախարար Պապոյանի ներկայացրած պարզաբանումից մակերեսային տպավորություն ստեղծվեց, թե ՔՊ-ական իշխանությունները մտածում են միայն այսրոպեական շահի մասին, առևտրային հետաքրքրությունները վեր են դասում ազգային շահերից, արհամարհում պարենային անվտանգության ռիսկերը։ Իրականում՝ նրանք պարզապես ժողովրդից թաքցնում են ճշմարտությունը, կարևոր մի հանգամանք, որ փտած սերմացու են պարտադրել գյուղացիներին։ Հետո ցորենի արտադրությունը կրճատել են, պարենային անվտագնության տեսանկյունից հակապետական ու ռիսկային քայլերի գնացել ոչ թե տնտեսական հաշվարկներից ելնելով, այլ Մոսկվայի թելադրանքով։ Ներկայում էլ նրանք շարունակում են ավելի շատ ցորեն գնել ՌԴ-ից՝ պայմանավորվածություններից ելնելով, ոչ թե նպատահարմարությունը, շահավետությունը կամ ռիսկերը հաշվի առնելով։

Հետադարձ հայացքով դիտելիս, կարող ենք նկատել, որ ՔՊ-ական իշխանությունները Մոսկվայի հետ ձեռք ձեռքի նպատակաուղղված ու հետևողական քայլերով զրոյացնում ցորենի ինքնաբավության մակարդակը, խորացնելով Հայաստանի պարենային կախումը ՌԴ-ից, ստեղծելով պարենային անվտանգային ռիսկեր։ Ու եթե վաղը ռուս-թուրք-ադրբեջանական չբարեկամները ուզենան ինչ-որ բան ստիպել ՀՀ-ին, օրինակ՝ միջանցք, ապա կարող են սովի շանտաժի ենթարկել ու պոկել իրենց ուզածը։ Այս վտանգը ռեալ է։ Եվ այդ մասին արդեն կանխատեսումներ են անում որոշ վերլուծական կենտրոններ։

ՀՀ-ն ՌԴ ոչ բարեկամ երկրների շարքում է այս տարվա մարտից։ Շարունակվող ուկրաինա-ռուսական պատերազմը, ՀՀ-ի դեմ ռուս-ադրբեջանական ագրեսիայի վտանգը, ՀՀ-ի արտաքին քաղաքական վեկտորի հնարավոր փոփոխությունը, նոր համաճարակների ռիսկը, նման այլ մարտահրավերները հաշվի առնող ՀՀ պաշտոնյան պետք է աշխատեր բարձրացնել ցորենի ինքնաբավության մակարդակը։ Այսինքն՝ ՀՀ-ում քաղաքականություն որոշողը պետք է գտնի ձևեր, որ ընդլայնի ցորենի արտադրությունը, որ նման ճգնաժամային իրավիճակներում սովը կամ սովի սպառնալիքը պատճառ չդառնա ապազգային, դավաճանական որոշումների։ Այնինչ՝ ՔՊ-ն անում է լրիվ հակառակը։

Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ աշակերտների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով «Որտեղ հաց, այնտեղ կաց» ասացվածքին, ասել էր՝ «ՀՀ-ն պետք է դարձնենք այն տեղը, որտեղ կա հաց»։ Եթե Փաշինյանն անկեղծ լիներ, ապա դպրոցականներին պիտի ասեր․ որ ՀՀ այն երկիրն է, որտեղ ցորեն չենք ցանում, ցորենը ներկրում ենք ոչ բարեկամ ՌԴ-ից, որ օգնենք նրան հաղթահարելու միջազգային պատժամիջոցները, պատերազմի դժվարությունները։ Իսկ մեզ համար ստեղծում ենք պարենային անվտանգային ռիսկեր, թուլացնում մեր դիմակայունությունը առկա և կանխատեսվող մարտահրավերներին հանդիման։

Պարզ ասած՝ ՔՊ-ական պաշտոնյաները շարունակում են թաքցնել ճշմարտությունը ժողովրդից, արհամարհել անվտանգային ռիսկերը, աջակցել Մոսկվային, որոշ չափով հետաձգելով Ռուսաստանի կանխատեսելի պարտությունը, որից հետո ՀՀ-ն հայտնվելու է տնտեսական կոլապսի մեջ, ինչպես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 1990-ական առաջին տարիներին։ Այս ռեալ ռիսկերը գնահատելով, իշխանությունները պարտավոր են վերանայել ցորենի արտադրության մասին իրենց մոտեցումները, մեծացնել ցանքատարություններն ու ցորեն ցանողներին նպատակաուղղված աջակցության ծրագրեր իրականացնել։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
16:25 Սարսափ, ապոկալիպսիս, Ահեղ դատաստան․ ի՞նչ է ասում «Պապերի մարգարեությունը»` Հռոմի 112-րդ պապի մահվան մասին
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
10:57 Այս գիշեր ահավոր ա եղել, ավելի շատ են կրակել, հայհոյանքներ են հնչեցրել հովիվների հասցեին․ Խնածախի բնակիչ
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն
08:35 Ապրիլի 22-ին, 23-ին և 25-ին գազ չի լինի տասնյակ հասցեներում