Ուղիղ եթեր
Ցուրտ ու քաղցած ձմեռներ․ հանուն ինչի պետք է զրկանքներ կրի Հայաստանը
copy image url

Ցուրտ ու քաղցած ձմեռներ․ հանուն ինչի պետք է զրկանքներ կրի Հայաստանը

Ներքին Արտաքին Միտք 6 ամիս առաջ - 17:00 27-09-2024

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի Հանրապետության շուրջ օղակը գնալով սեղմվում է, ինչի մասին են վկայում թե՛ Մոսկվայից, թե՛ Վաշինգտոնից հնչող հայտարարությունները։ Վերջերս ԵԱՀԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ նախկին դեսպան Դեն Բաերն ասել էր, որ հայերը պետք է պատրատ լինեն ցուրտ ձմեռներին դիմանալուն, իսկ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան ԱԽՔ Արմեն Գրիգորյանին հարկ էր համարել հիշեցնել, որ Հայաստան տարբեր նպատակներով մատակարարվող հացահատիկի 90 տոկոսը գալիս է Ռուսաստանից՝ ակնարկելով, որ անհրաժեշտության դեպքում ՌԴ-ն կարող է դադարեցնել այս մատակարարումները, որից մի քանի օր հետո Հայաստանում սով կսկսվի։

Հայաստանում արևմտամետ և ռուսամետ քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները այս հայտարարությունները մեկնաբանում են բացառապես իրենց համար նախընտրելի համատեքստում։ Մասնավորապես արևմտամետները հանրությանը փորձում են վստահեցնել, որ Հայաստանի Հանրապետությունը շարժվում է դեպի Եվրոպա, ու մեր հանրությունը եվրոպական լուսավոր ապագայի համար պետք է նաև որոշակի զրկանքներ կրի, իսկ ՌԴ-ն չի կարողնում այս ամենը հանդուժել, մինչդեռ ռուսամետ շրջանակներն էլ այս ամենը պայմանավորում են Նիկոլ Փաշինյանի վարած թվացյալ հակառուսական քաղաքականությամբ՝ հանրությանը վստահեցնելով, որ դրա հետևանքով հանրությունը ստիպված է լինելու չարդարացված զրկանքներ կրել։

Հանրության շրջանում եվրոպական ապագայի և ԵՄ-ին անդամակցելու սին հույսեր են գեներացնում նաև այսպես կոչված «Եվրաքվե» նախաձեռնության հեղինակները՝ փորձելով մարդկանց համոզել, որ եթե Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացվի և այդ հանրաքվեն դրական արդյունք ունենա, ապա ՀՀ-ն կարող է անդամակցել Եվրոպական միությանը։ Հանրության շրջանում գեներացվող այս ակնկալիքների վրա վերջերս սառը ջուր էր լցրել ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն՝ նշելով, որ վիզաների ազատականացման հարցով Հայաստանի և Եվրամիության միջև ընթացող բանակցությունները որևէ կապ չունեն անդամության թեկնածության հնարավորությունների հետ։

Հանրության գիտակից հատվածի մոտ հարց է առաջանում, թե ինչի դիմաց Հայաստանի Հանրապետությունը, որը վերջին տարիներին պատերազմներից աչք չի բացում, պետք է նորանոր զրկանքներ կրի, մարդկային, ինչպես նաև տարածքային կորուստներ ունենա։ Այսօր աշխարհում բազմաթիվ հակամարտություններ են ընթանում, որոնցում սակայն հստակ է, թե ինչի համար են պայքարում ու զրկանքներ կրում դրանցում ներգրավված երկրներն ու ժողովուրդները․

Ուկրաինայի դեպքում պատկերն առավել քան պարզ է․ այս երկիրը վայելում է Արևմուտքի լիկատար աջակցությունը, կենաց-մահու պայքար է մղում իր եվրոպական ապագայի համար՝ հստակ երաշխիքներ ունենալով, որ իր տեղը ԵՄ-ում և ՆԱՏՕ-ում է, ինչի համար առանցքային նշանակություն ունի երկրի տարածքային ամբողջականությունն ինչ-որ տարբերակով վերականգնելը։ Իսլամական աշխարհի ազդեցիկ դերակատարների աջակցությունը վայելող Գազայի ժողովուրդը նույնպես զրկանքներ ու տառապանքներ է կրում՝ պայքարելով անկախ պետություն ունենալու իր իրավունքի համար՝ 1967 թվականի սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով։

Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա մեր երկրին աշխարհաքաղաքական դերակատարներից և ոչ մեկը հստակ երաշխիքներ չի տալիս, թե այդ զրկանքները կրելուց հետո հայկական կողմն ինչ է ստանալու։ Վաշինգտոնից միայն զգուշացնում են, որ Հայաստանը ՌԴ-ից ունեցած կախվածությունը նվազեցնելու դիմաց բախվելու է ցուրտ ձմեռներ անցկացնելու վտանգի հետ՝ ակնարկելով, որ հնարավոր սրացումների պարագայում Մոսկվան կդադարեցնի էներգակիրների մատակարարումը կամ դրանք կմատկարարի այն արժեքով, որոնցով եվրոպական երկրներին է մատակարարում, ինչը Հայաստանում պարզապես տնտեսական կոլապս կառաջացնի։ Նշենք նաև, որ ցանկության պարագայում արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ-ն կարող է այնպես անել, որ Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց դուրս գալու պարագայում ցուրտ ձմեռներ չանցկացնի։

Հաշվարկներ կան, որ տարեկան մի քանի միլիարդ դոլարի աջակցությունը Հայաստանին կարող է օգնել խուսափել ցուրտ ձմեռներից։ Վաշինգտոնը կարող է աջակցել Հայաստանը թուրքմենական և ուզբեկական վառելիք ստանա Բաքու-Ջեյհան նավթամուղով, ինչպես նաև ստիպել Թուրիքային և Ադրբեջանին, որպեսզի վերջիններս Հայաստանին ոչ թե կապիտուլյացիա պարտադրեն, այլ քիչ թե շատ արժանապատիվ պայմաններով խաղաղության պայմանագիր ստորագրեն, ինչից հետո ՀՀ-ն հիշյալ երկրների հետ տնտեսական հարաբերություններ կհաստատի և զգալիորեն կմեղմի ռուսական պատժիչ գործողությունների հետևանքները։ Նկատենք, որ ՀՀ-ն առ այսօր արևմուտքից նման երաշխիքներ չի ստացել, և վերջինս սահմանափակվել է բացառապես ռուսական ազդեցության գոտուց դուրս գալու հնարավոր հետևանքների մասին զգուշացնելով։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա վերջինս նույնպես Հայաստանին հստակ անվտանգային երաշխիքներ չի տալիս, որ օրինակ իր տարածքի նկատմամբ ադրբեջանական հաջորդ ագրեսիաների դեպքում կկատարի իր դաշնակցային պարտավորությունները կամ օրինակ դիվանագիտական և քաղաքական ճանապարհով թույլ չի տա, որ Բաքուն էսկալացիայի գնա։ Ռուսաստանը լավագույնս օգտվում է ստեղծված իրավիճակից, պարբերաբար մեղադրում հայկական կողմին անվստահելի դաշնակից լինելու մեջ՝ սեփական դաշնակցային պարտավորությունների չկատարման մեղքը բարդելով հենց Հայաստանի վրա։ Պետք է արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով Մոսկվային տվել է նման կերպ գործելու բոլոր անհրաժեշտ փաստարկները, իսկ դրա արդյունքում ոչ միայն չի թուլացրել ՌԴ-ից ունեցած կախվածությունը, այլև ավելի է մեծացրել այն։

Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է չափազանց բարդ և վտանգավոր մի իրավիճակում, որում ցանկացած պահի կարող է բախվել անվտանգային ու սոցիալ-տնտեսական մարտահրավերների՝ չունենալով դաշնակիցներ, որոնց տրամադրած աջակցության կամ գոնե երաշխիքների շնորհիվ կկարաղանա հաղթահարել այդ մարտահրավերները։ Նման աղետալի սցենարներից խուսափելու լավագույն ճանապարհը կլիներ բալանսավորված արտաքին քաղաքականություն վարելը, ինչի անհրաժեշտության մասին վերջերս խոսում են նաև Հայաստանի իշխանությունները, թեպետ նախորդ տարիներին ապացուցել են, որ ի զորու չեն նման քաղաքականություն իրականացնել։

Հայաստանում սպասվող իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները պետք է գերճկուն արտաքին քաղաքականություն վարեն և փորձեն հավասար հեռավորություն ու փոխգործակցություն պահպանել բոլոր բևեռների հետ՝ այդպիսով երկարաժամկետ կայունություն և խաղաղություն երաշխավորելով Հայաստանի ու հայ ժողովրդի համար։ Ժամանակին նման քաղաքականության անհրաժեշտությունն ընդունում էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում որոք ՀՀ-ն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, իսկ ավելի ուշ համագործակցության շրջանակային համաձայնագիր ստորագրեց Եվրոպական միության հետ, սակայն 2018-ի իշխանափոխությունից հետո այս համաձայնագրի իրագործման տեմպերը կտրուկ դանդաղեցին։

Դավիթ Գույումջյան



Ամենից շատ դիտված

23:27 Աշոտիկը «տաշի» է գոռում, Փաշինյանի դուստրն ու աներձագը՝ պարը վայելում. ինչպես է անցնում Լևոն Մկրտչյանի հարսանիքը
21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:38 Որոշեցի, որ այլևս չեմ կարող ապրել․ Մարգարիտա Սիմոնյանի խոստովանությունը
22:57 Տավուշում 155 ուսուցչի ազատել են աշխատանքից, հիմա ուսուցիչներ են որոնում. Ոսկան Սարգսյան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:49 Գյումրիում ազգային երգ ու պարով են նշել Հիսուս Քրիստոսի Հարության տոնը
14:00 Աննա Հակոբյանը քանդո՞ւմ է «հաջողակ» ընտանիքները․ հետաքրքիր գնացուցակի հետքերով
17:25 Սա ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով 1-ին հաղթանակն է. փաստաբանը՝ Սոնա Աղեկյանի գործով վճռի մասին
20:45 Պամֆլետ. Ավինյանի փորձը՝ սակուրաշինություն, ԱՆԻՖաշինություն, քովիդաշինություն, համբալաշինություն