Արևմուտքի՝ Հայաստանի վերաբերյալ խոսույթը կապ չունի Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ։ Այն օբյեկտիվ է, բխում է բացառապես ԱՄՆ-ի և գլոբալ անվտանգության շահերից։
Օրեր առաջ ԱՄՆ փոխնախագահ, ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը շնորհավորեց հայ ժողովրդին Անկախության օրվա՝ Սեպտեմբերի 21-ի, առթիվ։ Շնորհավորական ուղերձում ուշագրավ շեշտադրում կար Արցախի վերաբերյալ։ «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տներն անվտանգ վերադառնալու իրավունքը չափազանց կարևոր է հայ ժողովրդի արժանապատվությունը և տարածաշրջանում կայունությունը վերականգնելու տեսանկյունից», ասել է նա իր ուղերձում։
Նկատենք, որ Հարիսի գնահատականը չի համընկնում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման հետ։ Վերջինիս չի հետաքրքրում հայ ժողովրդի արժանապատվությունը։ Նա փորձում է փակել Արցախի էջը, պոզիտիվ խոսույթ է զարգացնում ՄԱԿ-ի ամբիոնից, Արցախ վերադարձի հարցը ոչ իրատեսական համարում։ Իսկ ԱՄՆ փոխնախագահ, ԱՄՆ նախագահի թեկնածու Հարիսն այլ բան է ասում։
Ոչ պակաս ուշագրավ են օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի կազմակերպած լսումները Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանության համատեքստում: Այս լսումներին մասնակցել է նաև Արցախի վերջին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, որն ԱՄՆ-ից վերադառնալուց հետո նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանի հետ համատեղ հայց են ներկայացրել Միջազգային քրեական դատարան, պահանջելով դատապարտել Ադրբեջանի կատարած հանցագործությունները Լեռնային Ղարաբաղում, Արցախի շրջափակումն ու արցախահայերի բռնի տեղահանումը որակելով մարդկության դեմ հանցագործություն։ Հաշվի առնելով այն, որ այս նախաձեռնությունը տեղի է ունեցել ԱՄՆ-ից վերադառնալուց հետո, ապա կարելի է ենթադրել, որ այն կատարվել է ԱՄՆ հորդորով։ Ի դեպ՝ լսումների ժամանակ ևս ամերիկացի գործիչները կարևոր են համարել արցախահայերի վերադարձի հարցը տարածաշրջանային կայունության համատեքստում։ Այսինքն՝ արտահայտել են դիրքորոշում, որ ԱՄՆ-ն պետք է պաշտպանի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։ Եվ այս առումով՝ Հարիսի դիրքորոշումը համահունչ է լսումների ժամանակ հնչած գնահատականներին։
Այսպիսով՝ ակնհայտ է ԱՄՆ-ի հետաքրքրությունը Արցախի հարցի, մասնավորապես՝ արցախահայերի վերադարձի իրավունքի վերաբերյալ։ Նշանակում է, որ Արցախ վերադարձը կարող է ստացվել, նույնիսկ այն պարագայում, երբ դրան այսօր դեմ են ՀՀ իշխանությունները։ Այսինքն՝ Արցախի հարցը միայն հայ ժողովրդի հետաքրքրության ծիրում չէ։ Այն տարածաշրջանային կայունության անհրաժեշտ բաղադրիչ է, և համարժեք ու արդար լուծում է պահանջում, որին հետամուտ են ոչ միայն Ֆրանսիան, ԵՄ-ն, այլև արդեն ԱՄՆ-ն, ի դեմս ԱՄՆ փոխնախագահ, ԱՄՆ նախագահի թեկնածու Հարիսի։
Այս պատկերը նաև գլոբալ փոփոխություններով է պայմանավորված։ ՄԱԿ-ի ընթացիկ նստաշրջանում ընդունված Ապագայի պակտի հիմքով աշխարհակարգի նոր կանոններ են սահմանվելու առաջիկայում։ Վերանայվելու է նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը։ Գլոբալ անվտանգությանն ու աշխարհակարգին առնչվող հարցերը լուծվելու են քվեարկությամբ, որտեղ Ռուսաստանը, Չինաստանը փոքրամասնություն են կազմելու, նրանց վետոյի իրավունքը սահմանափակվելու է։ Դրանից հետո Մոսկվան ու նրա դաշնակիցները մեր տարածաշրջանում չեն կարողանա հակաքաղաքակրթական վերաձևումներ անել, ինչպես կարողացան 2020-ի 44-օրյա պատերազմի, դրանից հետո ՀՀ-ի դեմ հիբրիդային ագրեսիաների, Արցախի շրջափակման ու հայաթափման արդյունքում։ Այս գործողություններն իրավական առումով՝ հանցագործություն են մարդկության դեմ։ Իսկ գլոբալ անվտանգության առումով՝ լրջորեն խախտվել է տարածաշրջանային կայունությունը, ստեղծելով միջազգային անվտանգային խնդիրներ։
Ակնկալվում է, որ ԱՄՆ-ն, ԵՄ-ն և ժողովրդավարական երկրները տարածաշրջանային կայունություն և միջազգային անվտանգություն ապահովելու համար առաջիկայում խոսքից կանցնեն գործի։ Եվ եթե ՀՀ վաղվա իշխանությունը գլոբալ զարգացումներին ու հետաքրքրություններին համահունչ քաղաքական ուղեգիծ վարի, իսկ ԱՄՆ ընտրություններում նախագահ ընտրվի Հարիսը, ապա չի բացառվում, որ ոչ միայն կչեզոքացվի տարեվերջին կանխատեսվող ռուս-ադրբեջանական ագրեսիան Հայաստանի դեմ, այլև մոտ ապագայում Արցախը կրկին կազատագրվի, ու ոչ միայն հայ ժողովրդի արժանապատվությունն ու իրավունքները կվերականգնվեն, այլև տարածաշրջանում իրավիճակը կկայունանա։
Թաթուլ Մկրտչյան