Շուրջ 1 տարի ապօրինաբար ադրբեջանական բանտում պահվող Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը արձագանքել է իր մասին Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, համոզմունք հայտնել, որ յուրաքանչյուր մարդ ուրիշի գործողությունների մասին դատում է՝ նախևառաջ ելնելով իր կյանքի մոդելներից և սկզբունքներից: Փաշինյանն իր վերջին ասուլիսում անդրադարձել էր նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մասնավորապես Ռուբեն Վարդանյանի գերեվարմանը՝ հարց բարձրացնելով, թե ո՞վ էր նրան գործուղել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, ի՞նչ նպատակով ու երաշխիքներով, իսկ հետո էլ հայտարարել, որ վերջինիս հետ կապ չունի։
Վարդանյանն իրավմամբ նշել է, որ եթե Փաշինյանն իրեն հարցեր ուներ, ապա դրանք կարող էր տալ 2022-ի նոյեմբերին կայացած իրենց վերջին հանդիպման ժամանակ, երբ ինքը զբաղեցնում էր Արցախի պետնախարարի պաշտոնը։ Նա նաև հիշեցրել է, որ դեռևս 2018-ի իշխանափոխությունից հետո կայացած հանդիպման ժամանակ է Նիկոլ Փաշինյանին վստահեցրել, որ ինքը զբաղվում է բարեգործությամբ, քաղաքականությամբ զբաղվելու մտադրություն չունի, միակ բանը, որ կարող է փոխել իր մոտեցումը Արցախի ճակատագիրն է, իսկ 2020-ից հետո իր բոլոր գործողությունները թելադրված էին Արցախի ճակատագրով։
Ռուբեն Վարդանյանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ յուրաքանչյուրս կարող ենք տարբեր վերաբերմունք ունենալ, սակայն ներկայիս իրավիճակում վերջիններիս մեղադրելն առնվազն կոռեկտ չէ, քանի որ նրանք գտնվում են ադրբեջանական բանտերում ու չեն կարող հակադարձել իրենց ուղղված մեղադրանքներին։ Չնայած այս պարզ իրողությանը՝ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ապացուցել է, որ կարմիր գծեր չունի ու քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կարող է ցանկացած բան հայտարարել, իսկ հետո հերքել ինքն իրեն։
Ռուբեն Վարդանյանի պատասխանում տեղ գտած շեշտադրումները հերթական անգամ ի ցույց են դնում Ռուբեն Վարդանյան և Նիկոլ Փաշինյան քաղաքական գործիչների ու առհասարակ՝ երկու հայ մարդկանց միջև առկա ահռելի տարբերությունները․
Ադրբեջանական բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը, ում Փաշինյանի ասուլիսից հետո հարցաքննությունների են ենթարկել, չի վախեցել Արցախ բառն արտաբերելուց՝ շատ լավ գիտակցելով, որ դրա համար նա կարող է խոշտանգումների ենթարկվել, ինչպես նաև դրանից հետո մեծ հավանականությամբ ավելանալու է իր դեմ հարուցված շինծու քրեական գործերի քանակը՝ հետևաբար իր կալանքի ժամկետը։ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները 2020 թվականի աղետալի պատերազմից հետո առհասարակ սարսափում էին Արցախ բառն արտաբերելուց, քանի որ դա կարող էր զայրացնել Փաշինյանի երբեմնի կիրթ ու կառուցողական գործընկերոջը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հանրությունը լավ է հիշում, որ Արցախի հայաթափման օրերին Փաշինյանի մամուլի խոսնակն անգամ ներողություն խնդրեց Լեռնային Ղարաբաղի փոխարեն Արցախ բառն օգտագործելու համար, մինչդեռ 44-օրյա պատերազմից 1 տարի առաջ նույն Փաշինյանը Ստեփանակերտում ի լուր աշխարհի հայտարարում էր, որ Արցախը Հայաստան և վերջ, որով փաստացի արձակեց Ալիևի ձեռքերը՝ Արցախի դեմ պատերազմ սանձազերծելու համար։
2020 թվականի 44 օրյա աղետալի պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարության անդամներն այդպես էլ ոչ մի անգամ Արցախ չայցելեցին՝ փաստացի կատարելով Ադրբեջանի նախագահի պահանջը, և Փաշինայնի կաբինետը սահմանափակվում էր Արցախին բացառապես ֆինանսական աջակցություն տրամադրելով ու առանց խորշելու ամեն առիթով հիշեցնելով, որ Արցախին ամենամեծ ֆինանսական աջակցությունը հենց իրենց օրոք է հատկացվել։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, վերլուծական և քաղաքական շրջանակների պնդմամբ՝ բացառապես սեփական իշխանությունը պահպանելու նպատակով, Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ինչից 2 ամիս Ադրբեջանը շրջափակեց Լաչինի միջանցքը, որն ավելի ուշ հանգեցնելու էր Բաքվի հերթական ագրեսիային և Արցախի հայաթափմանը։
Ռուբեն Վարդանյանը, լինելով հաջողակ գործարար և ունենալով բարեկեցիկ կյանքով ապրելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները, Արցախին ու արցախցիներին ոչ միայն նյութական աջակցություն էր ցուցաբերում, այլև անձամբ տեղափոխվեց Արցախ ու այնտեղ մշտական բնակություն հաստատեց։ Ամիսներ անց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի պետական նախարարի պաշտոնում՝ փորձելով ինչ-որ կերպ նպաստել ստեղծված ծանր իրավիճակի հաղթահարմանը։
Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ Ռուբեն Վարդանյանը կառչած չմնաց իր պաշտոնից և 4 ամիս պաշտոնավարելուց հետո հրաժարական ներկայացրեց՝ կարծելով, որ իր հրաժարականից հետո Ադրբեջանը կդադարեցնի Արցախի շրջափակումը։ Արդեն հրաժարականից հետո Վարդանյանը մինչև վերջին օրը չհեռացավ Արցախից ու շարունակեց աջակցել լիակատար շրջափակման մեջ հայտնված իր հայրենակիցներին, չնայած այն բանին, որ Արցախից անվտանգ հեռանալու բազմաթիվ հնարավորություններ ուներ։ Սրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը հանուն իր ֆիզիկական անվտանգության 2020-ից հետո սոսնձվեց Հայաստանի վարչապետի պաշտոնին՝ շատ լավ գիտակցելով, որ իր պաշտոնավարման յուրաքանչյուր հաջորդ օրը ՀՀ-ի համար նորանոր աղետներ ու մարտահրավերներ է ստեղծում։
Նիկոլ Փաշինյանի և Ռուբեն Վարդանյանի տարբերությունները երկար կարող ենք թվարկել, այս երկու գործիչների գնահատականը լավագույնս կտան պատմությունը և հետագա սերունդները, իսկ հայ հանրությունը նախորդ 1 տարում վստահաբար իր հետևությունները կատարել է։ Ցանկանում ենք վերահաստատել՝ կտրականապես անընդունելի է սեփական քինախնդրությունից կամ նեղ խմբային շահերից ելնելով ադրբեջանական բանտերում ապօրինաբար պահվող գործիչներին թիրախավորելը և նման ճանապարհով վերջիններիս իրավիճակն էլ ավելի վատթարացնելը, ինչը ցավոք սրտի Հայաստանի ներկայիս վարչապետը պարբերաբար անում է։
Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև ադրբեջանական բանտերում ապօրինաբար պահվող բոլոր հայ ռազմագերիների ընտանիքի անդամներին ու հարազատներին զորակցություն ենք հայտնում՝ ակնկալիք հայտնելով, որ վերջիններս օր առաջ կհայրենադարձվեն և Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին անձամբ պատասխանելու հնարավորություն կունենան։
Դավիթ Գույումջյան