Երևանի պետական համալսարանի շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Իրար հաջորդելով, բուհում տեղի են ունենում անօրինություններ և միակողմանի որոշումներ։
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ Աստղիկ Ավետիսյանի «Փիար և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիրը, որն ակտիվ իրագործվել է 2011թ․-ից, բուհի ղեկավարությունը փակել է, նախապատվություն տալով ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ Նոնա Մելքոնյանի «Ռազմավարական հաղորդակցության» մագիստրոսական ծրագրին։
Oragir.News-ի հետ զրույցում ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, «Փիար և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ղեկավար Աստղիկ Ավետիսյանը նշեց, որ իր մագիստրոսական ծրագիրն ուներ դիմորդներ, սակայն 2 տարի է արհեստական պրոցես էր գնում, որպեսզի ծրագիրը փակվի։
«Դա կապ չունի դիմորդների լինել չլինելու հետ։ Բուհի ղեկավարությունը այսպիսի որոշում է կայացրել և չի հայտարարել ընդանրապես մագիստրոսական ծրագրի մասին։
Դա որևէ կերպ չի քննարկվել ո՛չ ամբիոնում, ո՛չ գիտխորհրդում, որոշում չեն կայացրել դասախոսները, և բնականաբար, սրա արդյունքում բազմաթիվ դասախոսներ, որոնք գիտությունների թեկնածու, դոցենտ են զրկվել են ժամերից։ Եվ այսօր մեր ֆակուլտետում գրեթե բոլորն ունեն կես դրույք դասախոսություններ կամ ընդանրապես չունեն դասախոսությունների ժամ, այլ ընդամենը վարում են գործնական դասաժամեր, որը կարծում եմ անթույլատրելի է»,- ասաց նա։
Ավետիսյանի խոսքով՝ 26 ուսանողներ դիմել են իր «Փիար և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրում ներգրավվելու համար։
«Ես շատերին գիտեմ, որ հիմա տարբեր բուհերում և տարբեր ֆակուլտետներում են իրենց ուսումը շարունակում, և դրան գումարած՝ մի քանի հոգի էլ ստիպված եղան դիմել մյուս մագիստրոսական ծրագրին, որի հետ կապված 4 տարի սովորել են, այսինքն՝ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում հիմա հեռուստալրագրությունն են անելու, դրան գումարած՝ շատերը Հանրային հեռուստաընկերության Մեդիա ակադեմիան են ավարտել։ Այսինքն՝ դառնում է ձևական մի բան, ընդամենը՝ դիպլոմ ստանալու համար, իսկ սա կարծում եմ՝ այդքան էլ արդյունավետ չէ։
Սոցիոլոգիայի ֆակուլտետում բացվում է Ռազմավարական հաղորդակցության մագիստրոսական ծրագիր, որն, ըստ իս՝ աբսուրդ է, որովհետև եթե արդեն կա Փիար մագիստրոսական ծրագիր և փիարի հիմքը ռազմավարական հաղորդակցությունն է, ինչպե՞ս կարող է երկրորդ մագիստրոսական ծրագիրը բացվել և դա հաստատում է ԿԳՄՍՆ-ն։
Նույնիսկ մասնագիտական քննարկման չի դրվել այս հարցը։ Եվ ամենակարևորը՝ ինչ կապ ունի ռազմավարական հաղորդակցությունը ուղղակի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հետ»,- մանրամասնեց Ավետիսյանը։
Հաշվի առնելով այն, որ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ «Ռազմավարական հաղորդակցության» մագիստրոսական ծրագրի ղեկավար Նոնա Մելքոնյանը մտերիմ հարաբերությունների մեջ է ԵՊՀ պրոռեկտոր Էլինա Ասրիյանի հետ՝
Oragir.News-ը Աստղիկ Ավետիսյանից հետաքրքրվեց, արդյոք այս հանգամանքը նպաստե՞լ է իր մագիստրոսական ծրագրի փակվելուն։
Ավետիսյանի դիտարկմամբ՝ չի փորձում այս հարցում միջանձնային խնդիր դնել, այլ ցանկանում է, որ խնդիրը լուծվի այն համակարգային սկզբունքերով, որոնք արձանագրված են։
«Ով ում հետ ընկերություն է անում, ավելի մտերիմ է՝ ինձ այդքան չի հետաքրքրում։ Այստեղ ակադեմիական միջավայրի ձևավորման և մասնագիտական դաշտի ներդաշնակեցման խնդիր կա։
Եվ ով ում հետ ինչ հարաբերություններ ունի և դրա պատճառով ինչ-որ բաներ են անում և ինչ-որ բաներ պետք է անեն, դա խոսում է ընդամենը այնպիսի մտածողության մասին, որը չի նպաստելու Երևանի պետական համալսարանի զարգացմանը։ Այստեղ մասնագիտական խնդիրն է շատ բարդացված, և ես կցանականայի, որ մենք մասնագիտական հարթակում միմյանց հետ բանավիճեինք, ոչ թե անձնական հարթակով։
Պետք է հաշվի առնեն, թե ծրագիրն ինչ արդյունավետություն կարող է տալ, որտեղ ինչն է պակասում, և պետք է խնդիրները լուծել հօգուտ բուհի, ոչ թե հաշվի առնելով ինչ-որ մարդկանց ծանոթ-բարեկամ-խնամի (ԽԾԲ) կապը, որոշել լուծել այս խնդիրը հօգուտ այն մեկի, որն իրենց բանակից է»,- եզրափակեց դոցենտը։
Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Նոնա Մելքոնյանից։ Սակայն մեզ չհաջողվեց կապ հաստատել նրա հետ։